Մատչելիության հղումներ

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու բանաձևը Անկարան անընդունելի է համարում


Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Ակսոյը, արխիվ
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Ակսոյը, արխիվ

Անկարան անընդունելի է համարում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փետրավարի 20-ին ընդունված բանաձևի նախագիծը, որը Եվրամիության գործադիր մարմիններին առաջարկում է սառեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

Եվրախորհրդարանում Նիդերլանդներից կին պատգամավոր, Թուրքիայիի հարցով զեկուցող Քեթի Փիրի զեկույցի նախագիծը Եվրահանձնաժողովին և Եվրամիության անդամ երկրներին կոչ է անում դադարեցնել Թուրքիայի հետ բանակցուրյունները, քանի որ Թուրքիայում զանգվածաբար խախտվում են մարդու իրավունքները, կառավարությունը միջամտում է դատական համակարգի գործունեությանը, կարգավորված չէ Կիպրոսի խնդիրը:

Մարտի կեսերին նախագիծը քվեարկության է դրվելու Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Սակայն այսօր Անկարան քննադատել է նախագիծը՝ հույս հայտնելով, որ այն կվերանայվի:

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Ակսոյը այսօր ասել է, թե Անկարայի համար բացարձակապես անընդունելի է իրավական ուժ չունեցող, միայն խորհրդատվական բնույթի զեկույցի կոչը՝ ամբողջովին դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

«Զեկույցի նախագծում առկա անհիմն մեղադրանքները հերթական անգամ ցուցադրում են Թուրքիայի հանդեպ Եվրախորհրդարանի միակողմանի ու կանխակալ վերաբերմունքը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:

Նա ասել է, թե ակնկալում են, որ մինչև մարտին կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստը փաստաթղթում կկատարվեն անկողմնակալ, իրականությանը մոտ փոփոխություններ, ու Թուրքիայի համար ընունելի բանաձև կդրվի լիագումար նիստի քվեարկությանը:

«Դեյլի Սաբահը» հիշեցնում է, որ անցած հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Եվրամիությանը անդամակցելու հարցը հնարավոր է դրվի հանրաքվեի, ինչը վկայում է, որ նա դժգոհ է անդամակցության գործընթացից:

Այնուամենայնիվ Եվրամիության անդամակցությունը մնում է Անկարայի ռազմավարական նպատակներից մեկը, թեև 2004 թվականից սկսված բանակցություններում ընդհատումներ են տեղի ունեցել Կիպրոսի չկարգավորված խնդրի կամ Գերմանիայի ու Ֆրանսիայի մոտեցումների պատճառով:

Այսօր ևս արտգործնախարարության խոսնակն ասել է, թե Թուրքիան կշարունակի բարեփոխումների իրականացումը՝ Եվրամիությանը միանալու համար:

«Թուրքիան կարիք ունի նախապատրաստվելու անդամակցությանը, այլ ոչ թե անդամակցության բանակցությունների դադարեցմանը: Անդամակցության գործընթացը համապատասխանում է երկու կողմերի՝ Եվրամիության ու Թուրքիայի շահերին» - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG