Դեռ մի քանի օր է անցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հերթական հանդիպումից, պաշտոնական Մոսկվան, սակայն, արդեն հայտարարում է Պուտին-Էրդողան նոր հանդիպման մասին։
«Պուտինն ու Էրդողանը հերթական բանակցությունները կանցկացնեն Մոսկվայում այս տարվա ապրիլին», - երեկ հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին Էրդողանն այցելել էր Ռուսաստան՝ Սոչի, որտեղ նախ երկկողմ հանդիպում էր անցկացրել Պուտինի հետ, այնուհետև կայացել էր Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը։ Կողմերը պայմանավորվել են վերջ տալ ահաբեկչությանը Սիրիայի Իդլիբ նահանգում և աջակցել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի կայացմանն ու աշխատանքների մեկնարկին։
Ուշակովը երեկ հայտարարել է, որ երկու երկրների առաջնորդները մասնակցելու են Ռուսատան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի աշխատանքներին, որը նվիրված է լինելու երկու երկրների համագործակցությանը, հատկապես՝ մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։
Ի դեպ, սա լինելու է Պուտին-Էրդողան արդեն երրորդ հանդիպումը 2019 թվականին։
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, Էրդողանի այցը Մոսկվա նախատեսված է ապրիլի առաջին կեսին։
Չնայած երկու երկրներն ունեն լուրջ տարաձայնություններ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, այդուհանդերձ Պուտինն ու Էրդողանն ինտենսիվ բանակցություններ են անցկացնում և փորձում են կոորդինացնել իրենց գործողությունները Սիրիայում։ Սիրիայի շուրջ ռուս-թուրքական շփումներն ավելի ինտենսիվ դարձան, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին։
Հավելենք, որ վերջերս Անկարան Մոսկվայի հետ պայմանավորվել է S-400 հրթիռների ձեռքբերման մասին համաձայնագրի շուրջ, որն առաջացրել է Միացյալ Նահանգների զայրույթը։