Մատչելիության հղումներ

«Իհարկե անհրաժեշտությունը կար»․ վարչապետի կոչին արձագանքում են Մարտի 1-ի զոհերի հարազատները


2016 թվականի մարտի 1-ի երթը Երևանում
2016 թվականի մարտի 1-ի երթը Երևանում

Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել են 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների զոհերի հարազատները։

Տասը զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը նկատում է՝ 11 տարի անց հստակ քայլեր են կատարվում Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու, և պետական մակարդակով երթի կազմակերպումը դրան ուղղված քայլերից մեկն է:

«Իհարկե անհրաժեշտությունը կար։ Ես էսօր շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպիչներին, ովքեր այդ երթը և հանրահավաքը կազմակերպել են։ Դեռ կան մարդիկ, այսինքն՝ հանցագործներ, որոնք դեռ պատժված չեն։ Եվ մենք հույս ունենք՝ այս երթից հետո շատ մարդիկ իրենց աջակցությունը կհայտնեն և ունենալով տվյալներ՝ կներկայացնեն համապատասխան մարմիններին, և հանցագործությունը ավելի շուտ կբացահայտվի՝ բոլոր հանցագործությունները, բոլոր հանցագործները կպատժվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էդիկ Հարությունյանը:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ տեղի կունենա քաղաքացիական հզոր երթ՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Ըստ Փաշինյանի՝ երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի և ապօրինությունների։ Այդ օրը վարչապետը նաև ուղերձով դիմելու է ժողովրդին:

Իսկ Մարտի 1-ի զոհերի հարազատների տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է․ - «Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը մեզ` Մարտի 1-ի զոհերի հարազատներիս հույս է տալիս, որ վերջապես, մարտիմեկյան ոճրագործությունից 11 տարի անց կատարվում են հստակ քայլեր այդ հանցագործության բացահայտման և մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, երբ մեր հարազատներին սպանողները կկանգնեն արդարադատության առաջ և պատասխան կտան օրենքի ամբողջ խստությամբ: Նոր իշխանությունը մինչ այս պահը կատարել է անհրաժեշտ քայլեր, դրսևորել է կամք մեր տարիների պահանջը կատարելու համար: Գտնում ենք, որ մարտի 1-ին պետական մակարդակով կազմակերպած երթը այդ ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է, որը կունենա իր տրամաբանական շարունակությունը»:

2008-ի մարտի 1-ին «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով թեև 2013 թվականից Բելգիայում է ապրում, սակայն հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, նույնպես միացել է հայտարարությանը։ Ասում է՝ վերջապես, 11 տարի անց, Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը պետական մակարդակով է տեղի ունենում:

«Միշտ երթը եղել է, մասնակցել եմ, մինչև 2013 թվականի մարտի 1-ին էլ մասնակցել եմ երթին, էնպես չի, որ երթին չենք մասնակցել: Ուղղակի երթը միշտ եղել է ճնշումների, փողոցները փակելու, շրջաններից թույլ չտալու, որպեսզի մարդիկ գան՝ էդ պայմաններում: Ու էսօր նոր Հայաստանում, անկախ Հայաստանում, ազատ, պետական մակարդակով երթ է տեղի ունենում: Իհարկե, շատ ուրախ եմ։ Մի քիչ դժվար է չմասնակցելը, դրսից հետևելը, բայց հուսով եմ, որ էդ էլ է ժամանակավոր՝ իմ բոլոր պլանները Հայաստանի հետ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Դիմելով նախկին իշխանություններին՝ նա ընդգծեց․ - «Դուք տասը տարի ժամանակ եք ունեցել, որպեսզի կարողանայիք ինչ-որ ձևով մարտի 1-ի դեպքերը, ինչ-որ ձևով փոխելու, ժողովրդին, չգիտեմ, հանգստացնելու, ներողություն խնդրելու Մարտի 1-ի համար զոհերի ծնողներից, ամբողջ ժողովրդից, որովհետև բացի զոհերից նաև կային ծեծվածներ, դատապարտվածներ: Դուք տասը տարի մենակ ուզում էիք պատմությունը կեղծել»:

Մարտի 1-ի գործով անցնող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ 2008-ի մարտի 1-ին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում նոր իշխանությունների կողմից։

Մարտի 1-ին զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը ասաց՝ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում քայլել, սակայն հայտարարությանը ինքը ևս միացել է:

«Ես շատ մեծ ցանկություն ունեի կանգնելու և քայլելու Փաշինյանի, իմ ընկերների, իմ ծանոթների կողքին, բայց որովհետև ես չեմ կարողանում քայլել, միացել եմ իրենց հայտարարությանը», - «Ազատությանը» ասաց Ռուզաննա Հարությունյանը:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG