Մատչելիության հղումներ

Էջմիածնի բնակիչը պնդում է, որ Մանվել Գրիգորյանը սպառնալիքով տիրացել է իր հոր կառուցած բենզալցակայանին


Հայկ Թորոսյան
Հայկ Թորոսյան

«Հայրս իր կառուցած բենզալցակայանը սպառնալիքների ներքո տարիներ առաջ հանձնեց գեներալ Մանվել Գրիգորյանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էջմիածնի բնակիչ Հայկ Թորոսյանը:

Հարցին, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, Թորոսյանը պատասխանեց․ - «Հայրիկին ասում էին, որ եթե քո ընտանիքի մասին չես մտածում, մտածիր ընտանիքին մասին, դու չես պատկերացնում ում հետ գործ ունես, մենք կատարում ենք Մանվել Գրիգորյանի հրամանը և պետք չի անցավ գլուխդ դնես ցավի տակ․․․ այսպիսի սպառնալիքներ: Մեզ դպրոց տանելիս կամ բակում, փողոցում կանգնում էին իրենց օգնականների մեքենաները՝ ցույց տալով, որ տեսեք, ձեզ հետևում ենք: Եթե պապան տանը չէր լինում, սպասում էին բակում, փողոցում: Ասում էին՝ իզուր ես ժամանակ շահում, քանի որ հետևանքները կարող են լինել անդառնալի, որդի ունես, երեխաներ ունես, մտածիր իրանց մասին, մտածիր, որ ընտանիքդ փրկես, Մանվել Գրիգորյանը ուզում ա էդ կալոնկեն, մենք չեն կարա չգալ-չգնալ, չես կարող չտալ»:

Հայկի հայրը՝ Պետրոս Թորոսյանը ստիպված է լինում իր կամքին հակառակ բենզալցակայանը զիջել Մանվել Գրիգորյանին՝ առանց գումար կամ որևէ այլ փոխհատուցում ստանալու:

Պետրոս Թորոսյանն իրավապահներին դիմել է միայն հեղափոխությունից հետո, երբ կալանավորվեց Մանվել Գրիգորյանը: Քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի շորթման հոդվածով, պատիժը՝ 6-10 տարվա ազատազրկում:

Հայկն ասում է, որ երբ հայրը տարիներ առաջ փորձել է անձամբ հանդիպել Մանվել Գրիգորյանին, պատասխանել են՝ գեներալը չի ուզւոմ քեզ տեսնի:

Մի քանի ամիս առաջ մահացած Պետրոս Թորոսյանի որդին պատմում է, որ անհնար էր դիմանալ այդ ճնշումներին, սեփական տան դռները չէին կարողանում փակ պահել Մանվել Գրիգրոյանի օգնականներ ներկայացող տղամարդկանց առջև․ - «Գալիս մտնում էին, ասում էին՝ մենք պատասխանի ենք սպասում, էդ պատասխանը ճակատագրական պատասխան ա լինելու, մտածի, մեզ ասա․․․ Օրվա ցանկացած ժամին՝ գիշեր թե ցերեկ, կապ չուներ նրանց համար: Անգամ ես որ դեռ փոքր էի, հիշում եմ հայրս և մայրս ոնց էին խառնվում իրար նրանց գալուց կամ գնալուց հետո»:

Թորոսյանների ընտանիքի փաստաբան Գագիկ Մելիքյանն «Ազատություն» հետ զրույցում ասաց, որ հանգուցյալը բենզալցակայանը կառուցել է 2003 թվականին, իսկ 2007֊ին այն գնահատվել է ավելի քան 140 հազար դոլարր: Հետապնդումների, ճնշումների ու սպառնալիքների ներքո ստորագրվել է մի փաստաթուղթ, ըստ որի Թորոսյանը այն վաճառել է: Փաստաբանը պնդում է, որ դատարանում կապացուցեն, որ առաջին հայացքից օրինական թվացող այդ գործարքն իրականում այդպիսին չէ․ - «2007 թվականի օգոստոսին հայտնվում է փաստաթուղթ, որ իբր Պետրոս Թորոսյանը բենզալցակայանը ամբողջովին ներդրում է «Էջմիածին մաքրություն» ՍՊԸ-ի կապիտալում: Դրանից հետո հանդիպում ենք պայմանագրի, որ իբր Պետրոս Թորոսյանը գնահատման արժեքով՝ 68 միլիոն 871 հազար դրամի չափով իր բաժնեմասը վաճառել է ՍՊԸ-ին: Բայց, բնական է, որևէ տեսակի փոխհատուցում չի ստացել: Չկա ապացույց, որ որևէ տեսակի փոխհատուցում է ստացել: 2012 թվականին Պետռեգիստրից վերցրած փաստաթղթերի համաձայն, «Էջմիածին մաքրություն» ՍՊԸ-ի միակ մասնակիցը՝ 100 տոկոս բաժնեմասի չափով, արդեն հանդիսանում է տիկին Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի կինը»:

Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը կոչ արեց Հայկ Թորոսյանին ու նրա փաստաբանին խնդիրների լուծումը փնտրել միայն իրավական հարթությունում:

Բաղդասարյանն ասաց, թե առաջին անգամ է լսում այս խնդրի մասին․ - «Ոչ միայն ծանոթ չեմ: Բազմիցս լսել եմ նմանօրինակ հայտարարություններ մամուլում, սոցցանցերում, բայց բարձրաձայնել՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը, մինչև օրինական ուժ ստացած դատական, թեկուզ քաղաքացիաիրավական կամ քրեական գործով դատական ակտը, կարծում եմ անթույլատրելի է»:

Նախաքննության ավարտից հետո Հատուկ քննչական ծառայությունը ծավալուն հաղորագրությունում մանրամասներ էր ներկայացրել այս դեպքից ու լրացրել 62-ամյա նախկին պատգամավորի մեղադրանքը: Գրիգորյանը այժմ մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Հայկ Թորոսյանն ասում է, որ իր հայրը մեծ հույս ուներ, որ հեղափոխությունից հետո կկարողանա օրինական ճանապարհով հետ ստանալ 15 տարի առաջ կորցրած ընտանիքի միակ եկամտի աղբյուրը հանդիսացող լացակայանը, բայց չհասցրեց՝ մահացավ: Դեպքից հետո Թորոսյանների ընտանիքը Էջմիածնում չի համարձակվել որևէ սեփական բիզնես հիմնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG