Մատչելիության հղումներ

Ուրցաձորի վերընտրված համայնքապետը հաղթանակը մեծ տոնախմբությամբ է նշում


Կիրակի կայացած ընտրություններում Արարատի մարզի Ուրցաձորում վերընտրված համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը այսօր հաղթանակը նշում էր տանը՝ մեծ տոնախմբությամբ։

Բակում կայանված էին մեքենաների շարասյուներ, տանը՝ երգ ու պար։

Ուրցաձորը համարվում է խնդրահարույց համայնքներից մեկը. այստեղ Թավշյա հեղափոխությունից հետո բողոքի ակցիաներ էին ընթանում՝ պահանջելով Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը։ Ի վերջո, գյուղացիների պահանջով 2018 թվականի հոկտեմբերին նա հրաժարական տվեց՝ ուրցաձորցիներին խոստանալով ընտրություններին կրկին առաջադրվել։

Անդրեասյանը վստահ էր՝ հաղթանակն իրենն է լինելու. - «Էս ընտրությունները է՛լ ավելի պարտավորեցնող է, ավելին պետք է անել, որ էդ դժգոհությունները քչանան։ Մենք լավ ենք հասկանում, որ էդ նաև դժգոհության ալիքը ինչ-որ բաներում էլ կար առիթ, բայց կարծում եմ, որ նաև պարզ դարձավ, որ դա որոշ մարդկանց բուռն ցանկությունն էր և անձնավորված էր»։

Այստեղ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել էր հինգ թեկնածու: Հրաժարական տված համայնքապետի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 2 հազար 220 բնակչներից 911-ը: Ձայների հաշվարկով երկրորդ տեղն է զբաղեցրել «Քաղաքացիական պայմանագրից» Գևորգ Ավետիսյանը: 19 տարի համայնքը ղեկավարած անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը ասում է՝ ընտրություններից հետո մարտական է տրամադրված. - «Մարտական, աշխատանքային, իմ ունակությունները, իմ հմտությունները, իմ փորձը բազմապատկելու եմ ու շարունակելու եմ աշխատել։ Էլ ինչի՞ց պետք է բողոքեն։ Էդ էին ուզո՞ւմ, հրաժարակա՞ն, վերընտրությո՞ւն։ Պարոն Անդրեասյանը միշտ օրինապահ է եղել և քննություններն էլ կապացուցեն դրա մասին»։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ընդգծում է, որ ընտրությունները լեգիտիմ են անցել, մասնակիցների համար ապահովվել են հավասար պայմաններ։ Եթե նախկինում սովորական ընթացակարգ է համարվել վարչական ռեսուրսի օգտագործումը, ապա այս տարի նման դեպքերը բացառված են եղել, պնդում է մարզպետը:

«Ընդհանուր առմամբ մենք սպասում էինք համայնքի բնակիչների կողմից ընտրության ակտիվ մասնակցություն, ինչին մենք ականատես եղանք, քանի որ առաջադրված հինգ թեկնածու, նարանց բոլորի համար հավասար մրցակցուցային պայմանները մենք ապահովել ենք, և մեզ համար նույնպես շատ հետաքրքիր էր, թե ինչպիսի ելք կունենա այս ընտրությունները, համայնքը ում ձայն կտա։ Համայնքը որոշեց, որ եղած հինգ թեկնածուներից առավել, իրենց համար, արժանի թեկանծուն պարոն Անդրեասյանն է և ընտրեց նախկին համայնքի ղեկավարին», - նշեց մարզպետը։

Մեկ այլ համայնքում՝ Վարդանաշենում ևս վերընտրվել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացրած համայնքապետ Արթուր Մանուկյանը։ Անկուսակցական թեկնածուի օգտին քվեարկել է 283 մարդ: Նրա միակ, կրկին անկուսակցական մրցակից Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 233 քվե: Այստեղ առավոտյան բողոքի ակցիա էր՝ ընդդեմ վերընտրված համայնքապետի:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, նախնական տվյալներով կիրակի օրը 24 համայնքներում կայացած ընտրությունների մասնացել է ընտրողների 58,47 տոկոսը:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ոչ մի համայնքից առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել։

Համայնքներից 14-ում ընտրությունները հերթական էին, 10-ում՝ արտահերթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG