Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյան․ Նյութերի այն հատվածը, որոնք արդեն ուսումնասիրել եմ, շոկային են


Կարլեն Ասլանյանի հյուրը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն է:

«Ազատություն»․ - Ավարտվել է նախաքննությունը Քոչարյանի, Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի մասով: Ձեզ գործը արդեն ուղարկվե՞լ է ամբողջությամբ և արդյո՞ք ունեք միջնորդություններ:

Վահե Գրիգորյան․ - Նախաքննության ավարտը հայտարարվել է, մոտ 80 հատոր գործի նյութերը տրամադրվել են: Վաղը պիտի վերցնեմ նաև այլ նյութեր՝ տեսագրությունները, որոնք դեռ պատրաստ չեն: Այս պահին ծանոթանալու փուլում ենք: Բավականին մասին արդեն ծանոթ եմ, մի զգալի մասին ծանոթ էի նախորդ տասը ու կես տարիների ընթացքում այս գործը վարող՝ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ: Ծանոթանալուց հետո միջնորդությունների վերաբերյալ վերջնական որոշում պիտի կայացնենք: Միջնորդություններ լինելու դեպքում նախաքննության մարմնին խնդրելու ենք դրանք քննել: Եվ այդ ամենի ավարտից հետո արդեն որոշվելու է գործի ելքը: Նախաքննության մարմինը դատախազի հետ պետք է որոշեն:

«Ազատություն»․ - Այսինքն, այս փուլում վաղ է ասել, որ նախաքննության ընթացքը և այն տեսքը, որով գործը պիտի ուղարկվի դատարան, Ձեզ գոհացնում է կամ չի գոհացնում:

Գրիգորյան․ - Ես չեմ ցանկանա վերջնական պատասխան տալ էս հարցի վերաբերյալ, բայց կարող եմ ասել, որ նյութերի էն հատվածը, որոնք արդեն ուսումնասիրել եմ, շոկային են: Ժամանակին, եթե հիշում եք, հնչեցվեց, որ հասարակությունը պիտի հոգեբանորեն պատրաստ լինի բացահայտումներին: Ես դա միանշանակորեն հենց հիմա կարող եմ ասել: Էդ բացահայտումներին պատրաստ լինելը․․․ ոչ սկանդալներ լսելու ակնկալիքի իմաստով պատրաստ լինի հոգեբանորեն, այլ հոգեբանորեն պատրաստ լինի այս գործը իր ամբողջ խորությամբ և լրջությամբ գիտակցելու և դրանից դասեր քաղելու համար: Եվ առերեսվելու մեր ոչ շատ ուշ անցյալի: Մարտի 1-ի գործը, ինչքանով որ ես եմ պատկերացնում, ոչ միայն գործ է այն մասին, թե մենք ինչպիսին ենք եղել 10-11 տարի առաջ, այլ, կախված նրանից, թե մենք ինչպես դրանով կանցնենք, դրա և՛ իրավական, և՛ քաղաքական կոմպոնենտները ի նկատի ունեմ, դա լինելու է մի գործ այն մասին, թե մենք ինչպիսին ենք լինելու 50 տարի հետո, 100 տարի հետո՝ որպես պետություն:

«Ազատություն»․ - Մի քանի պնդումներ, որ այս ամսվա ընթացքում, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ են արել: Նախ այն, որ մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, և այն ժամանակվա նախագահը այդ մասին իմացել է միայն առավոտյան: Ձեր արձագանքը:

Գրիգորյան․ - Հույս եմ հայտնում, որ հենց այս պահին նաև իմ կոլեգա Հայկ Ալումյանը այս պահին ուսումնասիրում է գործի բոլոր նյութերը, և թերևս էս փաստարկը երբևէ այլևս չի բերվի: Որովհետև այնտեղ շատ հստակ, շատ պարզ, ամենաուղիղի կիրառության ապացույցներով փաստված է, եթե, իհարկե, սրանք անցնեն նաև դատավարական ստուգման փուլը, խոսում են հետևյալի մասին: Առաջին, զենքի և զինամթերքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն ոստիկանությունը որևէ աղբյուրից չի ստացել: Բոլոր այն փաստաթղթերը, որոնք ժամանակին կազմվել են և տեղադրվել են գործի մեջ, կազմվել և տեղադրվել են հետին թվով: Եվ բոլոր այն ոստիկանները, որոնք այդ փաստաթղթերի «հեղինակներն» են եղել․․․ վկայել են, որ իրականում նրանք որևէ ինֆորմացիա չեն ունեցել ո՛չ զենքի, ո՛չ զինամթերքի վերաբերյալ:

«Ազատություն»․ - Մարտական ինքնաձիգեր, նռնակներ․․․ այս մասին էր հաղորդվում, որ ցուցարարների ձեռքին կան, վրաններում պահում են:

Գրիգորյան․ - Այդ ամենը ակնհայտ է եղել նախորդ տասը տարիների ընթացքում: Մենք իհարկե չեն ունեցել այն ապացույցներն այն ժամանակ Եվրոպական դատարանի առջև կամ ներպետական վարույթներում, որ ոստիկանները գային, համաձակություն ունենային ասել, որ իրենք իրականում որևէ ինֆորմացիա չեն ունեցել: «Ոստիկանական» գործողության ողջ նպատակը եղել է քաղաքական բողոքը ուժային մեթոդներով ճնշելը: Մոտ 80 հատորը հիմա իրենք ձեռքում է, և ես կարծում եմ, որ այս խոսակցությունն առհավետ կդադարեն: Կսկսվեն բացատրություններ էն մասին, թե ինչու են բանակային ստորաբաժանումները ներգրավվել քաղաքական բողոքը ուժային մեթոդներով ճնշելու գործողությունների մեջ: Այ սա արդեն առարկայական խոսակցություն է:

«Ազատություն»․ - Այդ ապացույցները դրվելու են սեղանին:

Գրիգորյան․ - Արդեն կան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG