Մատչելիության հղումներ

Պուտինն առաջարկում է «օրենքով գողերի» համար սահմանել 8-15 տարվա ազատազրկում


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Ռուսաստանի իշխանությունները կարծես թե որոշել են հետևել պաշտոնական Մոսկվայի ոխերիմ թշնամու` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիներին կիրառված փորձին:

Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է երկրի Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, որով կազմակերպված հանցավոր խմբավորումներում բարձր դիրք զբաղեցնող անձինք միայն իրենց այդ դիրքի պատճառով կարող են դատապարտվել 8-ից 15 տարվա ազատազրկման: Խոսքն, այսպես կոչված, «օրենքով գողերի» մասին է: Բացի այդ, առաջարկվում է այդ անձանց խոշոր տուգանքների ենթարկել` մինչև 5 միլիոն ռուսական ռուբլի:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկած այս օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ տեղ է գտել Պետդումայի պաշտոնական տվյալների բազայում և, ըստ ամենայնի, մոտ ապագայում կընդգրկվի նաև խորհրդարանի օրակարգում:

«Հանցավոր միավորումների ղեկավարները համակարգում են օրինախախտ գործողությունները տարբեր խմբավորումների միջև, զբաղվում են հանցավոր խմբերի ազդեցության գոտիների և եկամուտների վերաբաշխմամբ, ղեկավարում են հանցավոր գործունեությունը», - նշում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները` հավելելով. - «Հանցավոր խմբավորումներում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ դրանց ղեկավարները որպես կանոն խուսափում են քրեական պատասխանատվությունից: Գործող օրենսդրությամբ նրանց հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն կոնկրետ իրավախախտում կատարելու դեպքում»:

Նախագծի հեղինակներն այժմ փորձում են լրացնել այդ բացը` քրեորեն պատժելի դարձնել հանցավոր գործունեությամբ զբաղվող կազմավորման ղեկավար հանդիսանալու փաստը ինքնին:

Կրեմլից Ռուսաստանի խորհրդարան ուղարկված օրենսդրական այս նախաձեռնությունը գրեթե նույնությամբ կրկնում է Վրաստանում 2005 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի լրացումները: Դրանցով «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը միայն հանցավոր միջավայրում զբաղեցրած բարձր դիրքի համար կարող էր դատապարտվել 5-ից 10 տարվա ազատազրկման: 2006 թվականին Վրաստանի խորհրդարանը խստացրեց Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ «օրենքով գողերի» ազատազրկման նվազագույն շեմը հասցնելով յոթ տարվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG