Մատչելիության հղումներ

Ռուբինյան․ Սիրիա հայ մասնագետների խումբ գործուղելու որոշումը կնճիռներ չի առաջացնի հայ-ամերիկյան հարաբերություններում


Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության երեկվա հայտարարությանը, կարծիք հնչեցրեց, թե Միացյալ Նահանգները հասկանում է Սիրիա բժիշկների ու ականազերծողների խումբ գործուղելու պաշտոնական Երևանի որոշման դրդապատճառները:

«Ես կարծում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր քաղաքականության և մեր դրդապատճառների տրամաբանությունը: Սիրիա մասնագետների խումբ ուղարկելը մեզ համար շատ կարևոր է, որովհետև սա առաջին հերթին ուղղված է այնտեղ բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը ապահովելուն, երկրորդ հերթին՝ նաև Սիրիայում ապրող ժողովուրդների անվտանգությունը ապահովելուն: Այսինքն, սա աշխարհաքաղաքական կամ քաղաքական կամ ռազմական քայլ չէ և առաքելություն չէ, սա բացառապես մաքուր հումինատար քայլ է: Ես կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները ըմբռնումով կմոտենան դրան»:

Ռուբինյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի այդ որոշումը կնճիռներ չի առաջացնի հայ-ամերիկյան հարաբերություններում:

Փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող 83-հոգանոց խումբ է գործուղել Սիրիա: Միայն հինգ օր անց և այն էլ՝ հայաստանյան լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, ԱՄՆ պետաքարտուղարությունն արձագանքեց այդ գործուղմանը՝ նշելով, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այդ առաքելության նպատակով:

Ամերիկյան կողմի հայտարարությանը երեկ անդրադարձել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ ի գիտություն են ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը և որ «հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ»:

Այսօր «Ազատության» հետ զրուցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ուշադրություն հրավիրեց գրեթե մեկ շաբաթ անց արձագանքելու Վաշինգտոնի որոշման վրա․ - «Սա, իհարկե, հուշում է այն մասին, որ Հայաստանը պետք է Սիրիայում առաքելությունը իրականացնելով՝ շատ ինտենսիվ աշխատի Միացյալ Նահանգների հետ՝ բացատրելու այդ առաքելության անհրաժեշտությունը Հայաստանի համար, բացատրելու, որ դա տեղի չի ունենում ամենևին այն պատճառով, ինչպիսի տպավորություն կարող է լինել, որ պահանջել է Ռուսաստանը, և Հայաստանը չի կարողացել մերժել, այլ որ դա իսկապես անհրաժեշտ է Հայաստանին: Իսկ այն, որ Հայաստանին դա անհրաժեշտ է, և Հայաստանի համար իսկապես կարևոր քաղաքական նշանակություն ունի, բացի բարոյականից: Ես կարծում եմ այդպես է: Կարծում եմ նաև, որ Միացյալ Նահանգները միանգամայն հակված կլինի հասկանալ Հայաստանի անհրաժեշտությունները»:

Ըստ Բադալյանի, պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում բացակայում է Հայաստանի հասցեին ուղղակի քննադատությունը կամ դատապարտումը․ - «Եթե դիտարկենք Պետքարտուղարության հայտարարությունը, ապա այնտեղ մենք տեսնում ենք, որ Նահանգները չի պաշտպանում, սակայն չկա նաև անհանգստություն արտահայտող կամ դատապարտող, կամ էդ նախաձեռնությունը որպես հայ-ամերիկյան հարաբերության խնդիր ակնարկող որևէ ձևակերպում: Այստեղ ակնհայտ է, որ աշխատանքի դաշտը բաց է, և Հայաստանը պետք է աշխատի այդ իմաստով, և Հայաստանի արտգործնախարարության արձագանքը բավական համարժեք, հակիրճ և զուսպ արձագանք էր Միացյալ Նահանգների հայտարարությանը, նաև՝ համատեղ աշխատանքի հավաստիացում»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ 2015 թվականից ի վեր, երբ Ռուսաստանը ներգրավվեց Սիրիայում ռազմական գործողություններին, Կրեմլը ժամանակ առ ժամանակ փորձում էր իր կոալիցիան ստեղծել․ - «Եվ Հայաստանը անցած տարիներին, ըստ էության, փորձել է խուսանավել և չներգրավվել որևէ կողմում և չհայտնվել ջրբաժանի տարբեր կողմերում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձել է ուղղակի հստակ դարձնել, որ այն միջազգային հանրությունը երբևիցե չդիտարկի աջակցություն հակամարտության որևէ կողմին, կամ անգամ մասնակցություն որևէ այլ երկրի, կլինի դա Ռուսաստան, թե Միացյալ Նահանգներ, այդ երկու մրցակից սուբյեկտների պայքարի բաղկացուցիչ մաս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG