Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը հայտարարում են պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մտադրության մասին


Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բանակցություններից հետո: 21-ը փերտրվարի, 2019 թ․

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներն այսօր Երևանում հայտարարեցին, որ կնքել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության 2019 թվականի ծրագիրը:

Բանակցություններից հետո հանդիպելով լրագրողներին՝ Դավիթ Տոնոյանը ընդգծեց, որ երկուստեք պատրաստակամություն է հայտնվել հետզհետե ընդլայնել համագործակցությունը պաշտպանության բնագավառում․ - «Պետք է նշեմ, որ ունենալով երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններով հպարտանալու բոլոր իրավունքները՝ Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում: Պարոն Իզորիայի հետ միակարծիք եմ պատշպանության բնագավառում համագործակցությունը հետզհետե ընդլայնելու և դրանում նորանոր ոլորտներ ներառելու հարցում»:

Լևան Իզորիան հույս հայտնեց, որ հայկական կողմը կշարունակի ակտիվորեն մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին:

Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագրերը ստորագրվել են յուրաքանչյուր տարի՝ 2010 թվականից ի վեր:

«Այս տարվա համագործակցության ծրագիրը հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ընդգրկելով տարատեսակ ոլորտներ, ինչպիսին են ռազմական կրթությունը, ռազմական բժշկությունը, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացումը, մարդու իրավունքները և բարեվարքությունը, կոռուպցիայի դեմ պայքարը»:

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Վրաստանի պաշտպանության նախարարի երևանյան այս այցը առաջինն է:

Լևան Իզորիան արդյունավետ բնութագրեց Հայաստանի ռազմական գերատեսչությունում այսօր կայացած քննարկումները՝ երկկողմ պաշտպանական համագործակցության խորացման նպատակով․ - «Ցանկանում եմ առանձնացնել մեր համագործակցության մի այնպիսի նոր ուղղություն, ինչպիսին է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը, որի շրջանակներում վրացական կողմը պատրաստ է իր փորձառությունը կիսել հայկական կողմի հետ: Հպարտությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի պաշտպանության նախարարության փորձագետները հաջողությամբ կիսում են իրենց փորձը ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր մի շարք երկրների հետ և ակտիվորեն ներգրավված են ՆԱՏՕ-ի ծրագրերին: Մեր զինծառայողները Աֆղանստանում են՝ ներդրում կատարելով միջազգային անվտանգության գործում: Գնահատում եմ հայաստանցի զինծառայողների մասնակցությունը Վրաստանում անցկացված Noble Partner-2018 («Վեհանձն գործընկեր 2018») և Agile Spirit («Արագաշարժ ոգի») զորավարժություններին, որոնք անցակցվել են ՆԱՏՕ-ի անդամների հետ, և հուսով եմ, որ հայկական կողմը կշարունակի ակտիվորեն ներգրավված լինել Վրաստանում անցկավող նմանատիպ ուսումնավարժական միջոցառումներին, որոնք անցկացվում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ներգրավված են մի շարք գործընկերներ»:

Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժության հետ կապված 2017 թվականին մեծ աղմուկ բարձրացավ, երբ Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ զորավարժության նախօրեին պաշտոնական Երևանը հրաժարվել է մասնակցությունից՝ առանց պատճառը նշելու: Մինչդեռ նույն տարվա հուլիսին էր դեռ Հայաստանը հաստատել էր իր մասնակցությունը: Հայաստանի պաշտպանության այն ժամանակվա փոխնախարար Արտակ Զաքարյանը 2017-ի սեպտեմբերին լրագրողներին արձագանքել էր, թե Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը վրաստանյան զորավարժությանը:

Թբիլիսում գործող Քաղաքականության վրաստանյան ինստիտուտի ղեկավար Կոռնելի Կակաչիան այսօր «Ազատության» հետ հեռախոսազրուցում ասաց, որ հայաստանյան հեղափոխությունից հետո Վրաստանը շահագրգիռ է ամրացնել կապերը Հայաստանի նոր իշխանությունների հետ․ - «Վրաստանը հատկապես հետաքրքրված է Հայաստանի հետ ունենալ ավելի խորը հարաբերություններ՝ եվրոպական ինտեգրման կոնտեքստում: Վրաստանը նաև ձգտում է համագործակցել Հայաստանի հետ փորձի փոխանակման նպատակով և լավ համագործակցություն հաստատել ռազմական բնագավառում: Մենք լավ հարաբերություններ ունենք քաղաքական հարթությունում, և այժմ քայլ է արվում խորացնել համագործակցությունը ռազմական բնագավառում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG