Մատչելիության հղումներ

Փաշինյանը նկարում էր՝ ոնց էր Օսիպյանը խնդրում, որ ինձ տանեն հիվանդանոց․«Սասնա ծռեր»-ի գործով տուժող


«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստ, փետրվար, 2019թ․
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստ, փետրվար, 2019թ․

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեցին տուժողներից երեքը: 2016-ին գրավված Ոստիկանության Պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում վիրավորներին օգնություն ցուցաբերած շտապօգնության մեքենայի վարորդ Լյուդվիգ Չալաբյանը և ՊՊԾ գնդի երկու ոստիկան պատմեցին այդ օրերին իրենց տեսածը:

Լյուդվիգ Չալաբյանն իրեն տուժող չի համարում, ասաց՝ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում մնացել է մինչև կեսօր, իսկ դուրս գալիս հանդիպել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

«Սկզբից ինձ տարան Էրեբունու միլիցայություն՝ միլպետի մոտ, Հակոբյան էր ազգանունը, եթե չեմ սխալվում, ընդեղ էլի նկարներ ցույց տվեցին, նորից [հարցրեցին] «չէի՞ն նեղում տղերքը ձեզ», ասեցի՝ «չէ»։ Հետո՝ «լավ, սպասի», մեկ էլ մի տղու հետ ինձ ուղեկցեցին, տարան Գասպարյան Վովայի մոտ։ Գասպարյան Վովան էլ նորից նկարներ ցույց տվեց, հարցուփորձ արեց, հետո էլ եկան, բա՝ «արի», ուրիշ կաբինետ տարան, Կուտիկյան էր, եթե չեմ սխալվում, իրա մոտ։ Նորից նույն հարցերը, նույն պատասխանները», - ասաց Չալաբյանը։

Հարցին՝ միգուցե Կուտոյա՞ն, պատասխանեց. - «Կուտոյան, այո, հիմա ես շփոթվում եմ, կներեք»։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու Գեորգի Կուտոյանը հարցուփորձ են արել, թե արդյո՞ք չի վախենում կրկին գնդի տարածք մտնել, ապա խնդրել են իր հետ այնտեղ տանել «Սասնա ծռեր» խմբի աջակից Ալեք Ենիգոմշյանին:

«Ինձ հարցրեցին՝ «որ հիմա հարկ եղած դեպքում, որ պետք լինի, կարա՞ս նորից մտնես գունդ, հո չե՞ս վախենում», ասեցի՝ «չէ»։ Նորից եկել ենք Էրեբունի միլիցայություն, Ենիգոմշյանը էնտեղ էր, ասեցին՝ «իրան պիտի մտցնես գունդ, կարա՞ս», ասի՝ «հա»։ Մեզ նստացրել են մեքենա, բերել են որոշ տեղ, իջել ենք, մտել եմ թևը, մտել ենք գունդ, ու դրանից հետո մենք դուրս ենք եկել», - պատմեց Չալաբյանը։

Տուժողը վերահաստատեց ավելի վաղ ներկայացրած իր դիմումը՝ առարկություն չունի, որ անցած տարվա նոյեմբերի 1-ին ընդունված համաներման օրենքը տարածվի ամբաստանյալների նկատմամբ:

Փոխարենը, նրանց համաներելուն դեմ էր ՊՊԾ գնդում այդ օրը հերթապահած ոստիկան Վլադիմիր Սիրեկանյանը: Վերջինս զինված հարձակման օրը գնդի տարածքում իր մեքենայի մեջ քնած է եղել: Պատմեց, որ «Սասնա ծռերը» իրեն կապկպել են և պահել անցակետում: Իր ճնշումը բարձրացել է, և երեք ժամ անց պատանդ Վալերի Օսիպյանի միջնորդությամբ իրեն տեղափոխել են հիվանդանոց:

«Նիկոլ Փաշինյանը նկարահանում էր էդ պահին, վիդեո կա Yuotube-ում, էդ էլ կարող եք նայել, ոնց էր խնդրում պարոն Օսիպյանը, և առարկում էին, որ ինձ տանեին հիվանդանոց։ Մենք սենյակում էինք, որ պարոն Օսիպյանը եկավ առանց պագոնների, ես զարմացա, թե ոնց հայտնվեց», - ասաց Սիրեկանյանը։

Ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանն էլ պատմեց, որ վաղ առավոտյան դեպքի վայր է շտապել, երբ ահազանգել են իրեն հարձակման մասին: Տուժողի խոսքով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իր նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրել, բայց նա դժվարացավ կոնկրետ մարդկանց հիշել:

«Երբ որ ազատ տեղաշարժումը ի սկզբանե, երբ որ ինքնաձիգով ինչ-որ մեկը հսկում է, որ դու մի սենյակից դուրս չգաս և դու էդ ամբողջ ընթացքում գտնվում ես մի սենյակում, այո, վախ եմ զգացել», - նշեց Մարտիրոսյանը։

Տուժող Վիգեն Մարտիրոսյանը գնդի տարածքում երեք ժամ է անցկացրել: Նա դեմ չէր, որ ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվի:

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը կշարունակվի հաջորդ շաբաթ:

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Այդ ժամանակ պատանդառված Վալերի Օսիպյանը և նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը օրեր առաջ դատարանում հայտարարեցին, որ դեմ են ամբաստանյալների նկատմամբ համաներման կիրառմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG