Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ Քաղաքական հրաշքի հասած ժողովրդի համար տնտեսական հրաշքը ևս հասանելի է


Այն ժողովուրդը, որը կարողացել է հասնել քաղաքական հրաշքի, տնտեսական հրաշքը ևս հասանելի տիրույթում կլինի նրա համար: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Վանաձորում բացված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսին, որին մասնակցում էին բազմաթիվ գործարարներ ու ներդրողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Վարչապետը վստահեցրեց՝ տնտեսական հեղափոխության մեթոդաբանությունը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդաբանությունից․ - «Պայմանականորեն ասած՝ քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքը իրենով պետք է փակի այն փողոցները, նրբանցքները, որոնցով հոսում են կոռուպցիան, ամենաթողությունը, ապօրինությունը: Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ամեն մեկը՝ իր հնարավորությունների չափով, պետք է ինքը իր գործունեությամբ փակի բոլոր այն փողոցները պայմանական, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը: Իսկապես տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին, հավատում են իրենց ուժերին, հավատում են իրենց տաղանդին»:

Տնտեսական հեղափոխությունը, ըստ երկրի ղեկավարի, հնարավոր կլինի նոր աշխատատեղեր ստեղծելու, եկամուտների և բարեկեցության նոր մակարդակի հասնելու միջոցով: Տնտեսության ցանկացած արժեքի ստեղծման հեղինակը մարդն է, շեշտեց Փաշինյանը և հավելեց․ - «Մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է»:

«Եվ ուրեմն, հերիք է ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք», - ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը խոստանում է գնալ մենաշնորհների և կոռուպցիայի բացառման՝ օրենսդրության բարեփոխումների և կատարելագործման ճանապարհով: «Ի վերջո պետք է խոստովանել, որ տնտեսության կոռուպցիոն համակարգը երբեմն շատ ավելի մեծ պարզություններ ունի, քան սովորական, այսպես ասած, ազատ մրցակցային համակարգը: Որովհետև, օրինակ, եթե որևէ բիզնես «փայ է» բարձրաստիճան պաշտոնյայի հետ, կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյա «տանիք է կանգնում» այդ բիզնեսին, ի՞նչ է նշանակում՝ նշանակում է, որ պատասխանատվությունը կիսված է, և էն ժամանակ, երբ որ ահազանգ լինի, որ «այ մեր ընդհանուր բիզնեսին ինչ-որ բան սպառնում է», կարելի է հարկայինին հրահանգել, որ «իր հետ գործ չունեք, թող հարկ չվճարի», եթե անհարմար մրցակից է հայտնվել, կարելի է էդ անհարմար մրցակցին շարքից հանել, և, ըստ էության, շատ երաշխիքներ կան: Ահա նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երախիքները բոլորի համար հավասար են և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ, որևէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել», - շեշտեց Փաշինյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարար Տիգրան Խաչատրյանը, իր հերթին, վստահեցրեց, թե պետությունը չի խոչընդոտելու բիզնեսին: «Գործարար հարաբերություններում այլևս չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի կամ տարբեր կառույցների միջամտության հետևանքով», - վստահեցրեց նախարարը:

Հայաստանի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարևորեց պետության և մասնավորի համագործակցությունը։ «Ցանկացած հյուր լավ չի զգում, երբ տեսնում է՝ տանտերը ձեռքը գրպանը չի տանում, ասում է՝ «ես եկել եմ քո երկիր»․․․ Ու շատ ոգևորիչ է, երբ տեսնում են, թեկուզ սիմվոլիկ ձևով, պետությանը կամ տեղական կազմակերպություններին մեծ կորպորացիաների կողքին», - ասաց նա:

Մինչդեռ Լոռու մարզի 250 բնակիչ ունեցող Արդվի գյուղը հանգստյան լավագույն գոտի դարձնելու ծրագիր ունեցող ֆրանսահայ գործարար Սամվել Պարսեղյանը նշեց, որ աշխատում է հեռու մնալ կառավարություններից․ - «Էն կառավարությունը, որը կարող է ձեզ ամեն ինչ տա, նաև կարող է վերցնի, եթե ինքը էդ ուժը ունի տալու, ինքը էդ ուժը ունի նաև հետ քաշելու: Ուրեմն, պիտի նենց անենք, որ կառավարությունը լինի օգնող, բայց ոչ թե տվող: Ու իրականում որևէ տեղ աշխարհում կառավարությունը բիզնեսի հետ ախպեր-ընկեր-բարեկամ չեն, այսինքն՝ կառավարությունը ուզում է հարկեր հավաքի, մենք փորձում ենք էդ հարկերից օրենքի սահմաններում խուսափել»:

Նախկին պաշտոնյա Վազգեն Խաչիկյանը ֆորումին եկել էր ազգային տարազով։ Կառավարության անդամներին առաջարկեց մտածել ոչ միայն Ալավերդու և Թեղուտի հանքարդյունաբերական փակված ձեռնարկությունները վերագործարկելու, այլև դրանց հնարավորություններն օգտագործելու ուղղությամբ։ «Օրինակ, Գերմանիայում՝ Ռուրի ավազանում, ածխահանքերը ավելի քիչ շահույթ են ապահովում, քան ածխային հանքերի տուրիզմը: Եվ նույն Իտալիայում պղնձահանքերում ստանում են աշխարհի ամենաթանկ պանիրներից մեկը՝ «Ֆոնտինա» պանիրը: Ուզում եմ առաջարկել, որ կարելի է Ալավերդու՝ որպես տարածաշրջանի, այլընտրանքային լուծումներից մեկը դիտարկել հենց պղնձահանքերի տուրիզմը», - նշեց Խաչիկյանը:

Մանր ու միջին ձեռնարկատերերը դժգոհեցին հարկային ու բանկային քաղաքականությունից։ Ստեփանավանի հանգստյան տներից մեկի սեփականատերն ասաց՝ վարկերի բեռի տակ է, իրեն էլ պետության կողմից լքված է զգում։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ քաղաքականություն են տանում, որ բանկային տոկոսները նվազեցվեն, բայց քաղաքացին նաև պետք է պատասխանատու լինի իր վերցրած վարկի համար։ Պետությունը չպետք է մտնի բանկի և գործարարի հարաբերությունների մեջ, ընդգծեց վարչապետը։

«Որ կառավարությունը, «լքված ենք, հուսահատված ենք, բանկային համակարգը, Վճռաբեկ դատարանը»․․․ Բա որ վերցրել եք էդ վարկը, փակել ե՞ք, թե՞ չեք փակել: Մարդ կա՝ բանկից վարկ ա վերցնում, գնում քեֆ ա անում, գալիս կառավարության դեմը ցույց ա անում, ասում՝ «բա մեր տոկոսը չեք տալի՞ս»: Ինչի՞ համար: Բա էդ ենք ասում՝ ամեն մարդ պետք ա իր պատասխանատվությունը ․․․», - նշեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Որ հետո էլ ասենք՝ «դե տես, էդ կոլեկտիվին ընտրությունների ժամանակ «Գազել»-ը կնստցնես, կտանես մեր օգտին քվեարկեն», դուք էլ ասեք՝ «էղավ, կանենք, ցուցակն էլ կտանք, քսերոքսները կբերենք»: Էս կարգի հարաբերություն ե՞ք [ուզում]: Չկա Հայաստանում էս կարգի հարաբերություն ու չի լինելու»:

Վերջում, ամփոփելով ողջ օրը Վանաձորում տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է հնարավորություն տալ, որ ներկայացված լավագույն ծրագրերը, «մարդկանց գլխում եղած մտքերը» իրականություն դառնան։ Շեշտեց, որ Հայաստանում սովորաբար տապալվել են գործընկերային նախաձեռնությունները։

Լոռու մարզի գործարարները EXPO ցուցահանդեսում ներկայացրել էին իրենց արտադրանքի նմուշները՝ անուշաբույր թեյերից ու մուրաբաներից մինչև ալկոհոլային խմիչքներ, հագուստ, ձեռքի աշխատանքներ, ինչպես նաև անտառը ապօրինի հատումներից պաշտպանող և անվտանգության նոր՝ ավելի «խելացի» համակարգեր, Լոռիում արված այլ հայտնագործություններ:

Առաջիկայում նմանատիպ բիզնես ֆորումներ կլինեն նաև Հայաստանի մյուս մարզերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG