Մատչելիության հղումներ

Սեֆիլյան․ Հայկական կողմը պետք է բացառի տարածքների վերադարձի կամ հանձնելու հարց քննարկելը


«Ազատություն»-ը հյուրընկալել է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին։ Ստորև՝ հարցազրույցից մի հատված.

Սեֆիլյան․ - Առաջին հերթին, ճիշտ պետք է լիներ, որ Մինսկի խումբը ստանձներ ճակատում խաղաղ պրոցեսի ապահովման համապատասխան մեխանիզմներ իրագործելու ուղղությամբ քայլեր կատարել: Իսկ բանակցությունները պետք է լիներ Ադրբեջան - Հայաստան երկկողմ հարաբերություններում, այլ ոչ Մինսկի [խմբի] հովանու ներքո։ Ճիշտ պիտի լիներ, որ երկկողմ հարաբերությունները մենք նախաձեռնեինք, և ինչ խոսվի, առաջին հերթին ես կասեի, որ ճակատում պետք է բացառել մարդկային զոհերը։ Սկսելու համար կարելի է այս թեմայից նաև սկսել, և եթե այս հարցում որևէ առաջընթաց չլինի, անիմաստ է խոսել ընդհանրապես բանակցությունների մասին։ Պիտի չսպասել Մինսկի խումբը ամիսներ շարունակ շրջի, կողմերի հետ հանդիպի, նախապատրաստի, հետո հանդիպում կազմակերպի։ Կարծում եմ, որ հայկական կողմը հանգիստ կարող է նախաձեռնող լինել՝ գիտակցելով, որ մենք հաղթանակած կողմ ենք եղել։ Երկկողմ հարաբերությունները, կարծում եմ, միայն ու միայն ի օգուտ մեզ են լինելու:

«Ազատություն»․ - Ենթադրենք, Ադրբեջանը համաձայնում է Լեռնային Ղարաբաղի ինչ-որ կարգավիճակի: Ինչ-որ բան էլ պիտի Երևանը առաջարկի, չէ՞:

Սեֆիլյան․ - Հայկական կողմը բանակցությունների սեղան նստելու պետք է պայման դնի՝ բացառվում է տարածքների վերադարձի հարց կամ հանձնելու հարց քննարկել։ Որովհետև այդ տարածքները պատկանում են հայերին: Դա ոչ միայն տարածք է, դա նաև հայրենիք է։ Ես կարծում եմ, որ ապագայում, երբ մեզ հաջողվի ազգային պետություն ստեղծել՝ միասնական Արցախ և Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը, Հայաստանից ներս օրենքով պետք է արգելել հայրենի որևէ տարածքի զիջման մասին քարոզչություն անելը:

«Ազատություն»․ - Դրա այլընտրանքը պատերազմը չէ՞:

Սեֆիլյան․ - Երբեք: Հակառակը, ես կարծում եմ, որ մենք ինչքան արժանապատիվ կեցվածք որդեգրենք, այնքան վտանգները կկանխենք դեպի մեր ժողովուրդը, դեպի մեր երկիրը:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք գնահատում Սիրիա հայ մասնագետների խմբի գործուղումը:

Սեֆիլյան․ - Խիստ բացասական: Մանավանդ, որ դա տեղի է ունենում երրորդ կողնի հովանու ներքո: Այս դեպքում ես նկատի ունեմ ռուսական կողմը։ Ռուսաստանի խնդիրները մենք այսօր գիտենք ինչպիսին է միջազգային հարթակում, համարյա իզգոյ վիճակում է գտնվում Ռուսաստանը: Եվ այս օրերին միջազգային հանրության կողմից մեկուսացված, աշխարհի կողմից մերժված պետության հովանու ներքո մասնակցել որևէ առաքելության՝ դա մենք անհեթեթություն ենք համարում և խիստ վնասակար: Առավել ևս՝ ռազմական առաքելության: Ինչքան էլ որ իշխանությունները ասեն, որ հումանիտար․․․ դա այդպես չի: Մեկնողները զինվորականներ են, և դժբախտաբար Պաշտպանության նախարարը հավանաբար վրիպեց և իրենց մտադրությունների ամբողջ փակագծերը նաև բացեց՝ ասելով, որ եթե պետք լինի, մենք նաև ռազմական գործողությունների կմասնակցենք:

«Ազատություն»․ - Դուք մտավախություն ունեք, որ այդ մասնագետները այնտեղ ռազմակա՞ն գործողությունների են մասնակցելու:

Սեֆիլյան․ - Առաջնահերթորեն այդ է: Մենք այն պետությունը, այն ազգը չենք, որ կարողանանք մեր մարդկային ռեսուրսը շռայլորեն օգտագործել: Իսկ ինչը ոչ քիչ կարևոր է՝ աշխարհաքաղաքական զարգացումներն են, որ մենք պիտի խելոք շարժվենք և վերջապես էս անգամ օգտվենք աշխարհաքաղաքական զարգացումներից:

«Ազատություն»․ - Ռուսական կողմի հետ համագործակցությանը չգնալու հետևանքները Ձեզ հայտնի չե՞ն: Ի՞նչ է լինում գերտերությանը ձեռնոց նետելը:

Սեֆիլյան․ - Ձեռնոց նետելու կարիք չկա: Ընդամենը մենք մեր արժանապատվության տեր պետք է կանգնենք, և Ռուսաստանի դեմ պատերազմ պետք չէ հայտարարենք: Մենք ռուս ժողովրդի նկատմամբ որևէ խնդիր չունենք: Մենք մեր շահերը պաշտպանել պիտի սովորենք վերջապես: Ես համոզված եմ, որ բոլոր հարցերում, եթե մենք որդեգրենք արժանապատիվ կեցվածք, ռուսական կողմը ուզի-չուզի համաձայնելու է։

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG