Մատչելիության հղումներ

Աճեմյանցիների թատերախումբը Լոս Անջելեսում ջերմ ընդունելության է արժանացել


Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 15-հոգանոց ստեղծագործական խումբը օրերս է վերադարձել Միացյալ Նահանգներում հյուրախաղերից: 18-օրյա հյուրախաղերը 18-ամյա դադարից հետո կազմակերպել էր «Գլոբալ Արթս» ընկերության տնօրեն Կարպիս Թիթիզյանը:

Օվկիանոսից այն կողմ՝ հայաշատ Լոս Անջելեսում աճեմյանցիներն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին «Հարսանիք թիկունքում» բեմադրության նախատեսված երկուսի փոխարեն չորրորդ ներկայացում են խաղացել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ ոչ կազմակերպիչները և ոչ էլ իրենք էին սպասում, որ ներկայացումը հանդիսատեսի կողմից նման ընդունելության կարժանանար:

«Անցավ բարձր մակարդակով, մեր առաջին իսկ ներկայացմանը ներկա էր Գլենդեյլի քաղաքապետը, գիտեք՝ Զարեհը Սինանյան, նաև գլխավոր հյուպատոսն էր: Երբ մենք մեկնում էինք Նահանգներ, մեզ հետաքրքիր էր, թե ինչպես կդիտի ներկայացումը 18-19 տարի Հայաստանից բացակայած հայը: Ի ուրախություն մեզ, ասեմ, որ էմոցիաները, իրենց տպավորությունները շատ էին, ու առաջին ներկայացումից հետո երկրորդ, երրորդ, չորրորդ ներկայացումները լեփ-լեցուն են եղել: Բայց ամենաառանձնահատուկը մեզ համար երրորդ ներկայացումն էր, որովհետև դպրոցականներ էին ներկա լինելու, այսինքն, գիտեք երևի, վարժարաններ կան, ու 800 պատանի հանդիսատես ներկայացումը դիտել է», - պատմեց Հարությունյանը՝ ընդգծելով․ - «Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ թեկունքի՛ մասին է էս ներկայացումը, ու Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայ հայի թիկունքն է, ու էս ներկայացումը իրենց մասին է»:

Բոլոր չորս ներկայացումներին ներկա է գտնվել Միացյալ Նահանգներում բուժվող՝ քառօրյա պատերազմի մասնակից Արման Ավետիսյանը: «Առաջին ներկայացմանն ենք մենք հրավիրել իրեն, երկրորդ, երրորդ ներկայացումները ինքը ինքնակամ գալիս էր, ինքը բեմ բարձրացավ: Վիրահատություն է տարել՝ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, վիրահատություն էր տարել, որ հիմա արդեն ամեն ինչ նորմալ է, կարողանում էր քայլել: Ներկա է եղել մեր բոլոր ներկայացումներին, և իր հուզումն ու ապրումը և իր ներկայությունը դահլիճում է՛լ ավելի էր հանդիսատեսին ոգևորում, ու շատ տպավորիչ էր մեր հանդիպումը», - ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ներկայացումը դիտելու համար Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում ապրող հայեր էին եկել, ընդգծեց թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանը․ - «Ոչ միայն հայաստանցի հայերն էին եկել ներկայացումը դիտելու, նույնիսկ Նյու Յորքից տոմսեր էին գնել, եկել էին դիտելու: Կային հայեր, ովքեր ժամանակին Բեյրութից, Սիրիայից և այլ երկրներից են տեղափոխվել Ամերիկա, կային հայեր, ովքեր հենց այնտեղ ծնվել, մեծացել են»:

Դերասան Տիգրան Գաբոյանը հյուրախաղերից հետո համոզվել է, որ սփյուռքում կարոտ են բարձրաճաշակ արվեստի ներկայացման: «Ես ուզում եմ, որ կազմակերպիչները սփյուռքին ներկայացնեն իսկապես հայապահպանության գործին նպաստող մշակութային միջոցառումներ: Բարձրաճաշակ լինի, որովհետև սփյուռքի մարդիկ ծարավ են, նրանք սնունդի կարիք են զգում, և երբ որ ցածրաճաշակն է գնում, զուտ հայերեն խոսքի համար գուցե գնան, բայց իրենց ճաշակը կընկնի, իրենք կմտածեն, որ հայրենիքում այ էսպես է: Ոչ, հարկավոր է, որպեսզի կազմակերպիչները բարձր ճաշակի, բարձր արվեստի բաներ տանեն», - ասաց Գաբոյանը:

Թատրոնի դերասանների համար կարևոր է եղել նաև նախկին աճեմյանցիների հետ հանդիպումը: Մի քանի տասնամյակ հայրենիքից հեռու ապրողների մոտ կարոտի մեծ զգացում կա, նկատել է դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը: «Ինձ թվում էր, որ մի քիչ էդ կարոտի զգացողությունը սառած կլինի, քչացած կլինի, իրենք արդեն հաշտվել են էնտեղ, հարմարվել են: Բայց ես զգացի, որ էդպես չէր, ընդհակառակը՝ էդ տարիների, քսան, երեսուն, տասը, տասնհինգ տարիների կարոտը էնպես էր կուտակված նրանց մեջ, որ առիթ էր պետք, որ դա հրաբխի նման ժայթքեր, ու էս ներկայացումը եղավ էդ առիթը», - պատմեց դերասանուհին:

Նոր հյուրախաղերի առաջարկներ ունեն աճեմյանցիները՝ կրկին Միացյալ Նահանգներից, նաև՝ եվրոպական երկրներից, հիմա նախապատրաստվում են Սիդնեյ մեկնելու:

Աճեմյանցիները գյումրեցի հանդիսատեսին էլ են ներկայանալու նոր ներկայացումներով: Մարտին թատրոնը առաջնախաղ է ունենալու, նաև Թումանյանի 150-ամյակին են նախապատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG