Մատչելիության հղումներ

Ինձ չեն կարող քաղաքական հետապնդման հանձնարարական տալ. Դավիթ Սանասարյան


«Ինձ չեն կարող քաղաքական հետապնդման հանձնարարական տալ», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Ազատություն». - Նախ Երևանի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձրաձայնում է քաղաքական հետապնդումների մասին, բաց տեքստով Ձեր անունն է տալիս, մասնավորապես, որ ամեն ինչ սկսվել է Ձեր ծառայության ստուգումներից։ Դուք կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ հենց ԵՊՀ մտաք, շարժառիթը, մոտիվը ո՞րն էր այն ժամանակ։

Դավիթ Սանասարյան. - Նախևառաջ ես իմ բնույթով ու իմ պայքարի ողջ ծավալով դեմ եմ քաղաքական ճնշումներին, քաղաքական հետապնդումներին: Դրա դեմ ես կռիվ եմ տարել, ու դա իմ սկզբունքից վեր է: Ես չեմ կարող գնալ այդ քայլին, իմ խնդիրը դա չի։ Ինչ վերաբերում է ինչո՞ւ ԵՊՀ-ն: Մայր բուհն է, ինֆորմացիան շատ էր, օպերատիվ տեղեկությունները շատ էին: Հետո, երբ որ մենք գնացինք ամառվա այդ սեզոնին, հասկացանք, որ աշխատողները գտնվում են արձակուրդի մեջ, իրանք ասին՝ «հետ բերենք», ասինք՝ «մենք անմարդկային չենք, թող իրանց վաստակած արձակուրդը վայելեն, կվերադառնանք, էդ ընթացքում Ագրարային համալսարանը մենք կուսումնասիրենք»։ Էդպես էլ արեցինք: Պարոն Սիմոնյանը ցույց է տալիս, որ դեռևս հուլիսից թե օգոստոսից է սկսել ուսումնասիրությունը, իրականում չի սկսել։ Էդ ժամանակ մենք կանգնեցրել ենք՝ հաշվի առնելով մարդկանց էդ հանգստի իրավունքը, հետո շարունակել ենք։ Երրորդը հիմա Բժշկական համալսարանը․ ինչո՞ւ Բժշկական կամ ինչո՞ւ Ագրարային․․․ բոլոր համալսարանները շատ կարևոր են․ դասախոսը բարձր աշխատավարձ չի ստանում, այդ մսխումները, որ մենք տեսել ենք, էդ մսխումների փոխարեն կարող էին նրանք բարձր աշխատավարձ ստանային։

«Ազատություն». - Այսինքն համակարգային խնդիրների է հանգեցրել։

Սանասարյան. - Համակարգային խնդիրներ կան, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ մաքրենք բուհերը։

«Ազատություն». - Պարոն Սանասարյան, հիմա, երբ Ձեզ լրագրողները հարցնում են մյուս բուհերում ի՞նչ եք հայտնաբերել, ասում եք՝ սպասեք ստուգումներն ավարտվեն: Բայց Համալսարանի դեպքում, Դուք ասել եք՝ 800 միլիոնի չարաշահում ենք հայտնաբերել, ԵՊՀ ռեկտորն ասում է՝ երկակի ստանդարտներ եք կիրառում։

Սանասարյան. - Որովհետև տեսել ենք, էդ ծավալները մեր համար ակնհայտ է։ Կոնկրետ պահին, որ հարցրել են, մեր համար ակնհայտ ահագին մեծ բան ա եղել։ Էս պահին, օրինակ, Բժշկականում չունենք էդ... որոշակի գիտենք, բայց իմաստ չկա դրա ասելու։ Ես ուզեցել եմ ցույց տամ, որ վիճակը Համալսարանում ավելի բարդ է, ավելի վատթար է, քան Ագրարային համալսարանում։ Միգուցե ես դրա մասին պետք է չասեի, բայց դրանից խախտումները չէր փոխվում։

«Ազատություն». - Մի խոսքով բացառում եք, որ քաղաքական իշխանությունը Ձեզ հորդորել է, մատնացույց է արել Համալսարանը։

Սանասարյան. Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին ենթակա ծառայություն է, մեր գործունեությունը համապատասխանեցնում ենք վարչապետի հետ առհասարակ: Բայց ես նախ բացառում եմ, որ վարչապետը քաղաքական հետապնդման որևիցե հանձնարարական կտա: Բայց նաև ինձ չեն կարող քաղաքական հետապնդման հանձնարարական տալ։

«Ազատություն». - Չե՞ք բացառում, որ 800 միլիոնից ավելի լինի չարաշահումները։

Սանանսարյան. - Ես ավելի շատ համոզված եմ, որ թիվը մեծանալու է։

«Ազատություն». - «Ֆրեզենիուս մեդիքլ քեյր» գերմանական ընկերությունը, որը հեմոդիալիզի սարքավորումների ներկրողն է Հայաստանում, պնդում է, որ Դուք փորձում եք խոչընդոտել իրենց գործունեությունը, ավելին՝ ասել է, թե բիզնեսը խլել եք: Եվ այս օրինակն է բերվել, որ միջամտել եք մրցույթին, փոխել եք չափորոշիչները, որպեսզի այլ ներկրողի համար խաղի կանոններ սահմանեք։

Սանասարյան. - Նախ էդ կազմակերպության ներկայացուցիչները կամ կազմակերպության սեփականատերերի ծանոթները ամեն կերպ փորձեցին մեզ հետ պահել։ Սկզբից՝ մատ թափ տալով մեր աշխատակիցների վրա, եկել են մեր աշխատողներին տարբեր առաջարկներ են արել, որ հետ մնացեք էս թեմայից: Բայց մենք ոչ թե «Ֆրեզենիուսի» աշխատանքն ենք ստուգում: Մենք կոնկրետ տեսնում ենք պետական հիմնարկ, տվյալ դեպքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեսնում ենք, որ տարիներ շարունակ միանձնյա մատակարարում կա կոնկրետ էդ կազմակերպությունից։ Ուզում ենք հասկանանք՝ ո՞րն է պատճառը։

«Ազատություն». - Մենաշնո՞րհ է եղել։

Սանասարյան. - Տվյալ ԲԿ-ում մենաշնորհ է եղել, խտրական բնութագրեր է գրվել կոնկրետ ֆիրմայի համար։ Մենք մանրամասները ավելի կոնկրետ ցույց կտանք։ Բիզնես խլողի տպավորություն ենք թողե՞լ։ Ես կռիվ եմ տվել, որ ուրիշների բիզնեսը չխլեն։ «Գնումների մասին» օրենք գոյություն ունի, էդ օրենքի տառը եկեք պահենք, դրանից հետո եկեք, ով ուզում է թող շահի։ Մեզ չի հետաքրքրում, թե ով է շահում․․․ Արդյունքում մասնակցել են առաջին անգամ, եթե չեմ սխալվում, յոթ կամ ութ կազմակերպություն ու նաև այլ կազմակերպություններ այստեղ տենդեր են շահել։

«Ազատություն». - Իրենք էլ են մնացե՞լ ներկրողների շարքում։

Սանասարյան. - Ինչ-որ մեկ թե երկու տողով իրանք էլ են։ Մենաշնորհն է կոտրվել։ Ինձ որ ասում են մենաշնորհների դեմ պայքարի ինչ-որ ֆունկցիա չունենք, ես նկարագրեցի, թե մեր ֆունկցիան որն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG