Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Կարեն Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ։
Կողմերը քննարկել են Հայաստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայ խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացումն անդամ երկրների կողմից: Համաձայնագրի շրջանակում պատգամավորները կարևորել են ԵՄ մուտքի վիզաների հեշտացման գործընթացում առաջընթացը:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՀՀ ինտեգրացիոն ուղղություններին, անցումային արդարադատությանը, Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին և մի շարք այլ հարցերի: