Ուկրաինայի խնդրով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերի պնդմամբ, պաշտոնական Մոսկվան չի ցանկանում բանակցել Դոնբասում ստեղծված կացության շուրջ, քանի դեռ Ուկրաինայում չեն ավարտվել գարնանը նախատեսված նախագահական ընտրությունները: Այդ մասին Վոլքերը հայտարարել է անվտանգության խնդիրներին նվիրված Մյունխենյան համաժողովի շրջանակներում:
«Մենք միշտ էլ կողմ ենք եղել, որպեսզի հանդիպումներ կազմակերպվեն և բանակցություններ ընթանան: Ռուսաստանը, սակայն, որևէ հետաքրքրություն կամ առաջընթաց այս հարցում չի ցուցաբերում», - «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ, ասել է Վոլքերը:
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ վերջին շրջանում նաև պարզ է դարձել, որ Մինսկի համաձայնագրի դրույթները մնում են թղթի վրա:
«Ոչ հրադադար է եղել, ոչ էլ՝ ծանր սպառազինության հետքաշում, որ նախատեսված էր Մինսկի համաձայնագրով», - նշել է Վոլքերը: