Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Ես թույլ չեմ տա թաղել Բելառուսի անկախությունը


Բելառուսը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռազմական ակադեմիայի կուրսանտների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք մեզ որևէ մեկից ցանկապատով չենք առանձնացնում, մենք պատրաստ ենք երկխոսության, որը հիմնված կլինի իրավահավասարության ու թափանցիկության վրա», - հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդգծելով. «Բելառուսը շարունակելու է պաշտպանել սեփական շահերը, այդ թվում՝ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ պաշտպանական դոկտրինի շրջանակներում: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք այլ երկրների ու ռազմաքաղաքական կազմակերպությունների հետ փոխգործակցությունից»:

Ավելին, դիմելով ռազմական ակադեմիայի շրջանավարտներին՝ Լուկաշենկոն պնդել է. - «Դուք պետք է պատրաստ լինեք իրադարձությունների ցանկացած շրջադարձի, լինեք արհեստավարժ մասնագետներ ու հայրենիքի իրական նվիրյալներ»:

«Անկախությունը և ինքնիշխանությունը ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք այսօր ունենք: Եվ ես հպարտ եմ, որ այս անկախ երկրի առաջին նախագահն եմ, և չեմ պատկերացնում, որ մեկը, կանգնելով երկրի անկախության ակունքներում, առաջնորդելով երկիրը, թույլ տա պետականության կորուստ: Ինչ է, դուք կթաղեի՞ք այն ձեր ձեռքերով, մտնելով որևէ պետության կազմի մեջ, լինի Լեհաստան, թե Ռուսաստան: Ես դրան երբեք չեմ գնա», - այսօր հայտարարել է նա:

Անկախության ու Արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու թեման Լուկաշենկոյի ելույթներում սկսեց գերակշռել անցած տարեվերջից, երբ Ռուսաստանը բարձրացրեց Բելառուսին վաճառվող վառելիքի գինն ու հարկային փոփոխություններ մտցրեց, որոնց արդյունքում Մինսկը միլիոնավոր դոլարների վնաս է կրում: Նորամուծությունները չեղարկելու կամ վնասները փոխհատուցելու Լուկաշենկոյի խնդրանք-պահանջներին Կրեմլը մինչև օրս ոչ մի կերպ չի համաձայնում: Մոսկվայից բացահայտ ակնարկում են՝ զիջումների կգնան, եթե Մինսկը համաձայնի խորացնել ինտեգրացիան, այդ թվում՝ անցնել միասնական արժույթի, միացյալ մաքսային ու հարկային քաղաքականության:

«Ես՝ Բելառուսի առաջին նախագահս, նավթի դիմաց երկիը չեն վաճառի», - անցած տարեվերջին, զգացմունքները չզսպելով, հայտարարել էր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպմանը:

«Ոմանք մեզ ասում են՝ փոփոխություն կլինի միութենական պետությունում առավել խորը ինտեգրացիայի դեպքում, իսկ ոմանք ուղիղ են ասում՝ դե, մենք դեռ պատրաստ չենք, որ Բելառուսը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, բայց... ես շատ լավ եմ հասկանում այդ ակնարկները, ավելի լավ է բաց տեքստով ասեք՝ լսեք, դուք նավթը կստանաք, բայց, եկեք քանդեք երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմի մեջ: Ես միշտ հարց եմ տալիս՝ սա հանուն ինչի է արվում», - ասել Է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի հռետորական հարցը նաև փորձագետներին է հուզում: Գնալով ավելի հաճախ են հնչում կարծիքներ, թե այս քալով Կրեմլը ոչ միայն ձգտում է ամրապնդել ազդեցությունը Արևելյան Եվրոպայում, այլև ճանապարհ է հարթում Վլադիմիր Վլադիմիրովիչի հետագա պաշտոնավարման համար: Արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ Պուտինի հերթական պաշտոնավարումն ավարտվում է 2024-ին, և ըստ Սահմանադրության, նա նորից առաջադրվելու իրավունք չունի:

Մինչդեռ Բելառուսի հետ նոր միութենական պետություն ստեղծելու դեպքում այս խոչընդոտը կարող է հեշտորեն հաղթահարվել: Ռուսաստանի հետզհետո առավել խորացող ճնշումներին ի պատասխան Լուկաշենկոն վերջին ամսիներին շարունակ հայտարարում է՝ միացյալ պետության հարցը ոչ թե ղեկավարները, այլ երկու երկրների ժողովուրդները պետք է լուծեն՝ հանրաքվեի միջոցով:

«Ինքնիշխանությունը սրբություն է», - շաբաթներ առաջ Պուտինի հետ հերթական հանդիպումից հետո հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք՝ ես և Վլադիմիր Պուտինը, հենց վաղն էլ կարող ենք միավորվել, մենք երկուսով խնդիր չունենք, բայց արդյո՞ք դրան պատրաստ են ռուսներն ու բելառուսները՝ դա հարց է: Որքանով որ դուք պատրաստ կլինեք, այնքանով էլ մենք կիրագործենք ձեր կամքը», - նշել է Լուկաշենկոն:

Նախագահ Լուկաշենկոյի շեշտադրումը պատահական չէ. ոչ պաշտոնական հարցումները փաստում են, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու առաջարկը Բելառուսում քչերն են պաշտպանում: Թերահավատներին ու անկախության ջատագովներին հակազդելու համար, թերևս, Ռուսաստանի նախագահը Լուկաշենկոյի կողքին կանգնած հայտարարեց՝ անկախությունը հարաբերական հասկացություն է:

«Լիովին անկախ պետություններ աշխարհում ուղղակի չկան: Մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն իսկ ստեղծել ենք վերազգային կառույցներ, հանձնաժողովներ, որոնց վստահել ենք ներազգային լիազորությունների մի մասը: Գիտակցաբար ենք գնացել դրան՝ հասկանալով, որ դա կապահովի առավել բարձր մակարդակի մրցունակություն», - ասել էր Պուտինը:

Երկու երկրների առաջնորդները արդեն մի քանի հանդիպում են ունեցել վիճահարույց այս հարցերի շուրջ: Վերջին անգամ բանակցությունները շարունակվել էին երեք օր, սակայն կողմերը ընդհանուր հայտարարի այդպես էլ չէին եկել: Խորացող այս տարաձայնությունների ֆոնին է, որ Բելառուսի նախագահը այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի, շաբաթասկզբին էլ Եվրամիության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG