Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարում է, թե ռուս-ամերիկյան հարաբերությունները սրում է հենց Վաշինգտոնը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով դիմել է ՌԴ Դաշնային ժողովին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր իր ուղերձում անդրադառնալով Միացյալ Նահագների հետ բարդ հարաբերություններին՝ հայտարարել է․ - «Թող նախ հաշվարկեն մեր արդիական սպառազինության հեռահարությունն ու արագությունը, հետո միայն կայացնեն որոշումներ, որոնք կարող են հավելյալ սպառնալիք լինել մեր երկրի համար»:

Ե՛վ Մոսկվան, և՛ Վաշինգտոնն արդեն հայտարարել են, որ դուրս են գալիս 1987-ին կնքված փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից։

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ այս համաձայնագրից դուրս գալու մասին Միացյալ Նահանգների որոշման իրական պատճառն այն չէ, որ Ռուսաստանը դրա ինչ-որ կետեր է խախտել, և ավելի ազնիվ կլիներ, եթե Վաշինգտոնը հայտարարեր, թե այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները հետևում էին այս համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին, մյուս երկրները նման սահմանափակումներ չունեին։

Պուտինը նաև հայտարարել է, որ Մոսկվան չի ուզում գնալ հակամարտության Միացյալ Նահանգների հետ, սակայն համարում է, որ հարաբերությունները սրում է հենց Վաշինգտոնը:

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ համապատասխան հրթիռներ տեղադրել Եվրոպայում, բայց կգնա պատասխան քայլերի՝ եթե դա անի Միացյալ Նահանգները․ - «Ռուսաստանը ստիպված կլինի ստեղծել և տեղակայել սպառազինություն այնպիսի տեսակներ, որոնց թիրախում կլինեն ոչ միայն այն տարածքները, որոնցից կա անմիջական սպառնալիք, այլ նաև այն տարածքները, որտեղ գտնվում են Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող որոշումների կայացման կենտրոնները»:

Ինչպես և անցած տարի, Պուտինը այսօր նույնպես մանրամասնորեն պատմել է «Սարմատ», «Կինժալ» և այլ հրթիռների տեխնիկական որակների մասին: Այս տարի, սակայն, Ռուսաստանի նախագահը տեսահոլովակներ չի ցուցադրել:

Դաշնային ժողովին հասցեագրած իր ուղերձում Ռուսաստանի նախագահը, արտաքին քաղաքականության առաջնահերթություններից խոսելիս, նշել է ՀԱՊԿ-ը , Ռուսաստան - Բելառուս միութենական պետությունը, Եվրասիական տնտեսական միությունը, նաև առանձին խոսել է Չինաստանի հետ հարաբերությունների մասին:

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Եվամիության անդամ երկրները կձեռնարկեն քայլեր, որոնք թույլ կտան վերականգնել նորմալ հարաբերությունները Մոսկվայի և Բրյուսելի միջև:

Ելույթի սկզբում Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ այսօրվա իր ուղերձը մեծամասամբ նվիրված է լինելու սոցիալ-տնետեսական հարցերին։

Եվ իսկապես Պուտինն իր ուղերձում մեծ տեղ է հատկացրել և՛ թոշակառուների խնդիրներին, և՛ առողջապահությանը, և՛ կրթությանը, և՛ ժողովրդագրությանը:

Ռուսաստանի նախագահը, ում վարկանիշը վերջին ամիսներին կտրուկ կերպով նվազել է, այսօր հավելյալ վճարումների մասին խոստումներ է տվել թոշակառուներին և բազմազավակ ընտանիքներին, հայտարարել է, որ համաշխարհային մակարդակի նոր բժշկական կենտրոններ կստեղծվեն, որ մինչև տասը հազար ռուբլու կհասնեն վճարումներն այն ընտանիքներին, որտեղ կա հաշմանդամ երեխա, որ հիպոթեկը ինը տոկոսից կնվազի մինչև ութ տոկոս։

Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանում 19 միլիոն մարդ մնում է աղքատ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG