Մատչելիության հղումներ

Վարչապետը քաղաքացու և ՊԵԿ-ի հարաբերությունների փոփոխություն է ակնկալում


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն են ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:

«Ընդհանրապես, մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր վճարելու պարտականությունների նկատմամբ փոխելն է, և սա մեզ համար ունի ռազմավարական ու անկյունաքարային նշանակություն՝ մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխության իրականացման համատեքստում», - ասել է վարչապետը:

«Այստեղ ունենք աշխատելու երեք ուղղություն», - նշել է Փաշինյանը՝ մանրամասնելով․ - «Առաջինն, իհարկե, մեր քաղաքացիների հետ երկխոսությունն է՝ այս հարցի վերաբերյալ նրանց ընկալումները և ըմբռնումը մեծացնելու ուղղությամբ: Երկրորդ ուղղությունն, իհարկե, օրենսդրության առումով հարկային արդար համակարգ ստեղծելն է, և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Երրորդը՝ ոչ պակաս կարևորը, եթե ոչ ամենակարևորը, Պետական եկամուտների կոմիտեի իմիջի, նրա աշխատանքի որակի, նրա աշխատանքի բովանդակության, կոմիտեի ինքնազգացողության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումն է, որը չափազանց կարևոր է»:

Նշելով, որ վերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ, վարչապետը շարունակել է․ - «Շատ կարևոր է, որ ի վերջո կարողանանք փոխել հանրության որոշակի մասի ընկալումը, եթե շատ պատկերավոր ասեմ, կներեք այս պատկերավոր ձևակերպման համար, թե Պետեկամուտների կոմիտեն ապրում է իրենց հաշվին և իրենց շահերի հաշվին: Շատ կարևոր է, որ հանրությունը տեսնի և զգա, որ Պետական եկամուտների կոմիտեն անհաղորդ չէ իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ, սկսած շարժուձևից, աշխատանքի ոճից, ընդհանուր բովանդակությունից և կեցվածքից»:

«Սա չափազանց կարևոր խնդիր է և ես ուզում եմ, որ այս խնդիրը Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմը և նաև ամբողջ կազմը գիտակցի: Ակնկալում եմ, որ այս պրոցեսին զուգընթաց հանրության, քաղաքացու և Պետական եկամուտների կոմիտեի հարաբերությունների փոփոխություն տեղի ունենա ու ՊԵԿ-ը, նրա ղեկավար կազմը և ընդհանրապես ողջ անձնակազմն ամեն ինչ անի, որպեսզի հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով, և այդ կերպարը չլինի ուղղակի, այսպես ասած, փիառ գործիք, այլ լինի խորը բովանդակային վերլուծության, քննադատությունների, խորը հաշվառման և արդարացի քննադատություններին արձագանքման տրամաբանության մեջ», - ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ դա չափազանց կարևոր է, և ՊԵԿ նախագահն ու ողջ կազմը կարող են դա ընկալել որպես իր ուղիղ հանձնարարական:

«Պետք է ուշադիր հետևենք հանրության արձագանքին այս գործընթացի և ակնկալվող փոփոխությունների նկատմամբ», - նշել է վարչապետը:

Այնոհուհետև ՊԵԿ պատասխանատուները մանրամասն ներկայացրել են կոմիտեի գործառույթների և հարկային վարչարարության արդիականացմանը միտված նոր ծրագիրը: Նշվել է, որ այն մշակվել է միջազգային փորձի հիման վրա: Ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG