Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել իր աղմկահարույց գրառման պատճառով։
Վրաստանի երրորդ նախագահը Ֆեյսբուքում հայտարարել է, թե Միացյալ Նահանգներում գենետիկ թեստ է անցել և պարզել, որ ինքը 99 տոկոսով վրացի է։
«Գրեթե 99 տոկոսով վրացի եմ և 1 տոկոսով հույն։ Այդ թեստը ճշգրիտ հստակեցնում է, թե ովքեր են քո նախնիներն առնվազն վերջին հազար տարվա ընթացքում», - գրել է Սաակաշվիլին՝ շարունակելով. - «Պարզվել է, որ վերջին դարերի ընթացքում իմ նախնիները ընդհանրապես որևէ մեկի հետ չեն խառնվել, և ես առաջինն եմ խախտել այդ ավանդույթն՝ ամուսնանալով եվրոպացու հետ»։
Վրաստանի նախագահի կինը, հիշեցնենք, հոլդանդացի է:
Թեև Սաակաշվիլին շտապել է հավելել, որ հարգում է բոլոր հարևաններին, և, իհարկե, սիրում տարբեր ազգությունների պատկանող Վրաստանի հայրենասերներին, այդուհանդերձ նրա հասցեին քննադատությունների տարափը չուշացավ. օգտատերերից շատերը նրան մեղադրում են ազգայնական դրսևորումների մեջ՝ հիշեցնելով, որ տարբեր գիտական պնդումների համաձայն, վրացիները, ինչպես նաև լեզգիները և մի շարք այլ ազգություններ ամենամոտն են հայերին:
Սաակաշվիլիին ուղղված այս դիտարկումը պատահական չէ. Վրաստանի նախկին նախագահի ազգությունը նրա պաշտոնավարման տարիներին մշտապես քննարկվել է: Մամուլը, մասնավորապես, պնդում էր, որ նա ազգությամբ հայ է:
Վերջերս քաղաքական գործիչը իր ելույթներից մեկում հերթական անգամ անդրադարձել է այդ թեմային՝ ասելով. - «Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Երբ հայերին ես հարցնում, բոլորն անխտիր ասում են՝ «հայ ենք»: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ հենց վրացին չի սիրում որևէ մեկին, ասում է՝ «այդ մեկը հայ է», և այդպես Վրաստանի կեսն, այդ թվում՝ ես, հայ ենք», - կես կատակ ասել է Վրաստանի նախկին նախագահը։