Մատչելիության հղումներ

Հանոյում կհանդիպեն Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը


Վիետնամը պատրաստվում է Թրամփ - Կիմ հանդիպմանը: Հանոյ, 25 փետրվարի, 2019թ.
Վիետնամը պատրաստվում է Թրամփ - Կիմ հանդիպմանը: Հանոյ, 25 փետրվարի, 2019թ.

Փետրվարի 27-28-ը Վիետնամում պետք տեղի ունենա Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը:

Արյունալի պատերազմով հղի տասնամյակների թշնամության մեջ ներքաշված երկու պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսին Սինգապուրում:

Այդ հիրավի պատմական հանդիպման ընթացքում Թրամփը և Կիմը պայմանավորվել են աստիճանանբար բարելավել հարաբերությունները և ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին:

Սինգապուրյան հանդիպումից ընդամենը շաբաթներ առաջ Վաշինգtոնը և Փհենյանը միմյանց հասցեին վիրավորական և հեգնական հայտարարություններ և ուժի դիմելու սպառնալիքներ են հնչեցրել:

Մինչդեռ այսօր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում վիետնամական, հյուսիսկորեական և ամերիկյան անվտանգության ծառայությունների գործակալները վերջին ստուգումներն են անցկացնում:

«Հանրային տրանսպորտին և անվտանգության կառույցներին փոխանցվել է հանդիպմանը նախապատրաստվելու և պատշաճ եղանակով գագաթնաժողովի անտանգությունն ապահովելու կարգադրություն», - ասել է Վիետնամի փոխարտգործնախարար Լե Հո Տրոնգը:

Նրա փոխանցմամբ, անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել նաև միջազգային մեդիա կենտրոնում, որտեղ նախատեսված է գագաթնաժողովի մասնակիցների մամլո ասուլիսը:

Թրամփը նշում է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում պետք չէ շտապել և ավելի նպատակահարմար է թեպետ դանդաղ, բայց հաշվարկված քայլերով հասնել նպատակին:

«Մենք չենք շտապում, մենք ոչինչ չենք զիջել, պատժամիջոցները պահպանվում են: Քանի դեռ չկան միջուկային փորձարկումներ՝ մենք գոհ ենք», - երեկ ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Իսկ Հյուսիսային Կորեայում մեծ հետաքրքրություն կա Հանոյում կայանալիք հանդիպման նկատմամբ: Փհենյանի բոլոր լրատվամիջոցները պատրաստվում են լուսաբանել Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի երկրորդ հանդիպումը:

«Ես երեկ իմացա, որ մեր լիդերը մեկնում է արտասահման՝ կարևոր հանդիպման ու թեպետ այսօր ոչ աշխատանքային օր է, հատուկ գնում եմ աշխատանքի, որ հիացմունքս հայտնեմ մեր լիդերին», - ասել է փհենյանցի Կիմ Յոն Կունը:

«Որքան շատ ենք մենք մեր հարգանքը հայտնում մեր առաջնորդին, ով մեկնում է արտասահման հանուն մեր երկրի բարգավաճման՝ այնքան ավելի է ամրապնդվում հպարտությունը մեր ղեկավարի համար»,- ասել է փհենյանցի Չո Յոն Հոն:

Ենթադրվում է, որ Թրամփը և Կիմը կհանդիպեն Հանոյի Հյուրերի ընդունելության կառավարական համալիրում կամ դրա հարևանությամբ գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցում: Ըստ նախնական տեղեկությունների, Կիմը կհանգրվանի «Մելիա» հյուրանոցում, իսկ Թրամփը՝ «Ջեյ Դաբլյու Մարիոտում»:

Հանոյի հանդիպման հետ մեծ հույսեր են կապում նաև Հարավային Կորեայում:

«Մենք հաջողություն ենք մաղթում գագաթնաժողովին: Այն կարող է վերացնել պատերազմի վտանքը, Կորեական թերակղզու մնացած հիմնախնդիրները և նպաստել խաղաղ տնտեսական զարգացմանը», - այսօր Սեուլում կառավարության նիստում ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG