Մատչելիության հղումներ

Միայն Ուկրաինային աջակցող մարդը կարող է իրեն եվրոպացի կոչել. Տուսկ


Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Կիևում, 18-ը փետրվարի, 2019թ.
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Կիևում, 18-ը փետրվարի, 2019թ.

«Միայն Ուկրաինային աջակցող մարդը կարող է իրեն եվրոպացի կոչել», - երեկ Գերագույն ռադայի ամբիոնից հնչեցրած ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրամիության ղեկավար մարմնի` Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ուկրաինացի պատգամավորներին դիմելով նրանց մայրենի լեզվով:

«Միայն նա, ով համերաշխություն է ցուցաբերում Ուկրաինայի հետ, եվրոպացի կոչվելու իրավունք ունի: Այն մարդիկ, որոնք պատրաստ են վաճառել Ուկրաինան, վաճառում են նաև Եվրոպայի ապագան: Պատահական չէ, որ այն քաղաքական գործիչները, որոնք հարցականի տակ են դնում եվրոպական ինտեգրման նպատակահարմարությունը, կասկածի տակ են առնում նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ասա, թե ինչ ես մտածում Ուկրաինայի մասին, ես կասեմ, թե ինչ կարծիքի ես Եվրոպայի մասին», - հայտարարում էր Տուսկը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը Կիև էր ժամանել 2014 թվականի ուկրաինական հեղափոխության հինգերորդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Այս տարի հեղափոխության տարելիցը համընկավ նախագահական ընտրությունների ակտիվ քարոզարշավի մեկնարկի հետ:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին` Դոնալդ Տուսկը ուկրաինացի քաղաքական գործիչներին զսպվածության կոչ արեց:

«Առաջիկա ընտրություններում աշխատեք միմյանց չափազանց մեծ վնաս չհասցնել: Ձեր պատմությունն, ինչպես նաև իմ ժողովրդի` լեհերի պատմությունը, վկայում են, որ մեր երկրներում ծագող ներքին հակամարտությունները լավագույն նվերն են երրորդ ուժի համար», - հայտարարում էր Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

«Իմ անձնական փորձից, ինչպես նաև լեհ ժողովրդի պատմական փորձից ելնելով` շատ լավ հասկանում եմ, որ վտանգի պահին միայնության զգացումը կարող է ավելի ծանր ընկալվել, քան անգամ թշնամու հարձակումը: Դուք, սակայն, համարձակորեն դիմակայել եք և շարունակում եք դիմակայել ձեր ագրեսիվ հարևանի չարակամ մտադրություններին: Դուք դա անում եք մի իրավիճակում, երբ համաշխարհային քաղաքական թատերաբեմի մի շարք ազդեցիկ դերակատարներ երկդիմի կամ անտարբեր պահվածք են ցուցաբերում», - հայտարարում էր Տուսկը` մեկ անգամ ևս ընդգծելով, որ Եվրամիության կառույցները շարունակելու են աջակցել Կիևին:

«Այսօր այստեղ` Գերագույն ռադայում, ես հայտարարում եմ ոչ միայն իմ, այլև ողջ Եվրամիության անունից` մենք ձեր կողքին ենք և մենք ցանկանում ենք հետագայում ևս աջակցություն ցուցաբերել ձեզ», - ասել է Տուսկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG