Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահին կհորդորեի ձեռնպահ մնալ օրհներգի հարցը քննարկելուց․ Դավիթ Գյուրջինյան


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան և Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան և Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան

Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի օրհներգը փոխելու հարցը քննարկելուց:

Գյուրջինյանի խոսքով՝ Առաջին հանրապետության, հետագայում անկախ Հայաստանի պետական խորհրդանիշներ զինանշանը, դրոշն ու օրհներգը սիրելի են նաեւ նոր սերնդին․ - «Մեր այժմյան օրհներգը ընդունվել է Առաջաին հանրապետության ժամանակաշրջանում, դա մեր պատմության մասն է: Վեցհարյուրամյա ընդհատումից հետո երբ հայոց պետականության ստեղծվեց, մնեք դա ընդունեցինք՝ այս զինանշանը, այս դրոշը ր այս օրհներգը: Հետո եկավ խորհրդային շրջանը: Այո, հանճարեղ կոմպոզիտոր Խաչատրյանը ստեղծեց նորը: Բայց չէ՞ որ մենք ունեցել ենք փոքրիկ հատված Առաջին հանրապետության շրջանում, և նորանկախ Հայաստանը վերականգնեց պետական այդ խորհրդանիշները: Դրանք սիրելի են նոր սերնդին»:

Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է քննարկման առարկա է դարձրել Հայաստանի օրհներգի փոփոխության հարցը: Առաջարկում է վերադառնալ Սովետական Հայաստանի օրհներգի մեղեդուն, որի հեղինակն է հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Ալեն Սիմոնյանի այս առաջարկը բուռն քննարկվեց, քննադատություն հնչեց նաև իր քաղաքական թիմից: Սակայն նա չի նահանջում, աշխատանքային խումբ է ստեղծել և Սովետական Հայաստանի օրհներգի մեղեդու համար տեքստի մրցույթ հայտարարել:

«Որևիցե պաշտոնական նախաձեռնություն չկա, օրենսդրական նախաձեռնություն չկա և չի նախապատրաստվում: Սա մի խումբ մտավորականների, նաև իմ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների նախաձեռնությունն է, որի աշխատանքներին ես զարկ եմ տվել, որին ես համաձայն եմ, և գործունեություն ենք իրականացնում, փորձում ենք Արամ Խաչատրյանի աստվածային երաժշտության համար տեքստ գտնել», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Աշխատանքային խմբի անդամներն են Ալեն Սիմոնյանը, երաժշտագետ Դանիել Երաժիշտը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախչինյանը, Մայր Աթոռից Ասողիկ քահանան և Դավիթ Գյուրջինյանը: Խմբի մեծ մասը օրհներգի փոփոխության կողմնակիցն է: Գյուրջինյանը դեմ է, բայց քննարկմանը կմասնակցի:

Գյուջինյանն այլ առաջարկ ունի․ - «Ես ուրիշ բան կառաջարկեմ այդ նիստին՝ եթե խումբը հավաքվի: Օրենք փոխել, ժամը 12-ին պարտադիր չէ, որ մենք ամեն օր օրհներգը հնչեցնենք, և առավոտյան 6-ին: Նա պիտի այնքան կարևոր պահերի հնչի միջոցառումների, արարողությունների ժամանակ, որ մենք սիրով լսենք: Եվ այդ ժամանակ չենք քննարկում, թե երաժշտությունը ինչպիսին է»:

Գյուրջինյանը նախազգուշացնում է, որ պետական խորհրդանիշների նկատմամբ այս վերաբերմունքը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել․ հաջորդ իշխանություն էլ կարող է գալ և իր ճաշակը պարտադրել․ - «Պետական խորհրդանիշների հատկանիշներից մեկը այն է, որ դրանք կայուն են, դրանք հեշտ փոփոխելի չեն»:

Իշխող ուժի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն ընդդիմախոսներին հակադարձում է՝ նախաձեռնությունը քաղաքական չէ, իսկ իր համար օրհներգի փոփոխությունը սկզբունքային հարց չէ:

Սիմոնյանն իրեն համարում է 2006 թվականին կիսատ մնացած գործի շարունակողը․ - «Որևիցե քաղաքական հարց չկա: Սա, կարելի ասել, պատմական և մշակութային, ինչպես նաև արժանապատվության և ինքնության պահպանմանը միտված քայլ է»:

Միքայել Նալբանդյանի խոսքերով և Բարսեղ Կանաչյանի մշակած մեղեդիով օրհներգի փոփոխությունը պետական մակարդակով քննարկվել է 2006-ին: Մրցութային հանձնաժողով է ստեղծվել, որը միաձայն կողմ է քվեարկել Արամ Խաչատրյանի մեղեդուն, բայց գործը կիսատ է մնացել, քանի որ մեղեդու համար նոր տեքստ չի գտնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG