Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ


ՀՀ նախագահ Արման Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հեռագրում մասնավորապես ասված է. - «Խոր կսկիծ ու ցավ ապրեցի՝ ստանալով մեր ժողովրդի արժանավոր դուստր, ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան գույժը: Այս կորուստը չափազանց մեծ է Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի Տիկին Մանուկյան-Սիմոնն ամենասերտ առնչությունն ուներ այն ամենի հետ, որ կոչվում է հայ ու Հայաստան՝ մշտապես լինելով նրանց կողքին ու նրանց մեջ»:

«Որպես արժանի զավակ իր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի, որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ ու բարերար, նրա մատուցած ծառայությունները Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին իրապես բացառիկ են իրենց ծավալներով ու բովանդակությամբ: Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Արցախը դարձան նրա հայրենանվեր գործունեության թիրախը, որոնց Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնը նվիրված մնաց մինչև իր կյանքի վերջը: Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության երկարամյա նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ ու պատվավոր անդամ, նա բազմաթիվ ծրագրեր նախաձեռնեց ու իրականացրեց թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում: Այդ Մեծ Տիկինն իր ընդգրկուն գործունեությամբ և հեղինակությամբ դուրս է գալիս ազգային սահմաններից և մեր ժողովրդին լավագույն կերպով ներկայացնում միջազգային մակարդակով», - իր ուղերձում գրել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG