Մատչելիության հղումներ

«Մեր ամենակարևոր անելիքը նաև համարում ենք այն, որ մարդը բարձրագույն արժեք լինի նաև ուրիշ մարդու համար». Փաշինյան


Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է կառավարություն, որը մարդու իրավունքների խախտման դեմ պայքարող մարդկանց և կառույցների դաշնակիցն ու հովանավորն է, այսօր Մատենադարանում՝ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ իրավունքների պաշտպանության իրենց բանաձևը բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորություններ և այդ հավասար հնարավորությունների նկատմամբ հավասար հասանելիություն ստեղծելն է։

«Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով։ Մեր քաղաքական տեսակետը և հայացքը, գաղափարախոսությունը հետևյալն է, որ իրավունքների պաշտպանության համատեքստում առաջին անելիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական, գիտական, տնտեսական, քաղաքական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ։ Սա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր կարող է չունեն այդ օբյեկտիվ ընդունակությունները, պետք է դուրս մնան այս քաղաքականության շրջագծից։ Ընդհակառակը՝ մեզ համար կարևոր է, որ մենք մարդկանց աջակցենք, քաջալերենք, օգնենք, որպեսզի նրանք իսկապես նաև իրենց օբյեկտիվ ընդունակությունները զարգացնելու, կրթական համակարգի և կրթությանը հասանելի լինելու հնարավորությունների մեջ լինեն հավասար ուրիշների հետ և ուրիշների հետ օգտվեն հավասար հնարավորություններից։ Սա ռազմավարական խնդիր է մեզ համար, մեր երկրի համար, և այս խնդրի լուծման համատեքստում մենք պիտի կարողանանք հասնել նրան, որ Հայաստանում բոլոր դիրքերում լինեն լավագույնները՝ քաղաքականության մեջ լինեն լավագույնները, կառավարության մեջ լինեն լավագույնները, տնտեսության մեջ լինեն լավագույնները, կրթության մեջ լինեն լավագույնները, որովհետև միայն արդար և հավասար հնարավորությունների հասանելիությունն է, որ այսպիսի իրավիճակ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար», - ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ իրենց համար կարևոր է արձանագրել, որ մարդն իսկապես բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում։

«Մարդը բարձրագույն արժեք է Հայաստանի կառավարության համար, Հայաստանում հաստատված իշխանության համար և մեր ամենակարևոր անելիքը նաև համարում ենք այն, որ մարդը լինի բարձրագույն արժեք նաև ուրիշ մարդու համար», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG