Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ազատ արձակվեց Ժողճակատի առաջատար անդամը


Ադրբեջան - Մամեդ Իբրահիմը ազատ արձակվելուց հետո, Բաքու, 13-ը փետրվարի, 2019թ․
Ադրբեջան - Մամեդ Իբրահիմը ազատ արձակվելուց հետո, Բաքու, 13-ը փետրվարի, 2019թ․

Ադրբեջանցի քաղբանտարկյալների թիվը չորեքշաբթի օրը` փետրվարի 13-ին կրճատվեց ևս մեկով: Բաքվի վերաքննիչ դատարանի որոշմամբ բանտից ազատ արձակվեց երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկի` Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի խորհրդական Մամեդ Իբրահիմը:

Ընդդիմադիր ակտիվիստը ձերբակալվել էր 2015 թվականի աշնանը խուլիգանության մեղադրանքով` դատապարտվելով երեք տարվա ազատազրկման: Ադրբեջանցի իրավապաշտպանները և նրանց արևմտյան գործընկերները Իբրահիմի դեմ կայացված վճիռը քաղաքական պատվեր էին անվանում` Ժողճակատի առաջատար անդամներից մեկին դասելով քաղբանտարկյալների թվին:

Իբրահիմը առաջին ադրբեջանցի քաղաքական կալանավորն էր, որի դեմ կիրառվեց շինծու մեղադրանքի հիման վրա պատժաչափի արհեստական երկարաձգման մարտավարությունը: 2018-ի նոյեմբերին` Իբրահիմի պատժաչափի ավարտից ընդամենը 48 ժամ առաջ, նրա դեմ նոր քրեական գործ հարուցվեց` բանտախցում դանակ պահելու մեղադրանքով: Չնայած Իբրահիմի և նրա փաստաբանների պնդումներին, որ դանակը բանտախուց են բերել հենց կալանավայրի աշխատակիցները, դատարանը ընդդիմադիր գործչին մեղավոր ճանաչեց` դատապարտելով ևս կես տարվա ազատազրկման:

Հիշեցնենք՝ ադրբեջանական իշխանությունները արդեն բանտում գտնվող քաղաքական ակտիվիստի դեմ նոր գործ հարուցելու մարտավարությունը փորձեցին կիրառել նաև ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ: Սկզբում նրա դեմ քրեական գործ հարուցվեց կալանավայրի աշխատակցին իբր ծեծի ենթարկելու մեղադրանքով, ինչից հետո Հուսեյնովը անժամկետ հացադուլ հայտարարեց` շարունակելով այն մի քանի շաբաթ: Միայն ակտիվիստի այդ հուսահատ քայլից և դրան հաջորդած հանրային աղմուկից հետո ադրբեջանական դատախազությունը ստիպված եղավ կարճել Հուսեյնովի դեմ հարուցված քրեական գործը, և նա, եթե նոր անակնկալներ չլինեն, արդեն հաջորդ ամիս կլքի կալանավայրը:

Ժողճակատի անդամ Մամեդ Իբրահիմի դեպքում ևս ադրբեջանական իշխանությունները ստիպված էին թեև աննշան, բայց զիջման գնալ: Չորեքշաբթի օրը Բաքվի վերաքննիչ դատարանը ընդդիմադիր գործչի երկրորդ դատավճռով սահմանված պատժաչափը կրճատեց մոտ մեկ ամսով` ազատ արձակելով նրան հենց դատական նիստերի դահլիճից:

Մամեդ Իբրահիմի փաստաբանները, սակայն, դատարանի այդ վճիռը թերի են համարում և խոստանում են պայքարել իրենց պաշտպանյալի լիակատար արդարացման համար:

Ինքը ընդդիմադիր գործիչը կալանավայրը լքելուց հետո լրագրողներին ասաց, որ քաղաքական գործունեությունը դադարեցնելու մտադրություն չունի:

«Շարունակելու եմ քաղաքական իմ պայքարն Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կազմում: Պատրաստվում եմ շատ ավելի կոշտ քննադատության ենթարկել իշխանություններին: Բացի այդ, պետք է լուրջ ջանքեր գործադրենք երկրում առկա բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար: Կարող եմ միայն ասել, որ իմ քաղաքական պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ժողովրդավարական կարգեր չեն հաստատվել», - նշում էր Իբրահիմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG