Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի դատարանը հրահանգել է գաղտնազերծել Միխաիլ Լեսինի մահվանը վերաբերող փաստաթղթերը


Միխաիլ Լեսին
Միխաիլ Լեսին

Ամերիկյան  դատարանը Վաշինգտոնի  գլխավոր դատաբժշկի գրասենյակին հրահանգել է մինչև փետրվարի 20-ը գաղտնազերծել Ռուսաստանի տեղեկատվության նախկին նախարար, երկար տարիներ ռուսաստանյան լրատվական դաշտի ոչ պաշտոնական համակարգողը համարվող Միխաիլ Լեսինի դիահերձմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը:

Կոլումբիայի դաշնային օկրուգի դատավոր Հիրամ Պուիգ-Լուգոն իր այս վճռով բավարարել է «Ազատություն» ռադիոկայանի դատական հայցը, որով լրատվամիջոցը պահանջում էր «Տեղեկատվության ազատության ապահովման օրենքի» շրջանակներում տրամադրել հանրային հետաքրքրություն ներկայացնող այս տեղեկատվությունը:

Միխաիլ Լեսինի մարմինը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Dupont Circle հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել էր 2015 թվականի նոյեմբերի 5-ին: Երբեմնի ազդեցիկ պաշտոնյայի մահվան մասին տեղեկությունների ի հայտ գալու արդեն հաջորդ օրը կասկածներ ի հայտ եկան, որ նրա մահը կարող էր բռնի բնույթ կրել: Ամերիկյան լրատվամիջոցները մասնավորաբար ենթադրում էին, թե Լեսինի մահը կարող էր սպանության արդյունք լինել, քանի որ նա, որոշ տեղեկությունների համաձայն, պատրաստվում էր Ռուսաստանի իշխանությունների գործողություններին վերաբերող տեղեկություններ տրամադրել ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին: Այն, որ Լեսինը իր մահվանը նախորդած շրջանում որոշակի շփումներ ունեցել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ, «Ազատության» հետ զրույցում հաստատել է նաև ամերիկյան դաշնային ուժային կառույցներից մեկը ներկայացնող անանուն աղբյուրը:

Ռուսաստանցի նախկին պաշտոնյայի սպանության վարկածն է՛լ ավելի հիմնավոր սկսեց թվալ այն բանից հետո, երբ 2016-ի մարտին ամերիկացի իրավապահները հրապարակեցին Լեսինի մարմնի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները` արձանագրելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մահացել է բութ գործիքով հասցված վնասվածքների հետևանքով: Դրա հետ մեկտեղ ամերիկացի դատաբժիշկներն իրենց առաջին զեկույցում չէին կարողացել հստակեցնել, թե հատկապես ինչ պայմաններում է վրա հասել Լեսինի մահը:

Դրանից ևս կես տարի անց` 2016-ի հոկտեմբերին, Վաշինգտոնի քաղաքային դատախազությունը և տեղական ոստիկանությունը հանդես եկան Միխաիլ Լեսինի մահվան վերաբերյալ վերջնական փորձագիտական եզրակացությամբ, որում արդեն բացառում էին սպանության վարկածը:

«Լեսինի մահը պատահականության արդյունք էր, որի պատճառ էին հանդիսացել պարանոցի, իրանի և ստորին վերջույթների շրջանում բութ գործիքով հասցված վնասվածքները», - նշել էին ամերիկացի իրավապահները` հավելելով, որ այդ բոլոր վնասվածքների պատճառ էին հանդիսացել ոչ թե հարվածները, այլ Լեսինի վայր ընկնելը: Եզրակացության հեղինակները նաև նշել էին, որ Լեսինի բազմիցս վայր ընկնելուն նպաստել էր նրա ծայրահեղ հարբածությունը, կամ ինչպես փաստաթղթում է նշված` «էթանոլային թունավորումը»:

Նշեմ սակայն, որ Լեսինին բավական լավ ճանաչող նախկին գործընկերները և գործին քաջածանոթ ամերիկացի լրագրողների մի զգալի մասը ներկայացված եզրակացության հանդեպ լուրջ վերապահումներ ունեին դեռ 2016 թվականին: Լեսինի նախկին գործընկերներից մի քանիսը, օրինակ, նշում էին, որ Ռուսաստանում աշխատանքի տարիներին մեծ կարողություն կուտակած նախկին պաշտոնյան շքեղ կյանքի սիրահար էր, և խիստ կասկածելի է թվում այն հանգամանքը, որ նա Վաշինգտոն այցելության ընթացքում ընտրել էր ոչնչով աչքի չընկնող Dupont Circle հյուրանոցը:

«Ազատության» Վաշինգտոնի գրասենյակի ավագ թղթակից Մայք Էքելի պնդմամբ՝ Լեսինի հյուրանոցի համարը մուտք գործած անձանցից մեկը նշել է, որ նա «ֆիզիկապես չէր կարող մահվան պահին միայնակ լինել»:

Ուշագրավ է նաև, որ մինչև Dupont Circle-ում իջևանելը Լեսինը մի քանի օր ապրել է Վաշինգտոնի անհամեմատ ավելի շքեղ համարվող մեկ այլ հյուրանոցում` Four Seasons-ում:

Մեր վաշինգտոնցի գործընկերներին հաջողվել է պարզել Լեսինի մահվանից ընդամենը 48 ժամ առաջ Four Seasons-ում նրա մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:

«Վաշինգտոնի ոստիկանության տվյալներով, 2015-ի նոյեմբերի 3-ին հյուրանոցի աշխատակիցները զանգահարել են [ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովող կառույց]`«Գաղտնի ծառայություն» և տեղեկացրել, որ Լեսինը ծայրահեղ անսթափ վիճակում է: Գաղտնի ծառայությունից հյուրանոցի աշխատակիցներին հրահանգել են Լեսինի համարի հարևանությամբ հերթապահություն սահմանել, որպեսզի նա չկարողանա լքել հյուրանոցը: Դրանից մեկ օր անց, սակայն, Լեսինը Four Seasons-ին վերջնահաշիվ է պահանջել և տեղափոխվել է Dupont Circle:

«Որևէ բացատրություն չկա, թե ինչու էին [հյուրանոցի աշխատակիցները] Լեսինի հարցով կապ հաստատել հենց «Գաղտնի ծառայության» հետ», - նշում է մեր ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակիցը:

Միխաիլ Լեսինը դեռ 90-ականներին ռուսաստանյան կառավարության ազդեցիկ պաշտոյաներից էր: Նա զբաղեցնում էր Ռուսաստանի տեղեկատվության և մամուլի նախարարի պաշտոնը և 2000 թվականին առանցքային դերակատարություն էր ունեցել գործարար Վլադիմիր Գուսինսկուն պատկանող НТВ հեռուստաընկերությունը իշխանությունների վերահսկողությանը ենթարկելու գործում:

Լեսինը, պետական պաշտոնյա լինելուց բացի, նաև հաջողակ գործարար էր: Նրան էր պատկանում Video International գործակալությունը, որը վերահսկում էր Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներում վաճառվող գովազդային ժամանակի մեծ մասը:

Լեսինը նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի իշխանությունների գլխավոր քարոզչական գործիք համարվող Russia Today հեռուստաալիքի հիմնադիրներից մեկն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG