Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե նախկինում Հայաստանում պատահական մարդիկ ներդրումներ չեն արել: Փաշինյանը պատասխանում էր Սերգեյ Բագրատյանի («Բարգավաճ Հայաստան») հարցին, որը նաև առաջարկեց ներդրում անել գիտության մեջ՝ պատվիրելով կոնկրետ ծրագրեր։
«Էսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը կա՛մ ախպեր ա, կա՛մ ախպոր ախպեր ա, կա՛մ ախպոր ախպոր ախպեր ա․․․ Էսօր ի՞նի ենք անում․․․ Ներդրումներ ենք խրախուսում: Հարկային օրենսգիրք․․․ Մենք չենք ասում՝ եղբայր, մեր մոտ 36 տոկոս ա հարկը, բայց քանի որ դու մեր ախպերն ես և ախպոր ախպերն ես, դու կգաս, մենք կդասավորենք էլի, ամեն ինչ կըլնի: Մենք ասում ենք՝ բոլորի համար, անկախ նրանից քուր թե ախպեր ես, թե հորոխպոր տղա, բոլորի համար իջեցնում ենք, դարձնում ենք համահարթ 23 տոկոս: Մենք պարզեցնում ենք կարգավորումները՝ ասելու համար, որ պետք չի, որ դուք գնաք ախպոր ախպոր ախպոր ախպոր հետ մեր ախպեր վարչապետի մոտ, ասեք՝ ախպեր, դե էկել ենք, ի՞նչ ենք անելու: Օրենքում ոնց գրած ա՝ ապահովում ենք կոռուպցիայից զերծ հանրություն: Մի հատ էլ ստեղծում ենք ներդրումային հիմնադրամ, որը բոլորի ախպերն ա հավասարաբար: Կգնաք էդ գրասենյակ, ընտեղ մի հատ ախպեր նստած կըլնի, ախպերական սաղ հարցերը կլուծի բոլորի հետ հավասար», - ասաց վարչապետը:
«Իմ քայլից» Սոֆյա Հովսեփյանն ասաց, թե քաղաքացիները հետաքրքրվում են՝ կառավարությունը չի՞ ցանկանում նախկին իշխանության օրոք ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերված ռեսուրսները պետականացնել, դարձնել պետական բաժնետիրական ընկերություն, ստացված եկամուտներն էլ ծախսել բանակի վրա:
Փաշինյանի արձագանքը․ - «Պրոցեսը էսօր արդեն տեղի ա ունենում, և մենք բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ ենք գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները վերադարձվեն և ծառայեցվեն էդ նպատակներին: Որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել մեր բյուջեի մուտքերում, որովհետև ինչ-ինչ նկատառումներով դրանք կարող են օգտագործվել այլ եղանակներով: Այսինքն, ոչ թե ուղղակի մուտք արվի բյուջե, այլ, ենթադրենք, ինչ-որ տեղից գնում պետք ա իրականացվի բանակի կարիքների համար, կարող ա էդ փոխանցումը ուղիղ գնալ էնտեղ»:
Կոռուպցիոներներին հայտնաբերելու այսօրվա տեմպերը, սակայն, Փաշինյանին չեն բավարարում․ - «Կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները՝ և՛ Ազգային անվտանգության ծառայությունը, և՛ Ոստիկանությունը այդ թեմայով պետք է առավել ակտիվ աշխատի և առավել մեծ արդյունքներ ցույց տա»:
«Այս տարի գազի գինը չի բարձրանա, իսկ ընթացող բանակցությունները վերաբերում են Հայաստանի շահերի պաշտպանությանը», - պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տարեվերջին ռուսական գազը սահմանին թանկացավ՝ 1000 խմ-ը 150-ի դոլարից դարձավ 165: Չնայած հայաստանցիների համար սակագինը նույնը մնաց, բայց Կառավարությունից հայտարարեցին՝ ռուսական կողմի հետ սականգնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։
Արման Բաբաջանյան․ - «Եթե այս բանակցությունների արդյունքում չգտնվեն այդ ծախսերի կրճատման հնարավոր ուղիները, կստացվի, որ արդեն ներքին պարտք է կուտակվում: Արդյո՞ք մենք ունենք մոտավորապես պատկերացում, թե ինչպես ենք այդ պարտքը մարելու, ի՞նչ գույքով․․․»
Վարչապետի պատասխանը․ - «Մենք ասել ենք, որ 2019 թվականին չի բարձրանա գազի գինը, և բանակցությունները վերաբերվում ա մեր շահերի պաշտպանությանը: Ինչ վերաբերվում ա ներքին պարտքի կուտակմանը, Դուք արդեն եզրակացություններ եք արել, Ձեր խոսքի մեջ ակնարկ կա էն «ՀայՌուսգազարդի» հայտնի պայմանագրի սխեմաներին և այլն, էդպիսի բան չկա և չի լինելու: Համենայն դեպս, էս պահին մենք 2019 թվականի հետ կապված որևէ էդպիսի սխեմա չի աշխատում, և մենք ընդհակառակը՝ խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և էդ համակարգի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ»:
Մի քանի թիվ: Փաշինյանը ասաց, որ հեղափոխությունից հետո 30 հազար աշխատատեղ ստվերից տեղափոխվել է օրինական դաշտ: Հույս ունեն, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով համատարած 23 տոկոս եկամտահարկի կիրառումից հետո էլ գործընթացը կշարունակվի։
Վարչապետի խոսքով, այս պահին Կառավարության կողմից գերակա համարված ոլորտներում ավելի քան 440 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացվում:
Ընդդիմությունն այս օրերին բողոքում է, թե կառավարության 5-ամյա ծրագրում թվերն են քիչ, կա որոշակիության պակաս: «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարցրեց, թե ինչու չափելի ցուցանիշներ չեն ներառել ծրագրում:
Փաշինյանի պատասխանը․ - «Հիմա, ասենք, եթե ասել ենք ծայրահեղ աղքատություն պետք ա չլինի, և, ասենք, մեր գործունեության արդյունքում պարզվի, որ 0,5 տոկոս ծայրահեղ աղքատություն դեռ այնուամենայնիվ մնացել ա: Ասելու եք՝ վատ ա, շատ վատ ա, որ 95 տոկոսով ծայրահեղ աղքատությունը կրճատվել ա և մենք դա խիստ բացասական ենք գնահատում: Դուք անընդհատ էդ հարցն եք տալիս, ինձ էլ հետաքրքիր ա դո՞ւք ինչ եք անելու: Անկեղծ ասած, ձեր խմբակցությունից որոշ հարցեր և ելույթներ լսելիս էն առյուծի անեկդոտն եմ հիշում․ ասում ա՝ որ անապատում առյուծը հետևիցդ ընկած ըլի, ի՞նչ կանես: Ասում ա՝ ծառը կբարձրանամ: Հետո ասում ա՝ չէ, ծառ չկա: Ասում ա՝ դե սարը կբարձրանամ: Ասում ա՝ չէ, սար չկա: Ասում ա՝ չհասկացա դու ի՞մ կողմից ես, թե՞ առյուծի: Հիմի ձեր ուզածը ինչ ա՝ որ էդ փոփոխությունը ըլնի՞, թե՞ էդ փոփոխությունը չըլնի: Անընդհատ ձեր հարցերը կոնտեքստը էնպիսին եմ զգում, որ դուք ոչ թե վախում եք նրանից, որ էդ ծրագիրը չի իրականանա, այլ վախում եք նրանից, որ ծրագիրը կիրականանա․․․ Եթե դրանից եք վախում, ճիշտ եք անում»:
Արկադի Խաչատրյանն արձագանքեց․ - «Վստահ եղեք, որ շատ ենք ուզում, որ այն իրականացվի: Չափելիությունը զուտ նրա համար ա, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվելու իրենց կենսամակարդակը»:
Ի դեպ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ասաց, որ Կառավարությունը պատրաստ է քննարկել խմբակցությունների գրավոր առաջարկները․ - «Կառավարությունը պատրաստ է քննարկել բոլոր ֆրակցիաների բոլոր գրավոր առաջարկները, և խնդրանք կա էդ առաջարկները ձևակերպել և հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»:
Մեծությամբ երկրորդ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էր ասել՝ եթե կառավարության ծրագիրը չփոխվի, կողմ քվեարկել չեն կարող, այն տնտեսական հեղափոխության ծրագիր չէ: