Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը կողմ չէ կիսանախագահական համակարգի վերադարձին


«Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պիտի ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար», - կարծում է Ազգային ժողովի նախագահը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կողմ չէ կիսանախագահական համակարգի վերադարձին:

Մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնելու և կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու առաջարկը անցած շաբաթավերջին արել էր Հայ ազգային կոնգրեսը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նաև կարծում է, որ սահմանադրություն փոխելուց հետո մեկ տարվա ընթացքում էլ անհրաժեշտ է անցկացնել նախագահական ընտրություններ, փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի։

Իշխանական «Իմ քայլը» դեռևս պաշտոնապես չի արձագանքել արտախորհրդարանական ՀԱԿ-ին:

Միրզոյանն այսօր ասաց, որ իր կարծիքն է ներկայացնում։ Սահմանադրական փոփոխություններ, ըստ ԱԺ նախագահի, հնարավոր են, բայց ոչ այնքան մասշտաբային, որ կրկին երկրի կառավարման մոդել փոխվի:

Նա չբացառեց, որ նախագահի լիազորություններին ևս անդրադարձ լինի՝ դրանք ավելացնելու առումով․ - «Կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն ես կողմնակից չեմ ամենևին: Ես կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ․ մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պիտի ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար: Իսկ սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեև կարծում եմ, սա իմ մասնավոր կարծիքն է, ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից վերադարձնենք կիսանախագահականի: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա, այո: Շրջանակը առայժմ հստակեցվում է, բայց մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, կան իրավիճակներ, որտեղ Սահմանադրությունը չի կարգավորում, և հնարավոր է փակուղիներ առաջանան: Այս ամեն ինչը պետք է ուսումնասիրենք․․․ Գուցե նաև նախագահի լիազորություններին, գուցե նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված․․․»

Կիսանախագահականից խորհրդարանական կառավարմանն անցնելը Սերժ Սարգսյանի գաղափարն էր: Ընդդիմադիրների պնդմամբ՝ նախագահական 10 տարիներից հետո էլ երկրի ղեկն արդեն որպես վարչապետ իր ձեռքում պահելու նպատակով: Բայց 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո վարչապետ Սարգսյանը պաշտոնավարեց ընդամենը 6 օր՝ հրաժարական տալով Նիկոլ Փաշինյանի առաջնորդած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում:

Կիսանախագահական համակարգին վերադարձը հետընթաց է համարում «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Երկիրը, ասաց, նախ պետք է խորհրդարանական դարձնել:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այսօր այն վարչապետական է․ - «Խորհրդարանը իրական լծակներ ունենա գործադիր իշխանությանը վերահսկելու համար: Այնպես չլինի, որ․․․ օրինակ, հիմա խորհրդարանը ի՞նչ լիազորություն ունի․ մի հատ վարչապետին ընտրում ա ու վերջ, էլ ոչ մի բանում չի կարող միջամտել: Ո՛չ կառավարության կառուցվածքի իմաստով, ո՛չ ձևավորման, ո՛չ պաշտոնների»:

«Լուսավոր Հայաստանը», ըստ Մարուքյանի, սահմանադրական փոփոխությունների փաթեթ է հեղինակել՝ խորհրդարանական խմբակցությունների լիազորությունների բարձրացմանը վերաբերող։ Որ խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու, որևէ օրենքի նորմի սահմանադրականությունը վիճարկելու հնարավորություն ունենան: Ընդդիմադիրները փոփոխություններ են առաջարկում Սահմանադրության այն հոդածներում, որոնց ընդունման համար հանրաքվե անհրաժեշտ չէ, խորհրդարանն էլ կարող է:

Նախագիծը դեռ շրջանառության մեջ չեն դրել: Մարուքյանն ասաց՝ նախ կհանդիպի մյուս խմբակցությունների ներկայացուցիչներին՝ տեսակետներ ճշտելու համար: Հույս հայտնեց, որ մեծամասնությունն էլ դրական դիրքորոշում կունենա: Ի վերջո առանց իշխանական «Իմ քայլի» ընդդիմադիր ԼՀԿ-ի առաջարկները չեն կարող ընդունվել։

«Նաև այսօրվա իշխանությունների խոստումն է և քննադատությունն է ուղղված եղել այդ համակարգին, որը ներդրվել է Սերժ Սարգսյանի կողմից», - հավելեց Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք «Լուսավոր Հայաստանի»-ի առաջարկները դեռևս չեն քննարկել, քանի որ նախագիծը հրապապարակված չէ, իսկ իրենց դիրքորոշման մասին խոսք կարող է լինել նախագծին ծանոթանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG