Մատչելիության հղումներ

Հայաստանում 2018-ին աշխատավայրերում տեղի է ունեցել 30 դժբախտ դեպք, որից 14-ը՝ մահվան ելքով


Հայաստան, շինհրապարակ, արխիվ
Հայաստան, շինհրապարակ, արխիվ

Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականին աշխատանքի վայրում տեղի է ունեցել 30 դժբախտ դեպք, որից 14-ը՝ մոտ 47 տոկոսը, մահվան ելքով:

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ դժբախտ դեպքերի հետևանքով մահացել են 14 աշխատողներ, 19-ը ստացել են ծանր, իսկ 5-ը՝ թեթև մարմնական վնասվածքներ:

Դժբախտ դեպքերից 10-ը՝ մոտ 33 տոկոսը, արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում: Զգալի թվով դժբախտ դեպքեր են գրանցվել նաև շինարարության, տրանսպորտի և կապի ոլորտներում:

«Դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով հարուցվել են վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթների արդյունքում արձանագրված՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները վերացնելու, աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքի պայմաններ ապահովելու նպատակով գործատուներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, իսկ արձանագրված վարչական իրավախախտումների համար՝ վերջիններս ենթարկվել են վարչական պատասխանատվության», - ասված է հաղորդագրությունում:

Տեսչական մարմինը գործատուներին հորդորում է աշխատողների համար ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ, և հիշեցնում, որ նման պայմաններ ապահովելու գործատուի պարտականությունը սահմանված է Աշխատանքային օրենսգրքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG