Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «Կոչ ենք անում Մոսկվային ոչնչացնել արգելված հրթիռը»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, արխիվ:

Երեկ Մյունխենում ավարտված անվտանգության գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի չեղարկումն էր:

Թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը համաձայն են, որ «սառը պատերազմի» տարիներին կնքված պայմանագիրն ընձեռել է 3 տասնամյակների ընթացքում կայունություն ապահովելու հնարավորություն, որ այդ փաստաթղթից հրաժարվելը վնասակար է աշխարհի համար, բայց և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը միմյանց են մեղադրում պայմանագրից դուրս գալու համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենում Մոսկվային կոչ է արել հրաժարվել նոր հրթիռից և այդպիսով փրկել փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագիրը:

«Մենք հորդորում ենք Ռուսաստանին կատարել պայմանագիրը, բայց պատրաստվում ենք նաև ապրել մի աշխարհում, որտեղ չի գործի նման պայմանագիր և կլինեն Եվրոպայում ավելի մեծ թվով ռուսական հրթիռներ, ՆԱՏՕ-ն արդեն սկսել է աշխատել այդ ուղղությամբ, ես չեմ ցանկանա կանխատեսել, թե ինչ կլինի», - ասել է Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ դաշինքի միացյալ և հաշվարկված պատասխանն այնուամենայնիվ «չի ենթադրում Եվրոպայում ցամաքային տեղակայման միջուկային հրթիռներ»:

Երբ նախ Վաշինգտոնը, ապա Մոսկվան հաղորդեցին ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչյովի և Ռոնալդ Ռեյգանի կնքած պայմանագրից դուրս գալու մասին, փորձագետներն անմիջապես ահազանգեցին, որ արդյունքում անխուսափելիորեն վտանգի տակ կհայտնվի նաև ավելի ծանր քաշային կատեգորիայի՝ ռազմավարական հարձակողական սպառազենի կրճատման պայմանագիրը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Մյունխենում ասել է, որ Մոսկվան պատրաստ է սկսել քննարկումները:

«Պայմանագրի ժամկետը սպառվում է 2021-ին, բայց ժամանակն արագ է անցնում, մենք Միացյալ Նահանգներին արդեն առաջարկել ենք սկսել քննարկումները՝ պայմանով, որ պետք է հստակ պատկերացում ստանալ որոշ սուզանավերի և ծանր ռմբակոծիչների հրթիռներն ապամիջուկայնացնելու ամերիկացիների որոշման վերաբերյալ»,- ասել է Լավրովը:

Նա պարզաբանել է, որ փաստաթուղթը տալիս է այդ հնարավորությունը՝ պայմանով, որ մյուս կողմը դա տեխնիկապես ընդունելի կհամարի: Այս պահին, ըստ Լավրովի, Մոսկվան ամեներիկացիներից հստակ պարզաբանումներ դեռ չի ստացել:

New START պայմանագիրը, որը Մոսկվայում անվանում են СНВ-3 (Договор между Российской Федерацией и Соединёнными Штатами Америки о мерах по дальнейшему сокращению и ограничению стратегических наступательных вооружений), 2010-ի ապրիլի 8-ին Պրահայում ստորագրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի այն տարիների ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:

СНВ-3-ը 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ է մտել 10-ը տարով: Նախքան ժամկետի սպառումը կողմերը կարող են այն երկարաձգել ևս 5 տարով:

Երկու նշված պայմանագրերի ճակատագրերը փոխկապակցված են: Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման փաստաթղթի չեղարկումը կտևի կես տարի:

Եթե այդ ընթացքում ոչինչ չփոխվի, կողմերն առանց կաշկանդվելու կսկսեն ստեղծել ու տեղակայել նոր զինատեսակներ:

Վաղ թե ուշ կողմերից մեկը կասի, թե հակառակորդի նոր զինատեսակն իր որակներով չի զիջում ռազմավարական հարձակողական հրթիռներին, ուստի պետք է ստեղծել դրա հակակշիռը:

Այդպիսով, Մոսկվան և Վաշինգտոնը, մեկը մյուսին մեղադրելով, ի վերջո կհրաժարվեն նաև СНВ-3 պայմանագրից:

Ի դեպ, ոչ պակաս հզոր սպառազեն է ստեղծում նաև Չինաստանը, տեխնիկական պարամետրերով եռյակին մոտենում են Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան:

Այդ սցենարով 21-րդ դարի առաջին կեսին կարող է ընթանալ սպառազինությունների մրցավազքը:

Իհարկե, մտահոգիչ տարբերակը կարող է կանխվել, եթե միջազգային դերակատարները գան համաձայնության, բայց առնվազն այսօր նման հնարավորություն չի ուրվագծվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG