Մատչելիության հղումներ

«Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է». Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ։

Ըստ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի, Սահակյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար տարիներ խմորվող պայքարի կիզակետը: Այդպես շարունակվել այլևս չէր կարող: Արցախցին դուրս եկավ հրապարակ՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության, հանուն սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հանուն սեփական հողում ազատ ապրելու և հայ մնալու: Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր: Բաքվի ու Սումգայիթի հայ բնակչության կոտորածները վերջնականապես ցույց տվեցին բռնատիրական Ադրբեջանի իրական դեմքն ու նպատակները, բացահայտեցին արցախահայությանը բնաջնջելու նրա հրեշավոր ծրագրերը: Հայ ժողովուրդը միավորվեց, մեկ մարդու պես զենք վերցրեց և մեզ պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը, իր հավատքն ու արժանապատվությունը՝ կանխելով երկրորդ Ցեղասպանությունը և կերտելով փառավոր հաղթանակներ»:

Բակո Սահակյանը նշել է՝ Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է:

«Դա համազգային կամքի ու ոգու, ուժի ու միասնականության հաղթանակն է, հայրենիքին անսահման նվիրվածության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Հավե՜րժ փառք նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ հանուն մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների, հանուն վեհ գաղափարների իրականացման», - ուղերձում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG