Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այսօր այցելել է Երևանի Կիլիկիա ավտոկայան։
Ավտոկայանից ուղիղ հեռարձակմամբ նախարարը հայտարարեց՝ ահավոր հակասանիտարական վիճակ է հատկապես զուգարաններում, տասնյակ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի իրականացվել։
Արշակյանն արձանագրեց՝ սպասասրահները չեն ջեռուցվում, ներսում մի քանի նստարաններ են դրված, սակայն ցրտի պատճառով անհնար է այնտեղ նստել։
Նախարարը խոստացավ գործուն ջանքեր գործադրել՝ շատ հարցերի արագ լուծում տալու համար։
«Այստեղ պետք է սպասասրահներ լինեն, որոնք պետք է նորմալ ջեռուցվեն, մարդիկ պետք է կարողանան նորմալ օգտվել, սպասել, տոմսերի գնման համակարգ լինի, վարորդների սպասարկման, քաղաքացիների համար», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Մենք շատ գործուն ջանքեր ենք թափելու, որպեսզի այստեղ մարդկային նորմալ վիճակ ստեղծվի։ Այստեղ բազմաթիվ սենյակներ կան, որոնք կարելի է վարձակալությամբ տալ, և ճիշտ ղեկավարման արդյունքում հնարավոր է, որ մենք կարողանանք ապահովել այստեղ նորմալ արժանապատիվ իրավիճակ, որպեսզի մեր քաղաքացիներն օգտվեն քաղաքակիրթ փոխադրվելու իրենց իրավունքից։ Պետք է շարունակաբար զարգացնել, որպես հիմնական ենթակառուցվածք միջքաղաքային, և նաև դեպի արտասահման ուղևորափոխադրումների հարցը պատշաճ ձևով կարգավորելու համար»։