Մատչելիության հղումներ

«Եթե որևէ մեղք փնտրենք, ապա դա ամբողջությամբ ընկնում է նախորդ ռեժիմի պարագլխի և իր բանդայի վրա». Սեֆիլյանը՝ «Սասնա ծռերի» գործից


«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ ոչ ուշ ապագայում «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամները ոչ թե բացարձակ ազատություն են ձեռք բերելու, այլ նրանք նաև պետության կողմից ամենաբարձր պարգևի են արժանանալու՝ որպես ժողովրդի հերոսներ։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Սեֆիյանը նշեց՝ «Սասնա ծռեր»-ի տղաներն ապստամբներ են և ապստամբություն են իրականացրել։

Հարցին, թե ընդունո՞ւմ են, որ առնվազն ոստիկաններից մեկի սպանությունը խմբի անդամների կրակոցից է եղել, Սեֆիլյանը պատասխանեց՝ եթե մեղք փնտրեն, ապա մեղքն ամբողջությամբ ընկնում է «նախորդ ռեժիմի պարագլխի և իր բանդայի վրա, որի մի մասնիկն է եղել ոստիկանության վերնախավը»։

Սեֆիլյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Ոստիկանապետը դեմ է համաներմանը «Սասնա ծռերի», և գիտեք հիմնական փաստարկը՝ «ընկերների եմ կորցրել»։

Սեֆիլյան. - Դա կեղծիք է։ Ես կարծում եմ, որ ում մասին որ Դուք խոսում եք, մեր ժողովրդի համար հայտնի անձնավորություն է, ես համոզված եմ, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը խիստ բացասական կարծիք ունի այդ անձնավորության նկատմամբ, և բացարձակ մեծամասնությունը նաև զարմացել էր, երբ պարոն Փաշինյանն այդպիսի մի անձնավորության նշանակեց այդպիսի պաշտոնի, և այդ պատճառով ամիսներ առաջ մենք բարձրաձայնել ենք, հրաժարականն ենք պահանջել։ Շատ զավեշտալի է, երբ մի համակարգի ներկայացուցիչ, որը տարիներ կեղեքել է մեր ժողովրդին, բռնացել է մեր ժողովրդի նկատմամբ, գալիս է դատարան և արգելք է դնում մեր ժողովրդի համար իր կյանքը վտանգի տակ դնող հայ մարդկանց ազատությունը խաթարելու նպատակով։

«Ազատություն». - Բայց փաստը կա, չէ՞՝ իր ընկերները սպանվել են, պարոն Սեֆիլյան, և ինքը չի ուզում, որ ներվեն։

Սեֆիլյան. - Նախ հայտնի չէ, թե ով է սպանել, և այդ ամենի մեղավորը, վերջիվերջո, նախորդ ռեժիմն է՝ իր պարագլուխով և ենթականերով։

«Ազատություն». - Ինքն էլ ասաց՝ «թող դատավարությունը պարզի և մեղավորները պատժվեն, ինչո՞ւ հիմա ասեմ՝ ներում եմ»։

Սեֆիլյան. - Զավեշտալին այն է, որ այսօրվա արդարադատական համակարգը, չգիտես ինչու, հարցում անելու հնարավորություն տվեց չակերտավոր տուժող կողմին, որ «դու կհամաձայնե՞ս, թե՞՝ չէ»։ Ընդհանրապես համաներման ակտը պետական բարձրագույն որոշում է, և այս դեպքում որևէ նախադեպ չկա, որ հարցում են անում որևէ տուժողի՝ «դուք համաձա՞յն եք, թե՞՝ ոչ»։ Սա լրիվ անհեթեթ մի վիճակ է, որ, դժբախտաբար, պարոն Փաշինյանը կուլ գնաց այդ խայծին, սակայն մենք թույլ չենք տա, որ այդպես շարունակվի, և մենք մեր իրավունքներին տեր ենք կանգնելու: Տղաները ապստամբներ են, ավելին՝ ես համոզված եմ, որ առաջիկա ժամանակներում՝ ոչ ուշ ապագայում, այդ տղաները ոչ թե բացարձակ ազատություն են ձեռք բերելու, այլ նրանք նաև պետության կողմից ամենաբարձր պարգևի են արժանանալու որպես հերոսներ մեր ժողովրդի։

«Ազատություն». - Առնվազն մեկի սպանությունն ընդունում եք, չէ՞, որ ձեր կրակոցից է եղել։

Սեֆիլյան. - Տեղի է ունեցել ապստամբություն, փառք Աստծո, որ հնարավորինս քիչ կորուստներով ենք մենք որպես ժողովուրդ դուրս եկել այդ վիճակից, եթե որևէ մեղք փնտրենք, դա ամբողջությամբ ընկնում է նախորդ ռեժիմի պարագլխի և իր բանդայի վրա, որի մի մասնիկն է եղել ոստիկանության վերնախավը։

«Ազատություն». - Պարոն Սեֆիլյան, զոհերի հարազատների հետ Դուք հանդիպում էիք նախատեսում, ստացվե՞ց։

Սեֆիլյան. - Այո՛: Մինչև իմ բանտից դուրս գալը համերաշխության մասին պարբերաբար պարոն Փաշինյանը բարձրաձայնել է, և այդ ամեն ինչն իմանալով՝ ես դուրս գալուց հետո փորձել եմ այդ նախաձեռնությունն իմ կողմից կիրառել, զոհվածների ընտանիքների հետ շփում հաստատել, հասկացնել, որ վերջապես բոլորը զոհ են, այստեղ մեղավորներ պետք է չփնտրել: Սակայն ի զարմանս ինձ՝ նույն ոստիկանապետ կոչեցյալը, փոխանակ ենթարկվելու վարչապետի ցուցումին, հորդորին, որ օր առաջ այդ համերաշխությունը տեղի ունենա, նա հակառակը՝ գործողություններ կատարեց, ամեն ձևով փորձեց ինձ կամ մեզ հեռու պահել։

«Ազատություն». - Հերքել է, ասաց, որ սուտ եք ասում։

Սեֆիլյան. - Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը կարիք ունի իմանալու, թե այս դեպքում ճշմարտությունն ով է ասում՝ ե՞ս, թե՞ այդ կեղեքող անձնավորությունը։

«Ազատություն». - Պարոն Սեֆիլյան, դա ծանր հանդիպում է լինելու: Այն, ինչ որ Դուք ասում եք եթերում, որ՝ «այո, մեր կրակոցից է ընկել Վանոյանը, բայց մեղքը Սերժ Սարգսյանինն է», ոստիկանների հարազատների հետ հանդիպմանն էդպե՞ս եք ասելու։

Սեֆիլյան. - Բազմաթիվ ասելու բան ունենք մենք, շատ կարևոր է, որ մենք որպես կողմ ընդառաջել ենք այդ համերաշխության կոչին, սակայն հակառակ կողմից համապատասխան մեկնող ձեռք չենք տեսել։ Այսօր էլ մենք շարունակում ենք մեր համերաշխ վիճակը, սակայն մենք թույլ չենք տա այլևս շարունակեն անազատության մեջ պահելու մեր երկու ընկերներին՝ խոսքը վերաբերում է Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին, և առավել ևս այս խեղկատակությունը՝ նկատի ունեմ թատրոն դատարանը, շարունակվի։ Սրա վերջը պետք է շուտ դրվի, հուսով եմ, որ պարոն Փաշինյանը սրա մասին կմտածի։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:

Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, և այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

2018-ին համաներման մասին օրենք ընդունվեց։ Օրենքում առանձին դրույթ սահմանվեց «Սասնա ծռեր» զինյալ խմբի գործի համար: Մասնավորապես՝ օրենքում վերապահում է արված, որ եթե պատանդառված և ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են համաներում կիրառելու դեմ, ապա համաներումն ամբաստանյալների վրա չի տարածվում, և գործի քննությունը շարունակվում է ընդհանուր կարգով։

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն օրերս դատական նիստերից մեկի ժամանակ առարկեց «Սասնա ծռերի» նկատմամբ համաներման կիրառմանը։ Օսիպյանը շեշտեց՝ եթե ընկերներ կորցրած չլիներ, գուցեև այս հարցում այլ դիրքորոշում ունենար:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG