Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները այսօր Սոչիում կքննարկեն սիրիական ճգնաժամը


Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումներից, 2018թ․

Սիրիական ճգնաժամն են այսօր Սոչիում քննարկելու Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները: Օրակարգում երեք հիմնական հարց է՝ իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, իրավիճակը Իդլիբ նահանգում, որտեղ ուժեղ են «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման դիրքերը, և Սիրիայի Սահմանադրության հարցը՝ այստեղ էլ կողմերը չեն կարողանում սահմանադրական հանձնաժողովի անդամների ցուցակը համաձայնեցնել:

Սա այս ձևաչափով արդեն չորրորդ գագաթնաժողովն է լինելու:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը այսօր նաև երկկողմ հանդիպումներ է անցկացնելու իր թուրք և իրանցի գործընկերների հետ:

Փորձագետները համարում են, որ կողմերից յուրաքանչյուրն ունի սեփական տեսլականը, թե ինչպես կարգավորել իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ մեծամասամբ քրդեր են բնակվում:

Անկարան պնդում է, որ այդ շրջանում անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի, որը պետք է վերահսկեն ոչ սիրիական ուժերը: Ռեջեփ Էրդողանը վերջերս հայտարարել էր, թե Թուրքիան կարող է և ինքնուրույն վերահսկել այդ շրջանները:

Ռուսաստանը ցանկանում է, որ այդ շրջանները նույնպես անցնեն Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերի վերահսկողության տակ:

Իրանին էլ այսօր Սիրիայում ամենից շատ մտահոգում է իր աջակցությունը վայելող խմբերի և Իսրայելի միջև գրեթե ուղիղ ռազմական հակամարտությունը, և Թեհրանն այս հարցում ակնկալում է Մոսկվայի հստակ աջակցությունը:

Եռակողմ այս հանդիպման մասին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են իրենց վերջին հանդիպման ժամանակ՝ հունվարի 23-ին Մոսկվայում, հետո այն համաձայնեցել են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Գագաթնաժողովի նախօրեին Անկարա էր մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, և նրա բանակցությունների օրակարգի հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG