Մատչելիության հղումներ

Հինգ տարի առաջ ռուսները բռնակցեցին Ղրիմը


Ռուս զինծառայողները Ղրիմում, արխիվ, 5 մարտի, 2014թ.
Ռուս զինծառայողները Ղրիմում, արխիվ, 5 մարտի, 2014թ.

Հինգ տարի առաջ ճիշտ այս օրը ՝ 2014 թվականի փետրվարի 20-ին, Ռուսաստանը սկսել է Ղրիմի բռնակցումը:

Դրան հաջորդել է Ուկրաինայում ամիսներ տևած ներքաղաքական լարվածությունը, բախումները մայրաքաղաքում, ռուսամետ և արևմտամետ քաղաքական հոսանքների թեժ առճակատումը:

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, 2015 թվականին ընդունել է հայտարարություն, ըստ որի հենց փետրվարի 20-ն է համարվում Ղրիմի բռնակցման օրը:

Նախ թերակղզում են հայտնվել զինվորական համազգեստով, սակայն առանց ուսադիրների և տարբերիչ այլ նշանների հարյուրավոր զինծառայողներ: Նրանց հետագայում ռուսական մամուլում անվանել են «կանաչ մարդուկներ» և «քաղաքավարի մարդիկ»:

Այդ հատուկ ջոկատները հսկողության տակ են վերցրել թերակղզու բոլոր կարևոր կառույցները՝ պետական հիմնարկների շենքերը, ճանապարհները, տրանսպորտային հանգույցները, կապի կենտրոնները, ռազմական օբյեկտները:

Լուրջ բախումներ այդ ջոկատների և ուկրաինական ոչ մեծաթիվ ստորաբաժանումների միջև, փաստորեն, չեն եղել:

Երեք շաբաթ անց՝ մարտի 16-ին, թերակղզում անցկացվել է կարգավիճակի հարցով «հանրաքվե», որի արդյունքում Ղրիմը հայտնել է Ռուսաստանին միանալու ցանկության մասին, և մարտի 18-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հռչակել է, որ թերակղզին այլևս Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն է:

Ուկրաինան և Արևմուտքը, ինչպես նաև հարյուրավոր այլ պետություններ չեն ճանաչել ո՛չ Ղրիմի «հանրաքվեն» և ո՛չ էլ Ռուսաստանի ընդունած որոշումը:

Դրանից հետո Կրեմլը սկսել է հատուկ սահմանած «Ղրիմի վերադարձի համար» մեդալով պարգևատրել զինվորականներին, քաղաքական գործիչներին և «Ղրիմի ինքնապաշտպանության» ջոկատների մարտիկներին:

Այդպիսով Կրեմլի որոշմամբ Ռուսաստանում ստեղծվել է նոր երկու սուբյեկտ՝ Ղրիմի Հանրապետությունը և դաշնային նշանակության կարգավիճակով Սևաստոպոլ քաղաքը, որոնք հայտնվել են նորաստեղծ Ղրիմյան դաշնային օկրուգում:

«Կանաչ մարդուկներին» կեսհեգնական անվանել են նաև «ихтамнет», քանի որ Մոսկվան պնդել է, թե զորք չի ուղակել թերակղզին գրավելու համար, «իսկ զինվորական համազգեստին նմանվող հանդերձանք կարելի է գնել ցանկացած խանութում»:

Բայց աշխարհն այդ պարզունակ բացատրությունը, բնականաբար, չի ընդունել: Եվ դրանից մեկ ամիս անց՝ ապրիլի 17-ին, Պուտինը հրապարակավ խոստովանել է, որ գրավման գործողությանը նաև կադրային զինծառայողներ են մասնակցել:

Արևմուտքը Ղրիմի բռնակցմանը պատասխանել է հետզհետե կոշտացող պատժամիջոցներով:

«Ակնհայտ է, որ ռուսները ոչ միայն խախտել են բոլոր միջազգային օրենքները և գրավել են Ղրիմը, այլև ամեն կերպ սատարում են անջատականներին Ուկրաինայի արևելյան շրջանում»,- ասել է այն տարիներին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Կրեմլը մերժում է «բռնակցում» եզրույթը և տեղի ունեցածն անվանում է «պատմական արդարության վերականգնում»:

Ուկրաինայի Գերագույն ռադան 2014 թվականի փետրվարի 20-ը համարում է «Ղրիմի և Սևաստոպոլի ժամանակավոր բռնազավթման մեկնարկի օր»:

Թերակղզու բռնակցմանը հաջորդել է Ուկրաինայի հարավային և արևելյան շրջաններում պետական բանակի և ռուս անջատականների արյունալի պատերազմը:

Այսօրվա դրությամբ մոտ մեկ և կես միլիոն ուկրաինացիներ տեղահանվել են, ռազմական գործողությունների զոհ է դարձել մոտ 13 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG