Մատչելիության հղումներ

Կան համայնքներ, որտեղ գերիշխել է ընտանեկան կլանային մտածողությունը․ Սուրեն Պապիկյան


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքում է նախօրեին Վարդենիսի և Վարդանաշենի ընտրված համայնքապետերի դեմ բնակիչների մի մասի բողոքին:

«Մենք պետք է հենվենք օրենքի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա։ Այսինքն այլ կերպ իշխանությունն առաջնորդվել չի կարող, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված է օրենքով, և բոլորը օրենքի առաջ հավասար են։ Երբ մենք խոսում ենք, որ կուսակցական ռասիզմով չենք առաջնորդվելու, չենք առաջնորդվելու հայեցողականությամբ ու ասելու՝ այս մեկը մերոնցական է, նա ձերոնցական է։ Իշխանության դերը պահպանելն է բոլորի հավասար իրավունքները, թույլ չտալ, որպեսզի շրջանցվեն օրենքները, կատարվեն չարաշահումներ և այլն, և այլն։ Այսինքն մենք մեր առջև դրված խնդիրները կատարել ենք, և, բնականաբար, համայնքի բնակիչներն իրենք են որոշել, թե ով լինի իրենց համայնքապետը», - ասաց Պապիկյանը։

Նախարարի խոսքով, Վարդենիսում իր կուսակցի՝ պարտված թեկնածուի Վահան Զարեյանի մեղադրանքները, թե հաղթած անկուսակցածան թեկնածու Արամ Մելքոնյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորությամբ է ընտրվել, իրականության հետ աղերս չունի:

«Այո, մեկ այլ թեկնածու օրեր առաջ բողոքել էր, նաև խնդիր էր առաջացել, որ էդտեղ կա մարզպետի գործոնը, ինչին ես հետամուտ եմ եղել ու պարզել եմ, որ էն, ինչ ասվում է իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Այնուհետև մարզպետն է իրենց հետ հանդիպում ունեցել, և կարծես թե ամեն ինչ ավարտվել է փոխհամաձայնությամբ, բարիդրացիական մթնոլորտում, և բոլոր կրքերը հանդարտվել են, բոլորը իրար հասկացել են», - ընդգծեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարը։

Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ ՏԻՄ ընտրություններում թեկնածուների հաղթանակն արձանագրվել է ընտրողների վստահության քվեով՝ առանց վարչական լծակների գործադրման: Բայց միաժամանակ չի թաքցնում, որ դեռ կան համայնքներ, որտեղ այսպես ասած ընտանեկան կլանային համակարգը պահպանվել է, և դրա շնորհիվ են նաև վերընտրվում որոշ համայնքերի երկարամյա ղեկավարներ:

Օրինակ, Արմավիրի մարզում վերընտրվել են նաև Վարդանաշեն ու Ուրցաձոր համայնքների ղեկավարները, որոնք հեղափոխությունից հետո ժողովրդի պահանջով հրաժարական տվեցին և առաջադրեցին իրենց թեկնածությունը նոր ընտրություններում:

«Որևէ մեկը չի կարող ասել, որ իշխանությունը այսինչ թեկնածուին օգնեց, վարչական ռեսուրս կիրառեց և այլն: Մենք թողել ենք հավասար հարթություն, բայց այս պայմաններում էլ տեսնում ենք, որ, այո, կան համայնքներ, որտեղ գերիշխել է ընտանեկան կլանային մտածողությունը, և խոշոր ազգերի ներկայացուցիչները, խնամիական կապեր ունեցող այլ ազգերի հետ կարողանում են կոալիցիա կազմել և ապահովել հաղթանակ: Որովհետև չնայած նրան, որ մենք չունենք թեկնածուներ, բայց ես ինքնս ուշի-ուշով հետևել եմ, թե որ համայնքում ինչպես է ընթանում քարոզարշավը։ Շատ համայնքներում մենք ունեինք ինտելեկտուալ թեկնածուներ, այնուամենայնիվ, եթե թվերին նայենք, սրանով չեմ ուզում նսեմացնել հաղթանակած թեկնածուներին, որովհետև շատ դեպքերով հավասար են նրանք, բայց կրթական ցենզով բարձր շատ մարդիկ հավաքել են տասնապատիկ ավելի քիչ ձայներ, նրանց ծրագրերը ոչ մեկի համար լսելի չեն եղել», - նշեց Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանը կոչ է անում քաղաքացիներին վերահսկել համայքների ղեկավարների գործունեությունը և պահանջատեր լինել. - «Անհրաժեշտ է պարզապես հաշվի նստել իրականության հետ, այո, խոշորացույցի ներքո պահել յուրաքանչյուր համայնքապետի գործունեություն, նաև պատրաստվել ավագանու ընտրությանը, ունենալ ուժեղ ավագանի, ուժեղ հակակշիռ և այդպիսով համայնքում այն, ինչ տարիներ շարունակ չի արվել այսուհետ պահանջեն և ստիպեն օրենքին համապատասխան ամեն ինչ կատարել»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններում որևէ թեկնածուի չի սատարելու՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից։ Թիմակից թեկնածուներին սատարելու անհրաժեշտություն կլինի հունիսյան ՏԻՄ ընտրություններում, երբ «Քաղաքացիական պայմանագրի» հերթական համագումարով ձևավորված կլինեն տարածքային կառույցները և այդ կառույցներն էլ կառաջադրեն թեկնածուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG