Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 6,3 միլիարդ դոլար է գնահատել արևմտյան պատժամիջոցների պատճառած վնասը


Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունը 6,3 միլիարդ դոլար է գնահատել արևմտյան պատժամիջոցների պատճառած վնասը։ Ռուսաստանի տնտեսությանը հիմնականում վնաս են հասցրել, նախարարության տվյալներով, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան։

Ռուսաստանի դեմ, ընդհանուր առմամբ, 159 տարբեր տիպի պատժամիջոցներ է սահմանել 64 երկիր։ Ամենից շատ վնասներ Ռուսաստանին հասցրել է Եվրամիությունը։ Շուրջ 2,4 միլիարդ դոլար է կորցրել Ռուսաստանի տնտեսությունը եվրոպական պատժամիջոցների հետևանքով։

Երկրորդ հորիզոնականում է Միացյալ Նահանգները՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է շուրջ 1,1 միլիարդ դոլար։ Երրորդ հորիզոնականում Ուկրաինան է՝ Կիևի հետ հակամարտության հետևանքով Մոսկվան կորցրել է շուրջ 800 միլիոն դոլար։ Ամենից շատ պատժամիջոցներից տուժել է ռուսաստանյան մետալուրգիան՝ ոլորտը պատժամիջոցներից կորցրել է շուրջ 4 միլիարդ դոլար, գյուղատնտեսությունը՝ շուրջ մեկ միլիարդ դոլար, իսկ քիմիական արդյունաբերությունը՝ շուրջ 600 միլիոն դոլար։

Հիշեցնենք, Ռուսաստանը հայտնվել է նախ ամերիկյան, այնուհետև նաև եվրոպական պատժամիջոցների թիրախում 2013 թվականից՝ Սերգեյ Մագնիտսկու մահից հետո։ Նա անազատության մեջ էր հայտնվել, քանի որ հրապարակել էր ռուսաստանյան կոռուպցիոն սխեմաները։ Արևմուտքը սահմանել է «Մագնիտսկու ցուցակը», և այդ ցուցակում են հայտնվում բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանում ոտնահարում են մարդու իրավունքները։

Առավել ուժգին ճնշումը Ռուսաստանի վրա սկսվեց ուկրաինական զարգացումներից հետո՝ 2014-ին, երբ Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Ղրիմը և սկսեց աջակցել Դոնբասի անջատողականներին։ Այս զարգացումների ֆոնին ռուս-ուկրաինական տնտեսական կապերը գրեթե խզվել են, Ուկրաինայից դուրս են հանվել ռուսական ընկերություններն ու բանկերը։

ԱՄՆ-ը հատկապես կոշտ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերից հետո, երբ Միացյալ Նահանգներում 2016 թվականին նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։

Բացի այդ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանվել Սիրիայի կառավարությանն ու Հյուսիսային Կորեայի իշխանություններին աջակցելու համար։ Ի աջակցություն Մեծ Բրիտանիայի՝ Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները նոր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ Սկրիպալների գործի շրջանակում։

Ճնշումը Ռուսաստանի դեմ շարունակվում է, ոչ միայն գործում են արդեն սահմանված պատժամիջոցները, այլ նաև նորերն են մշակվում, բոլորովին վերջերս ԱՄՆ Սենատը նոր օրինագծի տեսքով քննարկման դրեց պատժամիջոցների առավել կոշտ փաթեթ։ Այսօր, օրինակ, արդեն արգելված է տեխնոլոգիաներ վաճառել Ռուսաստանին, լուրջ սահմանափակումներ են գործում ռուսական բանկերի և այլ ֆինանսական կառույցների համար, սպասվում են նաև սահմանափակումներ ռուսական պարտատոմսերի և էներգետիկ ընկերությունների համար։

Վերջերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե պատժամիջոցները, իհարկե, վնասում են Ռուսաստանի տնտեսությանը, սակայն դրանք չեն կարող դառնալ ռուսաստանյան տնտեսության լուրջ ճգնաժամի պատճառ։

Ռուսաստանն էլ իր պատասխան պատժամիջոցներն է սահմանում ԱՄՆ-ի և Եվրամիության դեմ, օրինակ՝ արգելված է եվրոպական գյուղմթերքի մուտքը Ռուսաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG