Մատչելիության հղումներ

Գուայդոն կոչ է արել միջազգային հանրությանը՝ դիմել «ցանկացած միջոցի»` Մադուրոյին իշխանությունից հեռացնելու համար


Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդո, արխիվ
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդո, արխիվ

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որին Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ երկրներ ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ, կոչ է արել միջազգային հանրությանը՝ դիմել «ցանկացած միջոցի»` նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու համար:

Գուայդոյի կոչը հնչել է, երբ նախօրեին Մադուրոյին ենթարկվող ոստիկանական ու ռազմական ուժերը ձախողել են ամերիկյան մարդասիրական օգնությունը Վենեսուելա հասցնելու փորձերը:

Գուայդոն և աջակիցներն անձամբ են մեկնել Կոլումբիայի հետ սահման, որտեղ, սակայն, նրանց են դիմավորել վենեսուելացի ուժայինները։ Բախումների հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան երեք հարյուրը` վիրավորվել:

Վենեսուելան 2014-ից գտնվում է տնտեսական ու ներքաղաքական ճգնաժամի մեջ, ու թեև բնակչության մեծ մասն օգնության կարիք ունի, նախագահ Նիկոլաս Մադուրոն թույլ չի տալիս, որ այն երկիր մտնի` կոչ անելով Վաշինգտոնին՝ դրա փոխարեն վերացնել իր վարչակազմի դեմ սահմանված պատժամիջոցները:

Ընդդիմության առաջնորդն, որ այժմ գտնվում է Կոլումբիայում, Թվիթերում գրել է, թե պատրաստվում է առաջիկա օրերին հանդիպել իրեն աջակցող երկրների պաշտոնյաներին: «Երկրի ազատագրման համար անհրաժեշտ է համակարգել ներքին ու արտաքին ճնշումները», - գրել է նա:

Ակնկալվում է, որ վաղը նա կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի նրանց դեմ, ովքեր խոչընդոտում են «ժողովրդավարության վերականգնմանը Վենեսուելայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG