Մատչելիության հղումներ

«Ապաքինվելուց հետ Մայրապետյանը կվերադառնա Հայաստան». փաստաբան


7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանը Գերմանիայում առաջին վիրահատությունից հետո պատրաստվում է երկրորդ վիրահատությանը։

Նրա փաստաբան Կարեն Բատիկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Մայրապետյանի կյանքին արդեն վտանգ չի սպառնում։

«Հիմա երևի թե գտնվում է հետվիրահատական շրջանում, որովհետև քարը հեռացվել է, առաջին փուլը բարեհաջող իրականացվել է, պատրաստվում են երկրորդ փուլին՝ արդեն լեղապարկի հեռացմանը», - ասաց Բատիկյանը։

Հարցին, թե ի՞նչ տեղեկանք են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, փաստաբանը պատասխանեց. - «Ես պարտավորություն էի ստանձնել, որ պարբերաբար տեղեկություններ կներկայացնեմ Սամվել Մայրապետյանի գտնվելու վայրի և բուժման ընթացքի վերաբերյալ»։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը չի մանրամասնում, թե մասնավորապես ի՞նչ գործի շրջանակում է մեղադրվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը, ով մեղադրանքը չի ընդունում։

Օրեր առաջ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։

Սիլվա Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ Մայրապետյանի փաստաբանն իր հերթին «Ազատության»-ը փոխանցել է, որ Համբարձումյանը նախաքննական գաղտնիք է հրապարակում և ինքը չի մեկնաբանի նրա հայտարարությունը։

Կարեն Բատիկյանը փոխանցեց, որ դեռևս պարզ չէ, թե Մայրապետյանը երբ կվերադառնա Հայաստան. - «Երբ որ հետվիրահատական ամեն ինչը վերջանա, ապաքինվի հետ է վերադառնալու։ Մայրապետյանը մտադիր էլ չէր չվերադառնալ»։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG