Մատչելիության հղումներ

Մարտի 2-ին Օհանյանի տեսաուղերձը բանակի ուղղակի ներգրավվածության ուղիղ ապացույցներից մեկն է. փաստաբան


Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի տեսաուղերձը մարտիմեկյան իրադարձություններին բանակի ուղղակի ներգրավվածության ուղիղ ապացույցներից մեկն է, երեկ «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

Գրիգորյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ «Մարտի 1»-ի գործով Սեյրան Օհանյանի մեղադրանքի հիմքում միայն այդ տեսագրությունը չի դրված, ըստ փաստաբանի, նրա մեղադրանքը շատ ավելի ընդարձակ է։

«Գեներալ Օհանյանի կողմից ուղղակիորեն սպառնալիքներ են հնչեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական հիմնարար իրավունքների իրականացման դեպքում Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, իր նշմամբ, համարժեք ներգործության վերաբերյալ։ Սա լրացուցիչ գնահատման կարիք ունի, բայց Սեյրան Օհանյանի ներգրավվածությունն այս գործում և իրեն մեղսագրվող արարքն ամենևին էլ միայն էդ տեսագրության հիմքով չի։ Նա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է եղել, բանակային ստորաբաժանումների շարժը հայկական բանակում չէր կարող առանց իր գիտության տեղի ունենար, և որոշ մասով՝ նույնիսկ առանց իր թույլտվության կամ անմիջական մասնակցության։ Տեսաուղերձը հրապարակային այն ապացույցն է, որը ներառված է այդ ապացույցների շարքում, և այդ տեսաուղերձում իր կողմից հնչեցվող սպառնալիքները և նախազգուշացումն, այսպես ասենք, նաև այն դրսևորումներից մեկն է, որով բանակային ստորաբաժանումները կոնկրետ իրենց սահմանադրական խնդիրներից դուրս գործառույթներ են իրականացնում, և գեներալ Օհանյանն այդ ամենի մասնակից է և առանցքային դերակատարներից մեկն է։ Բայց այդ տեսաուղերձը չի, տեսաուղերձում նման նախազգուշացում հնչեցնելու, սապառնալիքներ հնչեցնելու փաստը չի դրված նրա մեղադրանքի հիմքում, նրա մեղադրանքը շատ ավելի ընդարձակ է», - ասաց Գրգորյանը։

Հարցին, թե ե՞րբ կարող է ասել, որ «Մարտի 1»-ի էջը փակված է, փաստաբանը պատասխանեց. - «Այս գործն առանցքային մասերից է, և այս գործը հատկապես տուժողների իրավահաջորդների համար է առանցքային մաս, որովհետև սահմանադրական կարգի տապալումն է բերել հանգեցրել այնպիսի իրավիճակի, երբ իրենց հարազատների կյանքի իրավունքների բոլոր երաշխիքները չգոյացել են այդ տարածքում։ Երբ որ դու բերում ես բարձր պատրաստվածություն ունեցող, առավոտից իրիկուն մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողներին, այսպես կոչված, ոստիկանական օպերացիայի թատերաբեմ, զինում ես նրանց մարտական հրազենով, էդ ամբողջն է ստեղծել այն նպաստավոր միջավայրը, երբ էս մարդկանց կյանքի իրական երաշխիքները չգոյացել են»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Սեյրան Օհանյանին «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով: Օհանյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 2-ի իր հեռուստաելույթում, որն, իր խոսքով, դրված է մեղադրանքի հիմքում, սպառնալիք չկա։ Պաշտպանության նախկին նախարարը, ով 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, նշում է՝ «մարտի 2-ին եթեր տրված տեքստը նպատակ ուներ կանխարգելել հնարավոր սադրանքներն արդեն գործառույթ իրականացնող բանակի և ժողովրդի միջև»։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG