Մատչելիության հղումներ

Կոնգրեսականների պնդմամբ, Սպիտակ տունը ցանկանում է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել


Սպիտակ տունը Վաշինգտոնում
Սպիտակ տունը Վաշինգտոնում

Երեքշաբթի ուշ երեկոյան Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան Վերահսկողության կոմիտեն հատուկ զեկույց հրապարակեց` պնդելով, որ Սպիտակ տունը՝ շրջանցելով ամերիկյան օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգերը, փորձել է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Սաուդյան Արաբիային:

Կոնգրեսական հանձնաժողովի ղեկավար Էլայջա Քամինգսի պնդմամբ, Սպիտակ տանը մոտ կանգնած միանգամից մի քանի աղբյուրներ հաստատել են, որ նախագահ Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, նրա նախկին օգնական, այժմ Կոնգրեսի աշխատակազմը ներկայացնող Դերեք Հարվին և Թրամփի երդմնակալության արարողության կազմակերպմամբ զբաղվող հանձնաժողովի նախագահ Թոմ Բարաքը նոր նախագահի ընտրությունից անմիջապես հետո, Վաշինգտոնում ակտիվ լոբբիստական գործունեություն էին ծավալել` նպատակ ունենալով հաստատել Սաուդյան Արաբիայի տարածքում ամերիկյան տեխնոլոգիաների վրա հիմնված միջուկային ռեակտորների կառուցման ծրագիրը:

«Մի քանի միլիարդ դոլար արժողությամբ այս գործարքի շահառուները միջուկային տեխնոլոգիաների և շինարարության ոլորտում աշխատող ամերիկյան խոշոր ընկերություններն էին, որոնց հետ վերոհիշյալ պաշտոնյաներն ուղղակի կապի մեջ են», - նշում են կոնգրեսականները՝ երեկ երեկոյան հրապարակված զեկույցում, մասնավորաբար, մանրամասնելով, որ Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների մեկնարկին Մայքլ Ֆլինը նախ Թրամփի նախընտրական շտաբի, ապա իշխանության փոխանցմամբ զբաղվող հատուկ կոմիտեի անդամ էր, ինչն, ըստ ամերիկացի օրենսդիրների, շահերի ակնհայտ բախում էր:

Բացի այդ, ըստ Էլայջա Քամինգսի, սաուդցիներին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու որոշումը պետք է պարտադիր կերպով հաստատվի Կոնգրեսի կողմից, ինչից գործարքի ջատագովները ևս ակտիվորեն խուսափել են:

Կոնգրեսական կոմիտեի անդամների պնդմամբ, 2016-ի վերջին և 2017-ի սկզբին մեկնարկած այս պրոցեսն այժմ էլ շարունակվում է, իսկ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջականորեն մասնակցում է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելուն ուղղված գործողություններին:

CNN-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության խորհրդի մի շարք պաշտոնյաներ և Սպիտակ տան իրավաբաններից մի քանիսը շարունակաբար զգուշացրել են վերադասներին, որ Սաուդյան Արաբիայի հետ հնարավոր գործարքը խնդրահարույց է թե՛ օրինականության, թե՛ աշխարհաքաղաքական նպատակահարմարության տեսանկյունից:

«Այդ պաշտոնյաները մտահոգություն են հայտնում, որ գործարքի ավարտին հասցնելուն ուղղված ջանքերն այժմ էլ ընթացքի մեջ են», - պնդում է CNN-ը:

Հեռուստաընկերությունը մեջբերում է նաև Ներկայացուցիչների տան Վերահսկողության հանձնաժողովի զեկույցի այն հատվածը, որտեղ Սպիտակ տան անանուն մի պաշտոնյա նշել է. - «Ներկայացված ծրագիրը ոչ թե բիզնես պլան է, այլ գեներալների համար մի քիչ փող աշխատելու հնարավորություն»:

Արևմտյան աղբյուրներն, ի դեպ, ենթադրում են, որ Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելուն ուղղված քայլերն եզրափակիչ փուլում են:

«Փետրվարի 12-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելով Մերձավոր Արևելքում, մասնավորաբար, Սաուդյան Արաբիայում ատոմակայաններ կառուցելու ծրագրերը», - տեղեկացնում է BBC-ին` նշելով, որ ԱՄՆ նախագահի փեսան, Սպիտակ Տան խորհրդական Ջարեդ Քուշներն առաջիկա օրերին կուղևորվի տարածաշրջան` մերձավորարևելյան խաղաղության ծրագիրը քննարկելու նպատակով:

«Ամերիկացի կոնգրեսականները, սակայն, լուրջ մտավախություն ունեն, որ այս ծրագիրը ոչ միայն հակասում է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների քաղաքականությանն, այլև կարող է, ի վերջո, օգտագործվել ռազմական նպատակներով` խթանելով Մերձավոր Արևելքում սպառազինությունների մրցավազքը», - գրում է BBC-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG