Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանից մեկնեցին Բաքու


Երևանից Բաքու մեկնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ալիևը միջնորդների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները:

Տարածաշրջան այցելած Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ Լեռնային Ղարաբաղ չեն այցելել։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ համանախագահների այցի անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ այս փուլում նրանք նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Փաշինյանն ու Ալիևը Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո չորս անգամ են հանդիպել, չորսն էլ՝ ոչ պաշտոնական միջավայրում:

«Լինում են դեպքեր, որ չեն գալիս, եղել են դեպքեր զուտ տեխնիկական՝ եղանակի հետ կապված, և եղել է, երբ որ թեմատիկան տարբեր է, ասենք՝ քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, պատասխանատուների հանդիպումները, ամփոփվում են այդ հանդիպումները։ Նպատակ չի եղել, քանի որ թեմատիկան առնչվում էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումների և նոր հանդիպումների կազմակերպմանը։ Սա խնդրահարույց չէ, և մենք գիտենք, որ դա այդպես եղել է, որովհետև ի սկզբանե տեղեկացված ենք լինում այդ ամենին», - ասաց Դավիթ Բաբայանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության թեմայի շուրջ իր հայտարարություններում բազմիցս անդրադարձել է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության հարցին։ Դավիթ Բաբայանն ասաց՝ իրենք հենց սկզբից էլ ողջունում են այդ մոտեցումը։

«Մենք ի սկզբանե ողջունել ենք այդ մոտեցումը, որ սա կարևոր է, և լավ է, որ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են նաև, որ համառորեն փորձելու են և անելու են հնարավորը, որպեսզի վերականգնվի լիարժեք ձևաչափը բանակցային գործընթացի, միաժամանակ ընդգծել ենք, որ բարդ խնդիր է, ժամանակատար և աշխատատար՝ հատկապես հաշվի առնելով, որ կա միայն մեկ խոչընդոտ այդ ճանապարհին՝ դա Ադրբեջանի ոչ կառուցողական, կարծր, հայատյաց քաղաքականությունն է», - նշեց Բաբայանը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները երեկ Երևանում էին, հանդիպեցին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, ապա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ համանախագահների՝ տարածաշրջան այցից կտրուկ փոփոխություն սպասել պետք չէ՝ հաշվի առնելով 2016-ի ապրիլյան պատերազմը։

«Էստեղ մենք պետք է շատ հետ գնանք՝ ապրիլյան քառորյա պատերազմ, որովհետև էդ պատերազմը ցույց տվեց, որ ներկայիս ռազամաքաղաքական բալանսի պարագայում և հաշվի առնելով նաև խնդրի բնույթը՝ չկա ոչ ռազմական, այսպես ասած, լուծման տարբերակ և չկա նաև քաղաքական համաձայնության հնարավորություն։ Սա շատ ավելի խորքային պատճառներ ունի», - ասաց Հակոբ Բադալյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի, միջնորդների այցից մեկ ակնկալիք պետք է ունենալ՝ անկախ հանդիպում կազմակերպելու հարցում հաջողությունից, հաջողություն արձանագրել շփման գծում հարաբերական կայուն մթնոլորտը պահպանելու համար։

«Համանախագահների հետ շատ հստակ է, որ ներկայումս բուն խնդիրը իրավիճակի քաղաքական կառավարման հնարավորինս կայուն և երկարատև մեխանիզմներ ձևավորելն է, որպեսզի էապես նվազի ռազմական բռնկման վտանգը և գործընթացը շարունակվի, այսպես ասած, քաղաքական մեխանիզմների աշխատանքի միջոցով։ Կարծում եմ էդ խնդիրն է ներկայումս դրված օրակարգում, և բոլոր կողմերն են գործնականում հասկանում, որ սրանից ավելի, այսպես ասած, լուծման խնդիր դնելը որևէ իրատեսական հեռանկար չունի։ Էս տեսանկյունից կարծում եմ՝ համանախագահների այցը այս տրամաբանության շրջանակում է», - նշեց Բադալյանը։

Ի դեպ, համանախագահների այցի ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե ադրբեջանի զինուժը այսօր Աղդամի ուղղությամբ հայտնաբերել և վնասազերծել է հայկական անօդաչու թռչող սարք: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատությանը» փոխանցեց. «Քանի որ Արցախի պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվություն չի հրապարակել, դա նշանակում է, որ նման բան չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG