Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը միայն երեկ է իմացել, որ տարիներ առաջ իրեն զրկել են ԼՂ քաղաքացիությունից


Լեռնային Ղարաբաղում Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով Արցախում գտնվող Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը երեկ է տեղեկացել, որ Արցախի իշխանություններն իրեն տարիներ առաջ զրկել են քաղաքացիությունից:

«Ազատության» հետ զրույցում Բաբայանը շեշտեց՝ դա ապօրինի որոշում է, ինչը պատրաստվում են բողոքարկել: Առայժմ դիմել են ոստիկանություն՝ պարզաբանում ստանալու նպատակով, որից հետո արդեն կդիմեն դատարան:

Նշենք, որ Սամվել Բաբայանն այս տարվա փետրվարի 6-ին հայտարարել էր նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Մինչդեռ, ըստ Ղարաբաղի Սահմանադրության, նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Ղարաբաղում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

«Ինձ զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից, այն դեպքում, որ ես որևիցե անգամ ո՛չ դիմում եմ գրել, ո՛չ դրա մասին հայտարարել եմ, 2006-ին, թե 2007 թվին ա, չգիտեմ», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Բաբայանը՝ նշելով. - «Մի հատ էդ հարցով ենք դատարան մտնում՝ դիմում, որ վերականգնեն: Որովհետև իրենք իրավունք չունեին ո՛չ զրկեին, ո՛չ նման հարց քննեին։ Ոչ մի որոշում չկա, ուղղակի զրկած է, դրա համար էլ պաշտպանը զբաղվում է, որ էդ ամբողջը վերականգնի։ Ես երեկ եմ իմ պաշտպանից իմացել, որ ես զրկված եմ քաղաքացիությունից, մինչև էդ չգիտեի։ Ես որտեղի՞ց տեղյակ լինեի, եթե ես դիմում չեմ ներկայացրել, որ ես հրաժարվում եմ քաղաքացիությունից, ո՞վ իրավունք ուներ ինձ քաղաքացիությունից զրկել»։

Բաբայանը վիճարկելու է նաև ԼՂ ԿԸՀ որոշումը

2020-ին, Ղարաբաղի նախագահի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող Սամվել Բաբայանն իրեն քաղաքացիությունից զրկելու որոշումը բողոքարկելուց բացի նաև վիճարկելու է Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Բաբայանի փոխանցմամբ, Ղարաբաղի իշխանությունները փորձում են խոչընդոտել Սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու իր նախաձեռնությունը։

Բարաբաղի պաշտպանության նախկին նախարարը ցանկանում է փոփոխություններ իրականացնել վերջին տասը տարում մշտական բնակության վերաբերյալ սահմանադրական դրույթում, ինչը թույլ կտա իրեն առաջադրվել նախագահի թեկնածու: Սակայն, ըստ Բաբայանի, Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին ստորագրահավաք իրականացնելու կարգ է մշակել, որի համաձայն, օրինակ, Ստեփանակերտում գրանցված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն անձամբ պետք է ներկայանան քաղաքապետարան և տան իրենց ստորագրությունը, ընդ որում այդ գործընթացի համար 45 օր է սահմանված:

Սամվել Բաբայանը ԿԸՀ-ի այս որոշումը ծիծաղելի է որակում՝ ընդգծելով՝ հիշյալ որոշումը պետք է չեղյալ հայտարարվի, և թույլ տան, որպեսզի նախաձեռնող խումբն ինքը քաղաքացիներից ստորագրություն վերցնելու հնարավորություն ունենա՝ այցելելով նաև նրանց բնակարաններ, կամ աշխատավայրեր, հետո արդեն տեղական իշխանությունները կարող են ստուգել այդ ստորագրությունների իսկությունը, ինչպես սովորաբար արվում է: Հակառակ պարագայում, ըստ Բաբայանի, 45 օրում, մեկ պատուհանով հնարավոր չի լինելու 40 հազար ընտրող ունեցող Ստեփանակերտում ստորագրահավաք իրականացնել:

«Ուղղակի մի հատ ծիծաղելի երևույթ է, որ մի պատուհանումում, մի դռան քաղաքապետարանում ամբողջ 40 հազարանոց քաղաքը պետք է շարք կագնեցնես 45 օրում գան էնտեղ, մեկ-մեկ ստորագրեն, իրենց անձնագրի տվյալները ցույց տան, հաստատեն, որ դա իրենք են։ Մի խոսքով՝ ամեն ինչ անել, որ դա չկայանա, խոչընդոտներ ստեղծել, որ էդ ստորագրահավաքն էն էֆեկտը չտա, որ իրանք անհարմար վիճակում չլինեն։ Սա է կատարվում, նույն էլ գյուղերում», - ասաց Բաբայանը։

Հարցին, թե կարծում է, որ հատուկ իր համա՞ր է ԿԸՀ-ն այդ որոշումը կայացրել, Բաբայանը պատասխանեց. - «Այո, որովհետև մինչև էդ էդ որոշումը չեն ունեցել, դա հրապարակվել է ամսի 18-ին հապճեպ, երբ որ ես եկել եմ ստեղ, իրենք արդեն էդ որոշումը կայացրել են ու հրապարակել»։

«Եթե իրավիճակը սրվի, ես հետ չեմ կանգնելու»

Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը շեշտում է՝ չէր ցանկանա, որ Ղարաբաղում լինեին ցնցումներ, մարդիկ դուրս գային փողոց, ցանկանում է օրենքի շրջանակում հանգիստ կարգավորել հարցերը, բայց եթե իրավիճակը սրվի, ապա հետ չի կանգնելու:

«Ես ուղղակի չէի ցանկանա, որ մենք բերենք ցնցումների, Ղարաբաղի ակտիվ մասսան դուրս գա, սկսի պայքարը և այլն, ես ուզում էի, որ օրենքի շրջանակում, հանգիստ կարգավորվեին հարցերը և վերջանար։ Բայց եթե արդեն գնա սրացման, հետ չեմ կանգնելու, որովհետև այլընտրանք չկա։ Ես մարդավարի բացատրում եմ՝ «եթե ինձ, մեր հասարակությունը չի ընդունում, մասնակցում ենք, ստանում ենք զրո տոկոս ու խայտառակ վերադառնում ենք տուն», ճի՞շտ է, եթե որևիցե մտավախություն չկա, ի՞նչն է հարցը», - ասաց Բաբայանը։

Հարցին, որ եթե այս որոշումները չփոխվեն, իրենք նաև բողոքի ակցիաներ կսկսե՞ն նախաձեռնել Արցախում, Բաբայանը պատասխանեց. - «Ես չեմ սկսում, ժողովուրդն ինքն է սկսում։ Այն մթնոլորտը որը կա, դա ապացույցն է, որ սկսվելու է և ես պետք է կարողանամ կառավարելի դարձնել ու չբերեմ այլ քայլերի։ Դրա համար, երբ որ հայտարարություններ եմ անում, ուղղակի դիմում եմ, բացատրում եմ, որ մի գնացեք էդ ճանապարհով, որը որ կարող է բերի վատ հետևանքների»։

Դավիթ Բաբայանը տեղյակ չէ, որ Սամվել Բաբայանին զրկել են քաղաքացիությունից

Այն, որ Ղարաբաղի պաշտպանական բանակի նախկին հրամանատարին զրկել են քաղաքացիությունից, Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղյակ չէր, ասաց, թե առաջին անգամ է լսում այդ մասին:

«Ազատության» հետ զրույցում նա նշեց, թե այդ հարցով պետք է դիմել համապատասխան մարմիններին, բայց կարծում է, որ ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակներում:

«Ես առաջին անգամ եմ լսում, ինքն ասում է, որ 2006 թվականին են զրկել, բայց քանի՞ տարի է անցել, արդեն 13 տարի է անցել, էս 13 տարում չի՞ իմացել, թե՞ ոնց», - ասաց Բաբայանը։

Ինչ վերաբերում է Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր որոշմանը, որy, ըստ Սամվել Բաբայանի, հատուկ իր համար խոչընդոտներ ստեղծելու համար է կայացվել, Ղարաբաղի նախագահի խոսնակն ասաց, թե, իր իմացությամբ, այդ որոշման մեջ օրենքի հակասող բան չկա, բայց հիմնավորումները ԿԸՆ-ն ավելի մանրամասն կարող է ներկայացնել:

Հավելենք, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից խոստացել են Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու հարցի վերաբերյալ պարզաբանումներ տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG