Մատչելիության հղումներ

Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնորդները 7-ն են


Armenia -- A Street in Ashotsk, undated.
Armenia -- A Street in Ashotsk, undated.

Շիրակի մարզի խոշորացված Աշոցք համայնքում փետրվայի 17-ին համայքնապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: 11 համայնք միավորող Աշոցքի ղեկավարի թափուր աթոռի համար 7 թեկնածու է պայքարում, այդ թվում՝ ընդամենը չորս ամիս առաջ հրաժարական տված նախկին համայնքապետը:

Հանրապետական Արթուր Ալոյանը դեռ 3 տարի կարող էր պաշտոնավարել, ու համանքում էլ հեղափոխությունից հետո նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ տեղի չունեցան, բայց անցած նոյեմբերին հրաժարական տվեց:

Նա ասում է, թե հրաժարականը ոչ ոք չի պարտադրել, իսկ իր որոշումն այսպես է հիմնավորում․ - «Վարչապետը ամբիոնից հայտարարեց, որ ճիշտ չենք անցել նախկիններս, էն ժամանակահատվածում ենք անցել համայնքի ղեկավար, երբ որ ընտրությունները ճիշտ չեն կազմակերպված եղել, հրաժարական տանք, նորից անցնենք»:

Ի պատասխան հարցին՝ եթե պիտի կրկին առաջադրեր իր թեկնածությունը, ինչո՞ւ հրաժարական տվեց, Ալոյանը ընդունեց, որ այդ քայլով պետությանը ծախսի տակ է գցել, բայցև հավելում, թե նոր ընտությունն իր համար քննություն է․ - «Եթե ժողովուրդը հիմա չպիտի վստահեն, ուրեմն հեղափոխությունից հետո էն իրեք տարին շատ դժվարությամբ կարելի էր աշխատել: Իսկ եթե վստահեն ժողովուրդը, էս քննությունը անցնենք․․․»

Հանրապետական կուսակցության շարքերը մեկ տարի առաջ է համալրել: Հիմա երբ Հանրապետականն այլեվս իշխանություն չէ, արդյո՞ք իր հանրապետական լինելը չի խոչընդոտի ընտրություններին քվե ստանալիս:

«Ընտրություններին եթե պիտի խանգարի հանրապետական լինելը, ուրեմն թող խանգարի, ես չանցնեմ», - արձագանքեց նա:

Ալոյանը մինչև Աշոցքի խոշորացումը նույն գյուղի համայնքապետն էր 11 տարի շարունակ:

Աշոցքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրից» Կարեն Մանուկյանը շուրջ 10-ը տարի Ռուսաստանում է բնակվել, վերադարձել ու ստանձնել է պաշտոնը: Հիմա արդեն համայնքապետի թեկնածու է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 3 թեկնածու կա առաջադրված, բոլորն էլ ինքնաառաջադրվել են:

Կարեն Մանուկյանն ասում է, որ կուսակցությունը որոշել է ազատություն տալ կուսակիցներին, ով ցանկանում է, թող մասնակցի:

Հարցին, թե արդյոք իրարից ձայն չեն փախցնի, Մանուկյանը պատասխանեց․ - «Ցանկացած թեկնածու ցանկություն ունի շատ ձայներ տանելու: Իրարից տանել․․․ երևի թե էդ պրոցեսը կա»:

Նա վստահեցրեց, որ, թեև հիմա իշխանական կուսակցության ներկայացուցիչ է, վարչական ռեսուրսը չի օգտագործելու:

Թավշուտի նախկին համանքապետ, դաշնակցական Սուրեն Սարգսյանը երկրորդ անգամ է պայքարում խոշորացված Աշոցքի համանքապետի աթոռի համար: Նա ևս ինքնառաջադրվել է:

Հարցին, թե ինչու որոշեց կրկին պայքարել այն դեպքում, երբ ամիսներ առաջ նաև ԱԺ-ի պատգամավորի ռեյտինգային թեկնածու էր մարզում, Սարգսյանը պատասխանեց․ - «Որոշումը եղել է մեր ընկերների հետ խոսակցության միջոցով ու նաև կուսակցության: Ես դաշնակցական եղել եմ, կամ ու կմնամ»:

Նա մրցակցությունը դրական է համարում, բայց մի նկատառում ունի՝ թեկնածուների որտեղից լինելն է շատ դեպքերում ընտրության ելքը որոշում․ - «Քիչ թեկնածուներ լինելու դեպքում․․․ անցած անգամ կար էր «ցի»-ն, այսինքն՝ էստեղացի, ընտեղացի: «Ցի»-ն որ լինում է, որտեղ որ գերակշռող մասն է ընտրողների, բնականաբար, շահողը ինքն է: Ես կուզենամ, որ ճիշտ ընտրություն կատարվի: Ոչ միայն ընկեր-ծանոթ-բարեկամ, այլ ես կուզենամ, որ նաև քաղաքացիները ընտրեն ծրագրի համար»:

Թեկնածուն կոնկրետ ծրագիր ունի, թե ինչպես մշակույթը մոտեցնել համայնքներին: Սոցիալական խնդիրները լուծելու հարցում էլ ճապոնական ասացվածքով է առաջնորդվելու․ - «Մարդուն պետք է ոչ թե ձուկ տաս, այլ կարթ: Էդ կարթը ի՞նչն է: Հիմա, ասենք, կան բարձրարժեք մշակաբույսեր, այդ մշակաբույսերը մենք բերելու ենք տարածաշրջան: Կսկսենք կարիքավոր ընտանիքներից, հետո կսկսենք նորաստեղծ ընտանիքներից, հետո էդպես շարունակենք»:

Ինքնառաջադրված մյուս թեկանածուն Բավրայի նախկին գյուղապետ, վերջին ՏԻՄ ընտրություններում Հանրապետականին հաղթած անկուսակցական Կորյուն Սումբուլյանն է:

«Էդ պոտենցիալը, որը ես ունեմ, որ ինչ-որ բան տարածաշրջանի համար կարամ անեմ, էն ծանոթությունները, էն կազմակերպությունների հետ համագործակցությունը, որ էս տարիների ընթացքում կուտակվել է: Նաև իմացությունը գյուղապետարանի աշխատանքները ներսից․․․ Էն ձգտումը, որ մեր գյուղերը դարձնենք բնակավայր, ոչ թե՝ դե ապրում ենք էլի, էկել ընկել կրակը ու մնացել ենք», - ասաց նա:

Սումբուլյանը, հակառակը, 7 թեկնածուների առաջադրումը մի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ողբերգություն է համարում: Դժգոհում է՝ ցենզ չի սահմանվել, ով ուզում, առաջադրվում է:

Աշոցք խոշորացված համայնքում 5 հազարից ավելի ընտրող կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG