Հայաստանի քաղաքացիներն իրենց տնտեսական վարքագիծը պետք է փոխեն, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով Տրանսպորտի, կապի, և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Արշակ Հակոբյանի այն դիտարկմանը, թե Երևանից մինչև Իրանի սահման ճանապարհային նոր՝ ժամանակակից նշաններ են տեղադրում, թվով 4 հազար նշան, նախագիծը մոտենում է ավարտին, սակայն արձանագրել են, որ տեղադրված նոր նշանները գողացվում են։
«Թվարկեմ ինչի համար են ծառայում՝ թոնրի կափարիչից, մինչև ձնամաքրման, հողագործական բահ», - ասաց Արշակյանը։
Նախարարը նշեց, որ նախագիծն արժե մոտ 1 միլիոն դոլար, և այդ գումարը ծախսվում է պետական միջոցներից, հետևաբար այդ քայլով, նախարարի խոսքով, մեծ վնաս է հասցվում պետությանը։
«Եթե մենք ծախսում ենք այդ 1 միլիոն դոլարը, հետո պարզվում է, որ այդ գումարը ծախսել ենք, բայց հարցը չենք լուծել, հետո ստիպված ենք ևս մեկ միլիոն դոլար ծախսել, որը հետո նորից կգողացվի, հետո էլի մեկ միլիոն դոլար ծախսել ու էդպես շարունակ, ու հետո կպարզվի, որ դրա արդյունքում գումար չի գոյացել, որ մի հատ վթարային շենքի խնդիր լուծենք, կամ նպաստը, թոշակը բարձրացնելու խնդիր լուծենք։ Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցներն այս շղթան շատ հստակ պատկերացնեն։ Էս շղթան կամ պետք է ամբողջությամբ աշխատի, կամ չի աշխատելու, և այս շղթային աշխատելու պատասխանատվությունն առաջինը կառավարությանն է, բայց դա չի նշանակում, որ միայն կառավարությանն է», - արձանագրեց վարչապետը՝ շարունակելով. - «Մենք, հետևաբար, սա նկատի ունենք, երբ որ ասում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց տնտեսական վարքագիծը պետք է փոխեն։ Տնտեսական վարքագիծը նաև նշանակում է, որ տնտեսական վնաս չհասցնեն. այնտեղ, որտեղ չեն կարողանում օգնել, վնաս չհասցնեն, իսկ որտեղ պարտավոր ենք օգնել, պետք է օգնել»։