Մատչելիության հղումներ

Հակահեղափոխությունը իշխանության միջին օղակում է. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան, 25-ը փետրվարի 2019 թ.

Հակահեղափոխականությունը իշխանության միջին օղակներում է, որոշ ոլորտներում այս դասակարգի չինովնիկներն են քաղաքացիներին անվստահությամբ լցնում գործող իշխանության հանդեպ: Վստահ է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Չինովնիկական մի խավ գոյություն ունի այսօր, որ դեռ պատրաստ չի ապրել նոր Հայաստանի արժեհամակարգին համապատասխան, և իրենք իրենց ներքին բնազդով սաբոտաժային քայլեր են կատարում, որպեսզի հասարակության մեջ սերմանեն անվստահություն նոր իշխանությունների նկատմամբ: Լրատվամիջոցներն էլ գրոհ են իրականցնում մեր դեմ այդ իմաստով, որպեսզի ստեղծեն մի մթնոլորտ, որտեղ նոր իշխանությունների գործողությունը ենթարկվի կասկածի, որպեսզի փորձեն հին իշխանություններին բերեն, որպես մեր երկրի ղեկավարություն», - ասաց Աղազարյանը։

Հակահեղափոխության թեման «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեկվա համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ չէր շրջանցել: Վերահաստատել է՝ քաղաքացուն օգնելու իրենց գործիքը քաղաքացուն սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ներշնչելն է: Իսկ ովքեր հակառակը կանեն և կկասկածեն, որ իշխանության են եկել շարքային քաղաքացիները, հակահեղափոխականներ են:

«Եվ փաստը էն ա, որ էսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանության է եկել շարքային քաղաքացին, և ով էս փաստը չի գիտակցում, այո, մենք նրան պետք է անվանենք հակահեղափոխական և պիտի մեր գաղափարներով էդ սին գաղափարախոսությունը ջախջախենք։ Ամեն մարդ, ով Հայաստանի քաղաքացուն ուզում է ներշնչի, որ ինքը ոչինչ է, այ էդ ասողը ոչինչ է, և մենք իրան գաղափարապես պետք է ոչնչացնենք հենց իրենց օլիգարխիական բներում», - նշեց վարչապետը։

Հովիկ Աղազարյանը խուսափեց մեկնաբանել, թե ովքեր են վարչապետի խոսքերի հասցեատերերը, իր կարծիքը պնդեց. - «Ես կարող եմ ասել, որ հարկային, մաքսային, դատական համակարգի շատ ու շատ աշխատողներ այդ երևույթի վրա են։ Ես ի նկատի ունեմ մինչև հեղափոխությունը, որ աշխատանքի են եղել, բոլորին հնարավոր չի փոխել․․․ Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի շարքային քաղաքացու մոտ անվստահություն սերմանվի»։

«Իմ քայլը» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը համամիտ է իր կուսակցի հետ, բայց բացառում է, որ ոստիկանության համակարգում գոյություն ունի նման բան:

Արմեն Խաչատրյանը մինչև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը համալրելը և պատգամավոր դառնալը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն էր․ - «Ես կարող եմ հստակ ասել Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության մասով սաբոտաժ չկա և չի էլ կարող լինել։ Անկախ այն հանգամանքից, թե կառավարող ուժը ով կլինի։ Իհարկե, իշխանության որոշակի պաշտոնական միջին օղակներում նկատվում են նման դեպքեր, նման փաստեր կան, ինչը ժամանակի ընթացքում կարծում եմ, որ կհարթվի և կուղղվի», - ասաց Արմեն Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ելույթում անդրադարձել էր նաև սուպերլիդերության համակարգին: Գործող իշխանության համար մերժելի է այս համակարգը, ասել էր վարչապետը: Սա օլիգարխիայի վերարտադրությանն է հանգեցնելու, փոփոխությունները միայն քաղաքացու որոշմամբ են իրականացվելու: Դրա վկայությունը հեղափոխությունն է:

«Մենք դա նկատի ուենինք, երբ որ ասում էինք, որ սուպերլիդերության ինստիտուտը պետք է վերանա։ Ի՞նչ նկատի ունեինք․․․ որովհետև լիդերին նայում էին էսպես, ասում էին, որ եթե մի բան անում է, ուրեմն ինքը գիտի, ինքը կանի, ինքը կգնա օլիգարխների հետ կպայմանավորվի, հյուսիսի, հարավի, արևմուտքի հետ բոլոր հարցերը կլուծի, վերջում կգա, կասի՝ ժողովուրդ ջան, ուղղակի ձևի համար եկեք մի հինգ րոպեով երևացեք, սաղ խոսացած, լուծած է: Մենք ասեցինք՝ եթե նույնիսկ դա տեսականորեն և գործնականորեն հնարավոր է, դա ընդամենը օլիգարխիայի վերարտադրություն է, որովհետև եթե քաղաքացին իրա խոսքը չասի, փոփոխություններ տեղի չեն ունենա», - նշեց Փաշինյանը։

Քաղաքացուն սեփական ուժերի նկատմամբ վստահություն ներշնչելով՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելուն չի կասկածում նաև ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը:

Ըստ նրա, անելիք ունեն նաև ոչ իշխանական ուժերն այս հարցում, իսկ կարևորը քաղաքական կամքն է․ - «Տնտեսական հեղափոխության կարևորագույն խթաններից մեկն ա, որ ես տեսնում եմ, որ կա քաղաքական կամք և քաղաքական կամքը լինելուց հետո, արդեն կամաց-կամաց... Գիտեք ինչ, հիմա մենք ինչ էլ որ անենք, շատ կարճ ժամանակում էդ տնտեսական հեղափոխության արդյունքները չենք զգա։ Ուղղակի պետք է հավատանք, վստահենք, և ամեն մեկը, սկսած շարքային քաղաքացուց, աշխատողից մինչև բարձրաստիճան պաշտոնյան պետք է հավատա, վաստահի իր ուժերին, և բոլորս միահամուռ ձևով փորձնենք էդ տնտեսական հեղափոխության արդյունքները տեսնել», - ասաց Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG