Մատչելիության հղումներ

Թուրքիայում ևս 295 զինծառայողներ կձերբակալվեն


Թուրքիա - Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ հաստատելու մեղադրանքով ձերբակալված քաղաքացիներ, արխիվ
Թուրքիա - Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ հաստատելու մեղադրանքով ձերբակալված քաղաքացիներ, արխիվ

Թուրքիայի դատախազությունն արձակել է 295 զինծառայողների ձերբակալելու հրամանագիր: Զինծառայողները կասկածվում են ԱՄՆ-ում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր հաստատելու մեջ:

Անկարայի պնդմամբ՝ Գյուլենն է կազմակերպել և ղեկավարել 2016 թվականի ձախողված հեղաշրջումը:

Դատախազությունն այսօր հայտարարել է, որ ձերբակալության ենթակա զինծառայողների թվում են 3 գնդապետ, 8 մայոր և 10 լեյտենանտ: Ցանկում կան նաև օդուժի և նավատորմի ծառայողներ:

1999 թվականից ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը կտրականապես հերքում է հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքը: Անկարան Վաշինգտոնից պահանջում է արտահանձնել Գյուլենին:

Հեղաշրջման ձախողումից հետո ձերբակալվել է ավելի քան 77 հազար մարդ, բացի այդ՝ մոտ 150 հազար պետական պաշտոնյա և զինծառայող ազատվել է աշխատանքից:

Թուրքիայի քաղաքացիական հասարակության և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ՝ նախագահ Ռեջեփ Էրդողանը ձախողված հեղաշրջման հանգամանքն օգտագործում է այլախոհներին ճնշման ենթարկելու և անձնական իշխանությունն ամրապնդելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG