Մատչելիության հղումներ

Մոլդովայի ընտրությունների նախնական արդյունքով, առաջին տեղում ռուսամետ Իգոր Դոդոնի գլխավորած ուժն է


Մոլդովայի խորհրդարանական ընտրություններ, 24-ը փետրվարի 2019 թ.
Մոլդովայի խորհրդարանական ընտրություններ, 24-ը փետրվարի 2019 թ.

Քաղաքական ուժերից և ոչ մեկը, ըստ նախնական արդյունքների, չի ստացել ձայների վճռորոշ մեծամասնություը::

Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, առաջին տեղում ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած ուժն է՝ Սոցիալիստական կուսակցությունը, երկրորդ հորիզոնականում՝ 3 մանդատի տարբերությամբ, եվրոպամետ Acum ընդդիմադիր դաշինքը, որը քննադատում է ինչպես ռուսամետներին, այնպես էլ երրորդ տեղում հայտնված Դեմոկրատական կուսակցությանը։

Բրյուսելի հետ առավել խորը կապերի կողմնակից այս ուժը առաջնորդում է Մոլդովայի ամենահարուստ օլիգարխը՝ մեդիամագնատ Վլադիմիր Պլոխոտնյուկը, որը մինչ այդ վերահսկում էր ինչպես կառավարությունը, այնպես էլ խորհրդարանը:

Նվազագույն՝ վեց տոկոսի շեմը, կարողացել է հաղթահարել նաև ազատազրկման դատապարատված գործարար Իլան Շորի գխավորած «Շոր» կուսակցությունը:

Թեև առայժմ հստակ չէ, թե ինչպիսին կլինի խորհրդարանական մեծամասնությունը, որի շուրջ Ազգային ժողով անցած երեք քաղաքական կուսակցությունները և մեկ դաշինքը պետք է բանակցություններ նախաձեռնեն, այդուհանդերձ արդեն հստակ է, որ նոր օրենսդիր մարմինը կունենա եվրոպամետ կողմնորոշում. չորս ուժերից երեքը՝ բացի սոցիալիստներից, դեմ են Կրեմլի հետ առավել մերձեցմանը և խոսում են Բրյուսելի հետ կապերը խորացնելու անհրաժեշտության մասին:

Մեծամասնություն ձևավորելու համար պատգամավորներն ունեն ընդամենը մեկուկես ամիս: Եթե չհաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ապա նախագահը խորհրդարանը լուծարելու իրավունք է ստանում:

Խորհրդային Միության նախկին անդամ Մոլդովայում հերթական խորհրդարանական ընտրություններն անցել են երկրում հնչող մեղադրանքների ֆոնին, ըստ որոնց, Ռուսաստանը միջամտել է ներքաղաքական գործընթացներին: Մոլդովացիները` ռուսամետ թե արևմտամետ, խորհրդարան են ընտրում մի ժամանակահատվածում, երբ աննախադեպ լարված են Բրյուսելի և Քիշնևի հարաբերությունները:

Եվրոպայի արևելյան ծայրամասում գտնվող, 3,5 միլիոն բնակչությամբ այս աղքատ հանրապետությունը արդեն 10 տարի պաշտոնապես շարժվում է դեպի Եվրոպա՝ 2014 թվականին ստորագրելով Եվրամության հետ ասոցացման համաձայնագիրը, որը մի շարք տնտեսական և քաղաքական հնարավորություններ է ընձեռել այդ երկրին, ինչը կարող էր նոր էջ բացել Մոլդովայի նորագույն պատմության համար: Նույն այդ տարվա ընթացքում, սակայն, երկրում ծագեց աննախադեպ բանկային սկանդալ, որի հետևանքները հինգերորդ տարին է չեն վերացվում.

Մոլդովական բանկերից մեկից անհետացավ մեկ միլիարդ դոլար, ինչը հանգեցրեց ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ծանր ճգնաժամի: Հինգ տարի անց չի վերականգնվել գողացված գումարը, չեն պատժվել նաև սկանդալի գլխավոր մեղավորները: Այս իրադարձությունների պատճառով Բրյուսելը դադարեցրել է Մոլդովայի արդարադատական համակարգի բարեփոխման համար հատկացված ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև տնտեսության միկրոֆինանսավորումը:

Արևմտյան մամուլն այդ երկրի մասին խոսելիս հաճախ օգտագործում է «զավթած պետություն» տերմինը, որը շրջանառության մեջ է դրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, իսկ Եվրախորհրդարանի բանաձևերից մեկում Մոլդովան ներկայացվում է որպես «օլիգարխների շահերի պատանդը դարձած պետություն»: Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ Մոլդովայի վրա, սակայն, անհերքելի է Մոսկվայի հզոր ազդեցությունը: Մոլդովայի բնակչության մեկ հինգերորդի համար ռուսերենը համարվում է մայրենի լեզու, երկրով մեկ հեռարձակվում են ռուսալեզու հեռուստաալիքներ:

Ռուսաստանը բազմիցս իր ազդեցությունը օգտագործելու պատրաստակամություն է դրսևորել: Օրինակ, վերջերս, դեռևս ժամանակավոր, չեղարկել է մոլդովական գինու ներկրման արգելքը, որը սահմանել էր Քիշնևի և Բրյուսելի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո:

Նախընտրական քարոզարշավի օրերին Ռուսաստանը նաև համաներում շնորհեց Մոլդովայի այն բնակիչներին, ովքեր ապօրինի բնակվում և աշխատում են Ռուսաստանում․ նրանց հնարավորություն է տրվել առանց խոչընդոտների վերադառնալ հայրենիք և մասնակցել ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG