Մատչելիության հղումներ

Freedom House. Վրաստանում լուրջ խնդիրներ կան դատական և ընտրական համակարգերում


Վրաստան - Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմության բողոքի ցույցը, Թբիլիսի, 16-ը դեկտեմբերի, 2018թ․
Վրաստան - Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմության բողոքի ցույցը, Թբիլիսի, 16-ը դեկտեմբերի, 2018թ․

Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները, չնայած երկրում ընթացող դատական բարեփոխումներին, ի վիճակի չեն լիարժեքորեն ապահովել դատարանների անկախությունը: Այս մասին երեկ հրապարակած զեկույցում նշում են արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Freedom House-ի ներկայացուցիչները:

Իրավապաշտպանները նկատում են, որ Վրաստանում բավական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել նաև ընտրական համակարգի գործունեության առումով: Ըստ Freedom House-ի ներկայացուցիչների՝ նախորդ տարեվերջին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների բնականոն ընթացքի վրա ստվեր նետեցին հիմնականում իշխող կուսակցության կողմից բաժանված ընտրակաշառքի մասին տեղեկությունները:

«Բացի այդ, տեղեկություններ ի հայտ եկան ընտրատեղամասերի մոտ «Վրացական երազանք»-ի ակտիվիստների ցուցակներով հերթապահող անձանց, ինչպես նաև վարչական ռեսուրսի կիրառման մասին», - պնդում են Freedom House-ի ներկայացուցիչները:

Զեկույցի հեղինակները նկատում են, որ երկրի ամենահարուստ գործարարի` «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ստվերային դերակատարությունը «թուլացնում է ընտրված պաշտոնյաների` կառավարության քաղաքականությունն ի կատար ածելու հնարավորությունը»: «Իվանիշվիլին լուրջ ազդեցություն է պահպանում իշխանության թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր թևերի հանդեպ», - ասված է զեկույցում:

Վրացական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ՝ Freedom House-ի զեկույցը վկայում է, որ երկիրը շատ լուրջ ջրբաժանի է մոտեցել:

«Միջազգային հանրությունը տեսնում է, որ երկրում դատական համակարգ որպես այդպիսին գոյություն չունի: Ընտրական համակարգում ևս լուրջ խնդիրներ կան, երբ մարդկանց զգալի մասը քվեարկում է գումարի դիմաց: Նման զեկույցները մոտ ապագայում գնալով շատանալու են: Վրաստանը շատ վտանգավոր մի եզրագծի է մոտեցել», - նշում էր ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Զուրաբ Չիաբերաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG